Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԱՂԹԵԼ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ

Մայիս 09,2009 00:00

\"\"Ասում է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը

Երեկ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Դավիթաշեն համայնքում էր: Կոնգրեսի երեկվա հանդիպումը ընտրողների հետ էապես տարբերվում էր նախորդ՝ Արաբկիրում, Նորք-Մարաշում եւ Աջափնյակում տեղի ունեցած հանդիպումներից: Իսկ պատճառն այն էր, որ երեկ Շուշիի ազատագրման օրն ու Երկրապահի տոնն էր, որն էլ ստիպեց ՀԱԿ-ի բանախոսներին ավելի շատ խոսել հենց այդ տոնի համատեքստում: Նախ, հանրահավաքը վարող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ազդարարելով միջոցառման մեկնարկը՝ հավաքվածներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել «համազգային շարժման բոլոր նահատակների հիշատակը», ապա՝ ողջունել «այն նախագահին, որի պաշտոնավարման օրոք ազատագրվել է Շուշին, եւ մենք կերտել ենք ղարաբաղյան հաղթանակը»: Դավիթաշենցիները «Լեւոն» վանկարկումներով ողջունեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Հազար փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր նահատակվել են ղարաբաղյան պատերազմում՝ վասն Հայաստանի անկախության, Արցախի ազատագրության: Հազար փառք ու պատիվ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, բոլոր այն տղաներին, ովքեր մեր համազգային շարժման շարքերում են եւ հանուն մեր ժողովրդի ազատության այսօր գտնվում են ազատազրկման վայրերում»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Ապա ելույթ ունեցավ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ 15 տարի առաջ այդ օրը Բիշքեկում ստորագրվել է մի փաստաթուղթ, որը, որպես այդպիսին, փաստորեն, վերջին այն միջազգային պատմական փաստաթուղթն էր, որի տակ Ղարաբաղը՝ որպես բանակցային կողմ, որպես ինքնուրույն սուբյեկտ հպարտությամբ ու արժանապատվորեն ստորագրեց: «Այդ փաստաթղթի տակ ղարաբաղցիների ստորագրությունը այն ուժի ազդեցությունն էր, որը կոչվում էր հայոց ազատամարտիկներ, այն զոհաբերության արգասիքն էր, որը կոչվում էր հայ ժողովուրդ, Հայաստան, նաեւ այն քաղաքական ուժերի, որի ղեկավարն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Ա. Մանուկյանը փաստեց, որ դրանից 15 տարի անց՝ այսօր, «մի քանի ղարաբաղցի այդ փաստաթուղթը ոչնչացրին եւ հիմա ուզում են ոչնչացնել սուբյեկտը՝ Ղարաբաղը: Մենք՝ այստեղ կանգնածներս ու չկանգնածներս, պարտք ունենք զոհվածների ու նրանց երեխաների, պատերազմում հաշմանդամ դարձած մարդկանց առաջ: Մենք չենք կարող հրապարակները լքել, մեր պայքարը դադարեցնել, քանի դեռ մարդիկ, որոնք Հայաստանում են, պայքարում են Ղարաբաղի ինքնուրույնության դեմ, պայքարում են Հայաստանի անկախության դեմ»: Նա ասաց, թե առաջիկա ընտրությունները միայն քաղաքապետի ընտրություն չէ, որ դա սկիզբ է շատ ավելի մեծ բանի ու շարունակությունը մարտի 1-ի զոհերի հիշատակի. «Մենք վրեժ ենք լուծելու: Մենք չենք թողնելու, որ այն հանցագործները, ովքեր կազմակերպեցին մարտի 1-ի ջարդը, թալանը, մարդկանց ստորացումը, բանտեր լցնելը, մարսեն այդ ամենը: Չհաղթել մենք չենք կարող, որովհետեւ մեր ազնվագույն տղերքը այսօր բանտերում են, ու ամոթ նրան, ով պայքարի կեսից հետ կանգնեց»:

Դավիթաշենում ՀԱԿ-ի հանդիպումը եզրափակեց ՀՀ առաջին նախագահը: Նա էլ խոսեց այդ օրվա տոնի ու խորհրդի համատեքստում: «Այս հանդիպումը, որ պետք է սովորական հանդիպում լիներ, վերածվել է մի մեծ ոգեւորության, որը ես պատճառաբանում եմ նախ՝ նրանով, որ քանի մոտենում են ընտրությունները, ժողովուրդը ավելի լավ է հասկանում դրա կարեւորությունը, եւ երկրորդ՝ այսօրվա մեծագույն խորհրդով: Պետք է նշեմ, որ ղարաբաղյան շարժումից անցել է արդեն 20 տարի, բայց երկրապահի խորհուրդը դեռ հավուր պատշաճի չի գնահատվել: Երկրապահական շարժումն իր ակունքներով բխում է ֆիդայական շարժումից՝ դեռեւս 19-րդ դարի վերջից սկսված Արեւմտյան Հայաստանում: Բայց դա չմնաց ֆիդայական շարժման շրջանակներում: Դժբախտաբար, ֆիդայական շարժումը երբեք չվերածվեց բանակի, երբեք չվերածվեց համաժողովրդական ապստամբության: Ի տարբերություն ֆիդայական շարժման, երկրորդ ֆիդայական շարժումը, որը երկրապահն էր, վերածվեց փառապանծ բանակի, որը հսկայական հաղթանակներ տարավ ամենադժվարին պայմաններում:

Երկրապահը դարձավ մեր այսօրվա հզոր բանակի (ես չեմ ուրանում, այսօր էլ մեր բանակը հզոր է) հիմնական աղբյուրը: Նրան գումարվեցին խորհրդային բանակի պրոֆեսիոնալ հրամանատարները, որոնք Հայաստան տեղափոխվեցին: 900 բարձրաստիճան հրամանատար Հայաստան տեղափոխվեց իմ եւ Բորիս Ելցինի կնքած համաձայնագրի հիման վրա:

Իհարկե, երկրապահի ոգին երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանն էր, եւ պատահական չէ, որ նա դարձավ հայոց փառապանծ բանակի հիմնադիրը: Ինձ համար երկրապահը հավաքական հասկացություն է: Դա երկրապահների միությունը չէ, նրանք բոլոր ազատամարտիկներն են՝ անկախ կուսակցական կամ միութենական պատկանելությունից: Ինձ համար ազատամարտիկի կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի: Ինձ համար դաշնակցական, աիմական, հանրապետական ազատամարտիկը նույնն է՝ ինչ որ հհշական ազատամարտիկը: Նրանք քաղաքականությունից դուրս են եւ միշտ էլ դուրս են եղել: Նրանք երկիր են պահել, սահմաններ են պահել, ազատագրել են Արցախը: Հետագայում էր, որ ինչ-ինչ ուժեր, իրենց ներքին նեղմիտ շահերից ելնելով, փորձեցին քաղաքականացնել այդ ազատամարտիկներին, շահարկել նրանց հեղինակությունը: Մի մասը տուրք տվեց դրան, մի մասը դարձավ այդ համակարգի բաղկացուցիչ մասերից մեկը: Բայց շատերը պահպանեցին իրենց անկախությունը, իրենց քաղաքացիական արիությունը եւ բոլոր ասպարեզներում դրսեւորեցին իրենց որպես իսկական հայրենասերներ: Նրանց չհանդուրժեցին: Իշխանությունները սկսեցին խտրականություն դնել երկրապահների ու ազատամարտիկների միջեւ: Ովքեր ենթարկվում էին իրենց, դառնում նրանց գործիքը, նրանք հասնում էին բարձր դիրքերի, ովքեր պահպանում էին իրենց անկախությունը՝ աստիճանաբար կորցնում էին ե՛ւ իրենց դիրքերը, ե՛ւ իրենց պաշտոնները, ե՛ւ իրենց աշխատանքը, ե՛ւ իրենց բիզնեսը: Դրա ծայրակետը դարձան անցած նախագահական ընտրությունները. ազատամարտիկների, երկրապահների զգալի մասը կանգնեց իր ժողովրդի կողքին մինչեւ վերջին օրը, եւ այսօր այդ մարդիկ գտնվում են բանտերում: Նրանցից յուրաքանչյուրն իսկական հերոս է եւ իր մարմնի մեջ այսօր էլ 20-30 բեկոր է պահում. Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան, Մուկուչ Սափեյան, Սմբատ Այվազյան, Դավիթ Մաթեւոսյան, Մյասնիկ Մալխասյան, Մուշեղ Սաղաթելյան: Թող ներեն նրանք, ում անունը մոռացա: Ի դեպ, այս մարդիկ շատ համեստ մարդիկ են, երբեք իրենց հերոս չեն ձեւացրել, բայց այնպիսի վաստակ ունեն այս ազգի առջեւ, որը ուրանալը սրբապղծությունից այն կողմ է, մարդկային ամենամեծ ստորությունը կլինի դա ուրանալ: Նրանք այն մարդիկ են, որոնք եթե չլինեին, եթե չպաշտպանեին Հայաստանի սահմանները, չկռվեին Ղարաբաղում, չազատագրեին Ղարաբաղը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը անգամ երազում չէին տեսնի այսպիսի բարձր պաշտոններ: Եվ հիմա այդ մարդիկ գտնվում են բանտում: Միայն այս փաստը բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչ բարոյական կերպարի տեր է Սերժ Սարգսյան կոչեցյալ անձնավորությունը: Կարող է թվալ, թե այս թեման կապ չունի քաղաքապետի ընտրությունների հետ, սակայն ամենաանմիջական կապն ունի, որովհետեւ քաղաքապետի ընտրությունները նույն նախագահական ընտրություններն են: Նրանք բանտերում են հայտնվել այդ ընտրություններին մասնակցելու, ընդամենը իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար: Նրանք հիմա էլ մեր շարքերում են, եւ նրանց գործը դեռ չի ավարտված: Ուրեմն մեր քաղաքացիական պարտքին գումարվում է նաեւ բարոյական պարտքը՝ բանտերում գտնվող մեր հերոսների առջեւ: Մենք նրանց գործը պիտի շարունակենք մինչեւ վերջ եւ հաղթանակը պետք է տոնենք նրանց հետ միասին, այս հարթակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել