Կարծում է արցախյան պատերազմի կամավորական մասնակից, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների անդամ Արմեն Եղյանը:
– Հայ-թուրքական մերձեցումներ, ԼՂՀ հարց, Երեւանի ավագանու ընտրություններ՝ մի տեսակ թնջուկ է ստեղծվել. ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում:
– Թուրքիան ու թրքությունն ընդհանրապես իր ապագան պատկերացրել եւ պատկերացնում է հայության իսպառ վերացման, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նրա ծայրահեղ թուլացման եւ հենց իր լիակատար ենթակայության պայմաններում: Ցեղասպանությունից հետո եւ նորանկախ մեր պետության շուրջ երկտասնամյա գոյության ընթացքում, ցավոք, հայությունը դեռեւս չի կարողացել թուրքական գործոնի նկատմամբ ձեւակերպել իր համընդհանրական, համապարփակ պահանջն ու ռազմավարությունը: Այս եւ այլ համազգային կենսական խնդիրների լավագույն լուծողը պետք է հանդիսանա հայոց պետությունը, իսկ այն, որպես այդպիսին, այսօր գտնվում է շատ անմխիթար վիճակում: Երկրում բացակայում է սահմանադրական կարգը, իշխանությունը զավթված է ապազգային, անգաղափար, անբարոյական ու ավտորիտար ռեժիմի կողմից, որը գործնականում բնավ մտահոգ չէ հայ ազգի առջեւ կանգնած մարտահրավերներով: Այս ռեժիմի բնույթը բնորոշող մի օրինակ. ՀՀ անվտանգության հայեցակարգը եւ ռազմական դոկտրինը ենթարկվում են օտարերկրյա «փորձաքննությունների»: Պետության նման դրսեւորման պայմաններում ակնկալել, որ օրվա իշխանությունները կարող են հայ-թուրքական հարաբերություններում, այս նորօրյա պատերազմում եւ այլ մարտահրավերներում որեւէ ազգանպաստ արդյունքներ գրանցել, հնարավոր չէ: Արդեն առկա են մեր պարտությունները թուրքական նախապայմանների ընդունման ձեւով. պատմական հարցերի համատեղ հանձնաժողովի ստեղծման համաձայնություն, որպես հետեւանք՝ ցեղասպանության հարցի վարկաբեկում ու խոչընդոտում նրա միջազգային ընդունման զարգացումներին, իսկ Արցախի հարցում, որպես առաջնային քայլ, ԼՂՀ կողմից վերահսկվող ազատագրված տարածքների (նախկին ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջաններից առնվազն 6-ի) միակողմանի հանձնում: Սրանք ոչ թե դիվանագիտական ձախողումներ են, այլ ազգային անվտանգության բացահայտ վտանգման ու դավաճանության դրսեւորումներ: Պետականության կայացման ու ամրապնդման առումով չափազանց կարեւորված է Երեւանի իշխանության առաջիկա ընտրությունը: Ժողովրդի մեծամասնությունը-ընդդիմությունը, հանձինս ՀԱԿ դաշինքի, ունի բացարձակ հնարավորություններ վերցնելու իրեն պատկանող իշխանությունը եւ ապագա համապետական ընտրություններում հաստատելու իր ազատ կամքը: Ժողովուրդը ինչպես անցյալ նախագահական ընտրություններում, այնպես էլ հիմա պատրաստակամ է այդ հարցը լուծելու: Խնդիրը տեսնում եմ միայն նրան լավ կազմակերպելու եւ հաստատակամ առաջնորդելու մեջ: Բոլոր նախադրյալները կան երկրում հաստատելու սահմանադրական կարգը: Հակառակ պարագայում՝ պարտության պատասխանատվությունը, կարծում եմ, առաջին հերթին ընկնելու է ընդդիմության միակ եւ լիակատար առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա:
– Դուք նախկին դաշնակցական եք, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՅԴ վերջին որոշումներին եւ կրկին որդեգրած անհասկանալի կեցվածքին. ի՞նչ կտա դա մեր երկրին:
– Այժմ, չլինելով ՀՅԴ կուսակցական շարքերում, շարունակում եմ ինձ համարել այն գաղափարախոսության կրողը, որի երկու առանցքներն են պահանջատիրությունը եւ սոցիալական արդարությունը: Առանձնահատուկ շեշտում եմ, որ ազգային պետության ստեղծման, հայության նպատակների ու իդեալների լուծման ճանապարհին առաջնային ու կարեւորված է (հենց նաեւ Հայ Դատի լուծման խնդրում) Հայաստանում սոցիալական արդարության հաստատման, ազգային բովանդակությամբ, ամուր կարգապահությամբ ու օրինականությամբ պետության կերտումը: Ցավոք, ՀՅԴ-ն, սկսած 1998թ.-ից առ այսօր, տեր չի կանգնում ոչ միայն իր ծրագրային դրույթներին, այլեւ այն մեծ պատասխանատվությանը, որը հայ ժողովուրդը որոշակիորեն ակնկալել է նրանից: Այս ընթացքում նրա բոլոր քայլերը քաղաքական դաշտում, իշխանության շրջանակներում կապ չունեն մեր ազգային շահերի հետ: Կուսակցությունը ապրում է իր կենսագրության ամենատխուր շրջանը: Իրեն վարկաբեկող բազմաթիվ օրինակներից չգիտեմ որը նշել. Արցախի հարցում` վերոնշյալ ազատագրված տարածքների խնդրում, ՀՅԴ-ն չունի ժողովների բանաձեւումների, փաստաթղթային հստակ ձեւակերպված այլ պահանջներ: Ջավախքի հարցում, անտեսելով իր ծրագրային պահանջը, խոսում է ինչ-որ անորոշ ինքնավարության մասին: Վերջին տասը տարում իշխանություն լինելով` նա չկարողացավ կադրային քաղաքականության այս գորշության մեջ թեկուզ մեկ օրինակելի պաշտոնյա ունենալ: Նա ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ինչպես հայ-թուրքական այս ձախողված հարաբերությունների, այնպես էլ երկրում առկա բազմաթիվ բացասական իրողությունների համար:
– Վերջին օրերին ԼՂՀ-ում ըմբոստացումներ եղան՝ ուղղված Հայաստանի իշխանությունների դեմ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ այդ միջակայքում ԼՂՀ հարցի լուծման վերաբերյալ. չե՞ք կարծում, որ դա ԼՂՀ-ից եկող հենց այն ազդակն է, որի մասին ժամանակին ասում էր առաջին նախագահը:
– Լավատես չեմ, որ Արցախում այս ըմբոստացումները բավարար լուրջ են, խորքային ու ինքնաբուխ: Որպես մեր երկրի նույն համակարգում ու մթնոլորտում գոյություն ունեցող մի վարչական տարածք, Արցախում նույն անկատար եւ անառողջ իրավիճակն է տիրում: Ցավոք, ԼՂՀ-ն այսօր բավարար չի դրսեւորում հայության համար շատ պահանջված այն առողջ ներուժը, որն ի վիճակի է ինքնուրույնաբար դրական ու ազդեցիկ ներգործություն ունենալ ՀՀ իշխանությունների վրա (թեկուզ Արցախի հետ կապված)՝ համազգային խնդիրներ լուծելու առումով: Վերջերս Արցախի Ազգային ժողովում կարծիք հնչեց, որ իրենք հայ-թուրքական հարաբերություններում, եթե դա Արցախի խնդրին չի առնչվում, իրավունք չունեն խառնվելու: Ցավալի է, որ իրենք հայ-թուրքական հարցերում կարծիք չպետք է ունենան: