Շուշիի ազատագրման եւ Երկրապահի տոնի առիթով երեկ իր զինակիցներին «Առավոտի» միջոցով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց «Մարտի 1»-ի գործի շրջանակներում 5 տարվա ազատազրկման դատապարտված երկրապահ Մուշեղ Սաղաթելյանը:
«Շնորհավորում եմ բոլոր այն հայ տղամարդկանց, որոնք մասնակցել են Ղարաբաղի ազատագրական պատերազմին եւ ապահովել մեր հաղթանակը: Այն, ինչ մենք արել ենք, արել ենք ինքնաբուխ, կամավոր կերպով, հավաքվել ենք մեզ հայրենասեր համարող տղաներով, հող ենք ազատագրել, պատերազմ ենք հաղթել: Բայց, ցավոք, հիմա նեղություն ու պատերազմ հաղթած մարդիկ հայտնվել են բանտերում, եւ չգիտես՝ ինչի՞, գործած ո՞ր մեղքի համար»: Նրա ասելով, 1990-ական թվականներին իրենք՝ երկրապահները, այդ հայրենասեր, ազնիվ, ուժեղ տղաները նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, որ այսօր կարող են այդքան իրարից հեռացած լինել կամ տարբեր կերպ մտածել երկրի ու պետության ապագայի մասին: «Ցավում եմ, որ այսօր մեր երկրապահ տղաներից քչերն են մտածում իսկական արժեք ունեցող բաների՝ ազնվության, ազատության մասին: Բայց մեկ է՝ ես կոչ եմ անում բոլորին՝ հիշել իրենց պատերազմի տարիներին եւ փորձել մնալ նույնքան ազնիվ ու հայրենասեր, որ նրանցից ամեն մեկը չմտածի ժամանակավոր բարիքներից օգտվելու ու էլ չգիտեմ՝ ինչերի մասին: Երկրապահներին անհրաժեշտ է միավորվել ու միաբան լինել: Ճիշտը դա է, որովհետեւ միայն այդպես մենք կարող ենք օգտակար լինել մեր ազգին»,- թերեւս իշխանությանը հարող երկրապահներին նկատի ունենալով՝ ասաց Մ. Սաղաթելյանը:
Նա համաձայն էր իր զինակից Մյասնիկ Մալխասյանի նախորդ օրվա կոչին՝ երկրապահներին մի տանիքի տակ վերամիավորելու մասին: «Ես էլ եմ շատ վաղուց դրա մասին ասել: Բայց այսօր ամեն ինչ մի քիչ այլ է: Ընտրությունների չար ներգործությունն արդեն ամեն տեղ է մտել: Երկրապահի միաբանությունն էլ է հիմա դրանով պայմանավորված: Եթե երկրապահները պիտի միավորվեն, ապա այնտեղ պիտի մաքրություն լինի, ու մեր միաբանությունն էլ կլինի այն ժամանակ, երբ մեր երկրում անցկացվեն ազնիվ ու արդար ընտրություններ, երբ դա երկրապահը սկսի հենց իրենից»: Մ. Սաղաթելյանը նաեւ ափսոսանք հայտնեց, որ այսօր արցախյան ազատամարտի մասնակիցների զգալի մասը ապրում է սոցիալապես անապահով պայմաններում. «Բայց նյութականը՝ ոչինչ, ավելի ցավալին այն է, որ հիմա երկրապահին բարոյապես են ոչնչացնում, իսկ այդպես հայրենասեր սերունդ չես դաստիարակի»: