ՀԱՇՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿՆԵՐԸ
Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնեց Վաշինգտոն: Նրա գլխավոր նպատակն է պայմանավորվել ստրատեգիական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ նոր պայմանագրի մասին, քանի որ հնի ժամկետը սպառվելու է այս տարվա դեկտեմբերի 5-ին: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է կրճատել միջուկային մարտագլխիկներ տանող հրթիռների քանակը, սակայն բուն մարտագլխիկների թիվը Վաշինգտոնն առայժմ չի պատրաստվում կրճատել: Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը, մարտագլխիկների հարցը կարելի է քննարկել հետագայում, սակայն դիվանագետը չի բացառում, որ բանակցությունները զարգանալու են նաեւ այլ ուղղությամբ եւ խոսք է գնալու Չեխիայում եւ Լեհաստանում ԱՄՆ-ի հակահրթիռային սարքերի տեղադրման մասին: Գետեմյուլերը հետաքրքիր է անվանել այդ համակարգի՝ Ադրբեջանում նմանատիպ օբյեկտների փոխարինման գաղափարը. «Կարծում եմ, ԱՄՆ ղեկավարությանն արժե քննարկել Ռուսաստանի այդ առաջարկը»: Gazeta.ru-ն հիշեցնում է, որ 2007 թվականին Ջորջ Բուշը մերժեց Ռուսաստանի առաջարկը ամերիկյան հակահրթիռային պաշտպանության էլեմենտները Ադրբեջանի Գաբալա ռադիոլոկացիոն կայան տեղափոխելու վերաբերյալ: Հավանական է, որ Լավրովի բանակցությունների ժամանակ այդ գաղափարը կրկին վերակենդանացվելու է: Նախատեսվում է, որ այսօր Ռուսաստանի արտգործնախարարը հանդես է գալու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հատուկ նիստում, որը նվիրված է լինելու Մերձավոր Արեւելքի խնդիրներին: