Երեկ առավոտյան Վրաստանի իշխանությունները ազատ են արձակել ընդդիմության երիտասարդ ակտիվիստներին, որոնք մեղադրվել են խուլիգանության համար: Խափանման միջոցը փոխվել էր՝ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի խնդրանքով: Գիշերը ընդդիմության ներկայացուցիչները վերջնագիր են ներկայացրել իշխանությանը՝ պահանջելով մինչեւ ժամը 17-ը ազատ արձակել իրենց զինակիցներին: Նրանք նշում էին, որ հակառակ դեպքում կազատագրեն այդ ակտիվիստներին սեփական ձեռքերով: Ազատություն ստացած երիտասարդները պատմել են, որ ոստիկանության բաժանմունքում իրենց ծեծի են ենթարկել: Երեկ խորհրդարանի մոտ բողոքի ցույցի մասնակիցների թիվը կտրուկ աճել է: Հանրահավաքին մասնակցելու էր եկել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, որը ներկաներին ցույց տվեց ռետինե փամփուշտներ՝ հայտարարելով, որ տուժածների թվում է իր որդին: «Մենք չենք ցրվելու: Ես խոստացել եմ, որ պայքարելու եմ մինչեւ վերջ»,- ասաց Բուրջանաձեն: ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ ընդդիմությունը պահանջում է իշխանությունից՝ վերջ տալ բռնություններին. «Հակառակ դեպքում, մենք մեզ վրա կվերցնենք քաղաքական պատասխանատվությունը: Մենք ամեն ինչ կանենք՝ երկրի ներսում քաոսից եւ դիմակայությունից խուսափելու համար, որպեսզի բոլորի կողմից սպասվող փոփոխությունները տեղի ունենան խաղաղ ճանապարհով»: