Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագիծը:
Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Իսրայելի «Մերեց» կուսակցության նախագահ Խայիմ Օրոնի կողմից ներկայացված նախագծին դեմ է հանդես եկել իսրայելական կառավարությունը, որի անունից նախարար Գիլադ Էրդանը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության հարցը «Քնեսեթում քաղաքական քննարկումների թեմա չէ», ընդգծել է, որ «Իսրայելը աջակցում է բաց եւ պատմական փաստերի վրա հիմնված քննարկումներին»: «Զոհված հայերի հիշատակի ոգեկոչումը մեր բարոյական պատասխանատվությունն է: Սակայն այդ հարցը բացահայտ կերպով պատմական փաստերի հիման վրա պետք է քննարկվի: Իսկ դրա տեղը խորհրդարանը չէ»,- նշել է Գիլադ Էրդանը:
Մայիսի 5-ին Քնեսեթը քվեարկել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկման դնելու օգտին: Իսրայելի խորհրդարանի առաջիկա նիստերի ժամանակ պետք է որոշվեր, թե որ հանձնաժողովն է ուսումնասիրելու հարցը: