Լրահոս
Օրվա լրահոսը

Հին եւ նոր վեպ

Մայիս 08,2009 00:00

Ն. Ադալյանի՝ պետական մրցանակի ներկայացված «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը՝ գրչի մարդկանց մեկնաբանմամբ:

Գրական այլ ստեղծագործությունների թվում ՀՀ նախագահի 2009թ. մրցանակի է ներկայացված նաեւ նշանավոր արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանի «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը, որը Մեծ եղեռնի իրադարձությունների արտացոլման ինքնատիպ օրինակ է: Որոշ մերձգրական շրջանակներում սկիզբ են առել հարձակումներ Նորայր Ադալյանի դեմ, իբրեւ թե վեպն իր ստեղծման ժամանակով չի համապատասխանում մրցանակաբաշխության պահանջներին, ու գրողն էլ ցանկանում է ամեն կերպ մրցանակ ստանալ՝ «հին» գործը ներկայացնելով իբրեւ նոր: Գրքի նախաբանում կարդում ենք, որ տարիներ առաջ գրված «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը հեղինակը 2008թ. հիմնովին վերակառուցել է, ավելացրել եւս մեկ գլուխ:

Որոշեցինք այս բանավեճի մասին ոչ թե գնահատականներ ստանալ Ադալյանից, այլ նրա գրչակիցներից, որոնցից մի քանիսը նաեւ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ են: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով՝ Ն. Ադալյանը մեր արձակի անվանի դեմքերից մեկն է. «Վեպը ցեղասպանության թեմայով հետաքրքիր մեկնաբանություն է գեղարվեստական ոճով: Ժամանակին կարդացել եմ նաեւ նախկին «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը, իսկ նորը, որ ներկայացված է պետական մրցանակի, նախորդի հիմնովին վերափոխված տարբերակն է: Նախնական հենքի վրա Նորայրը ստեղծել է բոլորովին նոր գործ, ավելին՝ սա նոր որակ է: Ընդհանրապես, մեր հասարակական, գրական ոլորտում կարծես ձեւավորվել է մի կարծրատիպ, որ ցանկացած երկ երբ ներկայացվում է այս կամ այն մրցանակի, չգիտես ինչու, անպայման դրվում է հարցականի տակ: Արդեն հակված եմ մտածելու, որ եթե Գրիգոր Նարեկացին իր «Մատյանը» ներկայացներ մրցանակի, կլիներ ժխտագարների մի խումբ, որը կոչված է կասկածի տակ դնել ցանկացած արժեք»: Գրականագետ Ավիկ Իսահակյանի փոխանցմամբ՝ «գրողի կողմից անդրադարձը իր նախկին ստեղծագործությանը՝ ընդունված ձեւ է: Այս դեպքում Ադալյանը հիմնովին վերանայել է իր վեպը եւ մշակել: Ժամանակին այդկերպ է վարվել Մահարին իր «Այրվող այգեստանների» եւ, ասենք, Դեմիրճյանը՝ «Վարդանանքի» հետ: Ճիշտ կլիներ՝ ինչպես Նոբելյան մրցանակի, այնպես էլ մեր հայրենական բարձր պարգեւների դեպքում հաշվի առնվեր գրողի վաստակն ընդհանրապես, այլ ոչ թե ստեղծագործողը կարեւորվեր 1-2 երկով: Ինչ վերաբերում է Ադալյանին, ինչի՞ մասին է խոսքը, նա արժանի է մրցանակի»:

Գրականագետ Ազատ Եղիազարյանն ու գրող Ռազմիկ Դավոյանը չէին կարդացել Ն. Ադալյանի ոչ հին եւ ոչ էլ նոր «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը, հետեւաբար առաջինը ոչինչ չուներ ասելու, իսկ Ռ. Դավոյանը կատակեց. «Խորհրդային տարիներին նման պրակտիկա կար, երբ գրողը «սրբագրում» էր իր հին գործերը, ապա նորը համարվում էր իրոք նոր, եթե վերջինում «հայտնաբերում» էին 25%-ի չափով նոր բան եւ դրա դիմաց հեղինակը ստանում էր հոնորար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031