Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպեցին ԱՄՆ-ի, Պակիստանի եւ Աֆղանստանի նախագահները: Բարաք Օբաման, Ասիֆ Ալի Զարդարին եւ Համիդ Կարզայը քննարկեցին «Ալ-Ղաիդայի» եւ «Թալիբանի» դեմ համատեղ պայքարի հեռանկարները: Ըստ Gazeta.ru-ի, Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը պետք է ապացուցեր նաեւ, որ ամերիկյան վարչակազմը չի պատրաստվում դավաճանել իր դաշնակիցներին: Բանն այն է, որ թե՛ Զարդարին եւ թե՛ Կարզայը իրենց հայրենիքում առանձնապես մեծ ժողովրդականություն չեն վայելում: Նրանց դիրքերը թուլացնում են ոչ միայն ապստամբներն ու ահաբեկիչները, այլեւ օրինական ընդդիմությունը: Վաշինգտոնի ճնշումը 2 երկրների կառավարությունների վրա՝ ուժեղ դիմադրություն է առաջացնում եւ պարարտ հող է ստեղծում ծայրահեղականների համար: Աֆղանստանի նախագահը մասնավորապես նշեց, որ Միացյալ Նահանգներն ու իր երկիրը պետք է պայմանավորվեն Աֆղանստանում ռազմական ուժի կիրառման սահմանների մասին: Վերջին շրջանում «թալիբների» ակտիվությունն այդ երկրում մեծացել է եւ ՆԱՏՕ-ական զորքերը սկսել են դիմել ավելի կարծր պատասխան միջոցների:
Նախագահների հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չափազանց ցավում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար՝ Ֆարախ գավառում ամերիկյան ռմբակոծությունից հետո: Այդ հարձակման արդյունքում մահացել են մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Ամերիկյան վարչակազմի քաղաքականությունը բացասական է անդրադառնում նաեւ Ալի Զարդարիի իմիջի վրա, սակայն Պակիստանի զինված ուժերը առայժմ պատրաստ չեն ինքնուրույն դիմակայել իսլամական արմատականների հարձակումներին եւ ահաբեկչություններին: