Սեւան եւ Գյումրի թիմերը բանավիճեցին այս թեմայով
«Հայ հասարակության մեջ դեռ կաղում է բանավեճը. շատ են դեպքերը, երբ այն վերածվում է կռվի, այնինչ բանավեճը պիտի լինի ընդամենը մտքերի հղում, ինչին պետք է դիվանագիտական մոտեցում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թիվ 4 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Մարտիրոսյանը:
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպության ՀՀ 10 քաղաքների 76 դպրոցների շրջանում անցկացվող բանավեճերի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Սեւանի եւ Գյումրու թիմերը բանավիճեցին «Հայ եւ թուրք հասարակությունները պատրա՞ստ են երկկողմանի հարաբերությունների վերականգնմանը» թեմայով:
«Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի պատասխանատու Լուսինե Առաքելյանն «Առավոտին» ասաց. «Ծրագրի նպատակն է աճող սերնդին դարձնել հասարակության լիիրավ անդամ»: Դպրոցականները, չնայած իրենց բանավեճի ժամանակ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանին «դարձրին» Սաֆարյան, բայց աչքի ընկան ՀՀ քաղաքական գործիչներից ավելի սթափ մոտեցումներով: Օրինակ՝ Սեւանի թիմի անդամներից մեկն ասաց, որ վերջապես քաղաքական գործիչները պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ցանկությունները եւ նպաստեն հարցի լուծմանը:
Թիմերը՝ ըստ վիճակահանության, պետք է ընտրված թեմային «կողմ» կամ «դեմ» արտահայտվեին՝ բերելով իրենց փաստարկները: Սակայն նրանց հետ զրույցում պարզ դարձավ, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում «կողմ» դիրքորոշումը բաժին ստացած Սեւանի թիմը այնքան էլ գոհ չէ. «Անկեղծ ասած՝ այնքան էլ գոհ չենք, քանի որ յուրաքանչյուր հայ իր հոգու խորքում ցեղասպանության կամ այլ առիթներով վրեժի զգացողություն կարծես ունի: Բայց քանի որ վիճակահանությամբ որոշվել է, որ մենք պիտի հայ-թուրք հասարակությունների հարաբերությունների վերականգնմանը կողմ արտահայտվենք, դա անում ենք, բերելով այն փաստարկները, որ մենք քրիստոնյա ենք, իսկ քրիստոնեական կանոններից մեկն էլ ներողամիտ լինելն է, եւ քանի որ բոլորս էլ սխալական ենք, ապա պետք է կարողանանք ներել դիմացինին»: Գյումրու թիմին վիճակահանության արդյունքում բաժին էր ընկել «դեմ» դիրքորոշումը: Նրանք «Առավոտին» ներկայացրին իրենց դիրքորոշումը. «Դեմ ենք, քանի որ չենք ուզում ներել թշնամուն, չենք ուզում ներել այն բաները, որ արել են հայերի հանդեպ, դրանք մեր պատմական անցյալն են, որը չի կարելի մոռանալ եւ կատարվածի վրա աչք փակել: Իսկ որպես փաստարկներ՝ ներկայացնելու ենք քաղաքական, մշակութային գործիչների դիրքորոշումները, որոնք վերցրել ենք համացանցից»:
«Առավոտը» զրուցեց նաեւ աշակերտների բանավեճը գնահատող ժյուրիի որոշ անդամների հետ: ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանը նշեց. «Գնահատելու ենք բանավիճող աշակերտների խոսքի ազդեցիկությունը, քննադատական, վերլուծական, հռետորական, կողմնորոշվելու կարողությունները»: Չնայած դպրոցականները «Առավոտի» հետ զրույցում նկատեցին, որ ՀՀ քաղաքական գործիչներն աչքի չեն ընկնում քաղաքական բանավեճի մշակույթով, սակայն ԱԺ պատգամավոր Արա Նռանյանն էլ նկատեց. «Երիտասարդ սերունդը պիտի օրինակ վերցնի լավագույն հայ քաղաքական գործիչներից, որոնք իրենց բանավեճի մակարդակով կարող են համարվել պարկեշտ եւ գաղափարապես հասուն»: