ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը բացահայտում է քաղաքը կառավարելու վերաբերյալ իր գիտելիքները:
Երեկ Աջափնյակ համայնքում Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ներկաներին բացատրեց, որ կուսակցությունների թղթի վրա գրված ծրագրերը կամ բանավոր հնչող խոստումներն «ի վերջո, բավականին մոտ են իրար, որովհետեւ բոլորն էլ հասկանում են՝ որոնք են Երեւանի կարեւորագույն խնդիրները: Դրանք շատ պարզ են: Քաղաքն այլեւս չի՛ դիմանում: Քաղաքն այլեւս կորցնում է իր բնակչությանը ծառայելու հնարավորությունը, որովհետեւ մարդկային ագահությունը փորձում է քաղաքից քամել ամեն ինչ՝ դիմացը ոչինչ չտալով: Եվ բոլորն ասում են, որ պատրաստ են տա՛լ քաղաքին՝ վերականգնել կանաչ գոտիները, ջրային եւ կոյուղային ցանցերը, երեխաների համար ապահովել խաղալու ազատ հարթակներ, վերանորոգել դպրոցների տանիքները, հիվանդանոցները կարգի բերել, վերջապես կառուցապատման մեջ կանոններ մտցնել, սոցիալական խնդիրները լուծել եւ այլն: Ձեր խնդիրն է որոշել՝ ո՞ր թիմն իսկապես ընդունակ է անել դա, երբ կունենա քաղաքը կառավարելու լծակներ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ նրանք, ովքեր այսօր ունեն այդ լծակները՝ բնականաբար, ունեն նաեւ բյուջե, եւ կարող են այս շաբաթների ընթացքում որոշ տեղերում ասֆալտապատել բակերը, որոշ տեղերում՝ ջուր անցկացնել, տանիք ու վերելակ նորոգել: Բնական է՝ դա արվում է պետական փողերով, եւ ում ձեռքում են դրանք՝ նա էլ կանի: Սա որպես նվեր պետք է չընկալեք»: Վահան Հովհաննիսյանը նաեւ նկատեց. «Բոլորը կխոսեն աղբահանության մասին՝ էս մի ձեւը չի աշխատում, մյուս ձեւը միգուցե կաշխատի: Բայց մի թիմ կարող է վերջապես փորձելով գտնե՛լ ճիշտ ձեւը՝ անընդհատ շառը չգցելով ուրիշների կամ դժվարությունների վրա: ՀՅԴ-ին դուք ծանոթ եք իր գործերով՝ ես մեզ ո՛չ գովազդելու կարիքն ունեմ, ո՛չ էլ կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա»:
Նկատենք, որ այս քարոզարշավի ընթացքում բացահայտվում է քաղաքի խնդիրների՝ Վահան Հովհաննիսյանի իմացությունը: Ասենք, մայիսի 7-ին էլ Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա կոչ էր արել ստեղծել «Բարձրհարկային երեւանցիներ» շարժումը՝ հայտարարելով, թե վերեւի հարկերի բնակիչներն անարդար եւ անհավասար պայմաններում են, նրանց ջուր չի հասնում՝ «ծակ, գողացված խողովակների, չաշխատող նասոսների պատճառով»: «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է հիմնավորում «Բարձրհարկային երեւանցիներ» շարժման անհրաժեշտությունը եւ պատկերացնում դրա գործունեությունը՝ պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք այդ անվանումը կատակով եք ասում՝ ես մի քիչ այլ կերպ եմ արտահայտվել: Բայց ես ամենայն լրջությամբ եմ համարում, որ Երեւանում բարձր հարկերում բնակվողների իրավունքները պարզապես ոտնահարված են, քանի որ նրանց ջուր չի հասնում: Այս մարդիկ պարտավորված են լինում դնել ինչ-որ նասոս, որպեսզի ջրով ապահովված լինեն: Այսինքն՝ նրանք խաբված են քաղաքի ջրային տնտեսությունը վարող արտասահմանյան այն ընկերության կողմից, որը տարիներ շարունակ մեզ ասում է, թե Երեւանում արդեն բոլորին ապահովել են խմելու ջրով: Բայց դա սո՛ւտ է, քանի որ մարդիկ էներգիայի համար կրկնակի վճարելով են միայն կարողանում ապահովել իրենց անհրաժեշտ ջրով: Այդ մարդկանց իրավունքների պաշտպանությունը քաղաքապետարանի գործն է: Ձեւերը շատ պարզ են՝ քաղաքի իշխանությունը կարող է պարտադրել իսկապես փոխել խողովակները, որպեսզի ջուրը չկորի: Եվ այս մարդիկ վերջապես պետք է ինչ-որ հատուցում ստանան իրենց հավելածախսի համար»: Մեր հարցին, թե Դաշնակցությո՞ւնն է ղեկավարելու այդ շարժումը՝ պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, սա ՀՅԴ նախաձեռնությունը չէ: Ես անձամբ եմ պատրաստակամություն հայտնել: Մեր ներկայացուցիչները քաղաքային իշխանության մեջ առաջնահերթ քննարկման են դնելու այս խնդիրը: Բայց ժողովուրդն էլ պետք է իր իրավունքները պահանջի: Եվ կարծում եմ, որ մենք պետք է կազմակերպենք այդ պահանջը»: Նա հաստատեց մեր ենթադրությունը, որ ինքը բնակվում է բարձր հարկում:
Դառնալով երեկվա հանդիպմանը՝ նշենք, որ այն սահմանափակվեց միայն ՀՅԴ ցուցակում ընդգրկված գործիչների ելույթներով: Ուղղակի հանդիպման ավարտից հետո կանայք մոտենալով Արծվիկ Մինասյանին՝ գովում էին նրան: Ասենք, նրանցից մեկն ասաց. «Պաշտում եմ ձեր կուսակցությունը: Անկեղծ համակիր եմ՝ գեներով գալիս է: Մենք ապահով մարդ չենք, բայց ուտելու կարիքը չունենք՝ միայն ազգայինը պահեք, դա մեզ արդեն հերիք է»:
Հ. Գ. ՀՀ վարչական դատարանը երեկ մերժեց Ռուբեն Թորոսյանի հայցը, որով վիճարկվում էր Արծվիկ Մինասյանի գրանցման օրինականությունը: