Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԳԵՂԱԳԵՏԸ, ՇԱՏՐՎԱՆԱՍԵՐՆ ՈՒ ԹԱՏԵՐԱՍԵՐԸ

Մայիս 08,2009 00:00

Կուսակցությունները նախընտրական ծրագրերում՝ հանուն մշակութային Երեւանի

Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններ են. նախընտրական քարոզչությունն էլ արդեն սկսված է: Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն գրանցել է 6 կուսակցություն եւ մեկ դաշինք: Մեզ կոնկրետ հետաքրքրում է, թե նրանք ի՞նչ են խոստանում մշակութային «մասով» եւ որքանո՞վ են գեղեցիկ ձեւակերպումներն իրատեսական: Ներկայացնենք ծրագրերից մի քանիսի մշակութային ծաղկաքաղը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը, օրինակ, իր նախընտրական ծրագրում «միշտ իր հարուստ մշակույթով հպարտացած հայ ժողովրդին» եւ մասնավորապես երեւանցիներին խոստանում է նպաստել Երեւանի պատմամշակութային ժառանգության պահպանմանը, քաղաքային փառատոնների եւ տոնախմբությունների կազմակերպմանը, խրախուսել մշակութային նշանակալի գործերի հեղինակներին եւ այլն: ՕԵԿ-ը մտադիր է խորացնել այլ երկրների մայրաքաղաքների, Երեւանի քույր քաղաքների եւ Սփյուռքի համայնքների հետ մշակութային համագործակցությունը, վերանորոգել եւ կահավորել քաղաքային ենթակայության թանգարանները, գրադարանները, երաժշտական դպրոցները, բարձրացնել դրանց աշխատակիցների աշխատավարձերը: Ըստ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի, քաղաքային, հասարակական եւ մշակութային կազմակերպությունների պարտքն է քարոզել երեւանյան մշակութային նվաճումները, մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ձեռքբերումները, ընդլայնել Երեւանի համընդհանուր ճանաչումն ու հարգանքը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ իր նախընտրական ծրագրում մեծ տեղ է տվել Երեւանի պատմամշակութային, լանդշաֆտային եւ ճարտարապետական ինքնատիպության պահպանմանն ու բազմապատկմանը, այս մասին ակնահաճո ձեւակերպումներ արել. «Համապատասխան փաստաթղթերում պետք է ամրագրվեն՝ մշակութային, ճարտարապետական եւ պատմական ժառանգության հարատեւության ապահովումը… տարբեր բարիքներից օգտվելու մատչելիության ապահովումը…»:

ԲՀԿ-ն գտնում է, որ քաղաքի գեղագիտական պատկերն ապահովող այնպիսի միջոցներ, ինչպիսիք են քաղաքային դիզայնը, գովազդը, դեկորատիվ լուսավորությունը եւ վիզուալ տեղեկատվության միջոցները, պետք է համահունչ լինեն քաղաքային միջավայրի կազմակերպման պլանային, ճարտարապետական եւ ինժեներական պահանջների հետ:

Այս կուսակցությունը չի մոռացել նաեւ Թամանյանին. «Անհրաժեշտ է վերջ տալ Երեւանի՝ թամանյանական ոգով կառուցված բնակելի, մշակութային, կրթական, հասարակական եւ այլ բնույթի շենքերի կամայական, մայրաքաղաքի ճարտարապետական դեմքը խեղաթյուրող, անճաշակ փոփոխություններին ու ինքնակամ կառուցապատմանը: Ուստի, արդեն նաեւ քաղաքական պատասխանատվություն կրող մայրաքաղաքային իշխանությունը պետք է ջանք չխնայի մայրաքաղաքում շինարարական ցանկացած նախագիծ»: Ու քանի որ, ըստ ԲՀԿ-ի, զբոսաշրջիկների համար յուրահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Երեւանի ցայտաղբյուրները, ժամանակն է դրանք վերականգնել:

«Բարգավաճ Հայաստանը» նաեւ իր առաջ խնդիր է դրել Երեւանը դարձնել «հյուրընկալության ինդուստրիայի տարածաշրջանային բանուկ խաչմերուկ»:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նպատակը Երեւանը բարեկարգ քաղաք տեսնելն է: Պարզվում է, ՀՀԿ-ն էլ է շատրվանասեր: «Երեւանը ոչ վաղ անցյալում հայտնի էր որպես վարդագույն, հազար ու մի շատրվանների քաղաք: Վերջին տասնամյակում հիմնանորոգվել եւ լուսավորվել են մայրաքաղաք մտնող մայրուղիները, գլխավոր փողոցները, կառուցվել են նոր ճանապարհներ եւ տրանսպորտային հանգույցներ: Ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել նաեւ մյուս փողոցների, մայթերի, բակերի, խաղահրապարակների, շատրվանների պահպանման ու բարեկարգման խնդրին»,- ասվում է այս կուսակցության նախընտրական ծրագրում: ՀՀԿ-ն «սպառնում» է կանոնակարգել եւ վերահսկել զվարճանքի վայրերը, խիստ պայքար ծավալել ապօրինի շինարարության, քաղաքի ճարտարապետական տեսքի աղավաղման դեմ: ՕԵԿ-ի նման ՀՀԿ-ն էլ է սիրում բացօթյա միջոցառումներ ու տոնախմբություններ. «Երեւանը միշտ հայտնի է եղել իրեն բնորոշ կոլորիտով: Քաղաքում իշխել է բարձր տրամադրությունը, մշակութային նրբաճաշակ միջոցառումների եւ բացօթյա մեծ տոնախմբությունների ոգին: Մարդկային հարաբերությունները եղել են անկաշկանդ, բարի եւ անկեղծ: Ժամանակն է համատեղ ջանքերով վերականգնել հին ու բարի ավանդույթների Երեւանը»: Մշակութային ոլորտում Հանրապետական կուսակցությունը խոստանում է բարելավել համայնքի ենթակայության տակ գտնվող թանգարանների, գրադարանների, մարզադպրոցների շենքային պայմանները, կազմակերպել զանազան տոնախմբություններ ու փառատոներ:

Մյուսներից պակաս ռոմանտիկ չէ Հայ հեղափոխական դաշնակցությունը: «Մեր ուժի աղբյուրն է՝ Երեւանը՝ երեւանցիներով, Երեւանը՝ որպես Հայաստանի ու համայն հայության հավերժական մայրաքաղաք…»,- ասված է նախընտրական ծրագրում: Այստեղ եւս շատրվանների մասին մի քանի ակնարկ կա: ՀՅԴ-ն, ի լուր երեւանցիների եւ ողջ աշխարհի, փաստում է, որ «Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է, համայն հայության սիրտը»: Այնուհետեւ էլի փաստում. «Մեր հավաքական կամքն ու ջանքը պետք է գործադրենք, որպեսզի Երեւանը դառնա ազգային եւ միջազգային հաղորդակցության ու հարաբերությունների կենտրոն: Պետք է ձգտենք մեր քաղաքը դարձնել բարձրակարգ մասնագիտական, տնտեսական գործունեության, գիտության, մշակույթի, տրանսպորտի, զբոսաշրջության, ծառայությունների եւ տեխնոլոգիական կենտրոն»: ՀՅԴ-ն խոստանում է մշակութային, հասարակական ու համայնքային կազմակերպություններին՝ գործունեության համար համապատասխան տարածքներով եւ անհրաժեշտ ժամանակակից գույքով ապահովել, աշխատակիցներին՝ արժանապատիվ աշխատավարձով, երեւանյան այգիներում ցայտաղբյուրներ եւ նստարաններ տեղադրել, նույնիսկ փոքր բեմահարթակներ կառուցել: ՀՅԴ-ն նաեւ կարեւորում է «շնորհալի եւ տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված ծրագրերի իրականացումը, միջքաղաքային մշակութային կապերի ամրապնդումը եւ շարունակական զարգացումը, ազգային մշակույթի մատուցումը արվեստի դպրոցներում ու կազմակերպություններում»:

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ, այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մովսես Շահվերդյանն էլ «Առավոտին» ներկայացրեց իր ծրագիրը՝ մշակութային մասով: «Ցանկանում ենք, որ բոլոր համայնքներն ունենան առնվազն մեկ կինոթատրոն, ինչպես նախկինում: Պիտի կինոթատրոնները վերադարձնենք բնակիչներին, որ ծառայեցվեն իրենց բուն նպատակներին»: ՀԱՍԿ-ը խոստանում է էժանացնել կինոթատրոնների տոմսերը եւ «սրճարանաթափ» անել այգիները, նաեւ մշակույթի տներն ու ակումբները վերադարձնել ժողովրդին: Թե ինչպես է պատրաստվում արդեն սեփականաշնորհված երբեմնի կինոթատրոններն ու ակումբները «ետ բերել», այս հարցի լուծումը, ըստ պարոն Շահվերդյանի, հետեւյալն է. «Ուրեմն թող այդ սեփականատերերը կա՛մ բարի լինեն դատարկել գույքն ու վերադարձնել ժողովրդին, կա՛մ փոխարենը նորը կառուցել, որովհետեւ տարիների ընացքում հասցրել են ահագին եկամուտ ստանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել