Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է պայթեցրել նռնակը

Մայիս 09,2009 00:00

Քննչական մարմնի ղեկավարը փորձում էր ապացուցել, որ մարտի 1-ին Համլետ Թադեւոսյանը զոհվել է ոչ թե իր, այլ ուրիշի նետած նռնակից:

Մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբը մարտի 1-ին սպանված ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող իր եզրակացությունն էր ուղարկել խորհրդարանական հանձնաժողովին: Փաստահավաք խմբի եզրակացության մեջ նշված է, որ Համլետ Թադեւոսյանի մահվան շատ հանգամանքները ուսումնասիրելիս նախաքննական մարմինը չի պարզել իրականությունը: Ըստ փաստահավաք խմբի եզրակացության, Համլետ Թադեւոսյանը իրականում մահացել է իր մոտ եղած նռնակի պայթյունից: Հատուկ քննչական խմբի ղեկավարը երեկ փորձում էր ապացուցել, որ Համլետ Թադեւոսյանը զոհվել է «ցուցարարների կողմից» նետված նռնակից: Հատուկ քննչական խմբի ղեկավարը ընդունում է, որ լավ չեն աշխատել. «Իհարկե, եղել են նախաքննության թերություններ, սակայն դրանք չեն ազդել գործի անաչառ քննությանը: Միանշանակ պնդում եմ, որ այդ բացթողումները չեն կարող էական նշանակություն ունենալ ռադիկալ հանգամանքների պարզաբանման, տվյալ դեպքում՝ Համլետ Թադեւոսյանի մահվան կամ մյուս անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ»,- ասաց Վահագն Հարությունյանը:

Հանձնաժողովի անդամ, ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը ուզեց իմանալ՝ հայտնի՞ է, թե ինչ նռնակից է զոհվել Համլետ Թադեւոսյանը, ո՞վ է եղել նետողը, ի՞նչ հեռավորությունից է նետվել, մարմնի ո՞ր մասում է եղել հարվածի գլխավոր օջախը, կրե՞լ է արդյոք Համլետ Թադեւոսյանը զրահաբաճկոն: Ի պատասխան, նախաքննական մարմնի ղեկավարը նշեց, որ «զրահաբաճկոն Համլետ Թադեւոսյանի հագին եղել է»: Իսկ այն անձը, որը նետել է այդ նռնակը կամ պայթուցիկ նյութը, «չի հայտնաբերվել»: Հայտնի չէ նաեւ նռնակի տեսակը:

Հանձնաժողովի նախագահը նաեւ հարցրեց՝ եթե նռնակը պայթեր Համլետ Թադեւոսյանի ձեռքին, վնասվածքներն ինչպիսի՞ն կլինեին: Քննչական խմբի փորձագետը բացատրեց, որ այդ դեպքում նռնակը կկտրեր Թադեւոսյանի ձեռքը: Պարոն Նիկոյանը հարցրեց նաեւ, թե ինչու Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնի փորձաքննությունը չի կատարվել անմիջապես: Վահագն Հարությունյանի պատասխանը ուղղակի շատ կոպիտ էր. «Չի արվել, լավ չի արվել, որ չի արվել»: Երեւի զգալով իր այդպես պատասխանելու սխալը՝ պարոն Հարությունյանը փորձեց շտկել իրավիճակը. «Զրահաբաճկոնը փաստացի մնացել էր Կենտրոնի քննչական բաժնի իրեղեն ապացույցների սենյակում, որն արդեն այդ հանգամանքի ի հայտ գալուց հետո նշանակվել էր նաեւ ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչու դա ժամանակին չի ուղարկվել: Չնայած դրան, ուղարկելուց հետո զրահաբաճկոնը ենթարկվել է փորձաքննության՝ ե՛ւ պայթյունատեխնիկական, ե՛ւ դատակենսաբանական փորձաքննության՝ այդ արյան հետքերի պատկանելությունը պարզելու համար»: Նրա ասելով՝ բաճկոնի վրայի արյան խումբը համընկել է Համլետ Թադեւոսյանի արյան խմբին: Ի դեպ, փաստահավաք խումբը պահանջել է անցկացնել գենետիկ փորձաքննություն, որը նախաքննության մարմինը, ինչպես երեկ հավաստիացրեց խմբի ղեկավարը, պատրաստ է նշանակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել