ՀՀ բուհերի ռեկտորների դիրքորոշումները
Ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար կադրերի ընտրության հարցը մեր երկրում միշտ էլ խնդրահարույց է եղել: Երբեմն անարժան, իրականում գիտական աշխատանքին չմիտված մարդիկ ասպիրանտուրա են ընդունվում բանակից խուսափելու համար: Եվ պատահական չէր, որ ԳԱԱ ապրիլի 22-ի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը ասպիրանտուրան բնորոշեց որպես «դասալքության որջ»: Այդպիսի բազում օրինակներ կարելի է բերել, բայց այս շարքում կան նաեւ այնպիսի երիտասարդներ, որոնք, իրոք, արժանի են այդ ուսումը ստանալու եւ հետագայում լուրջ ներդրում կատարելու գիտության բնագավառում: Տարիներ առաջ, երբ խոսակցություններ տարածվեցին, թե բակալավրիատն ավարտած բոլոր երիտասարդները անխտիր պետք է զորակոչվեն բանակ, մի շարք երիտասարդներ, այդ թվում՝ հասարակական-քաղաքական գործիչներ Հրանուշ Խառատյանի եւ Արամ Մանուկյանի որդիները՝ Արսենն ու Արենը, բողոքի ակցիա կազմակերպեցին, որը կրում էր «Հանուն գիտության զարգացման նախաձեռնություն» անվանումը: Այժմ այդ նախաձեռնությունը չի գործում, երիտասարդներից շատերն էլ սփռված են աշխարհով մեկ: Ակամայից հարց է առաջանում. արդյոք նման հանդուգն երիտասարդներ այժմ կգտնվե՞ն, մանավանդ՝ ժամանակին սրված հարցը հիմա կրկին արդիական է դարձել:
Մի քանի ամիս առաջ խոսակցություններ էին պտտվում, թե ԱԺ-ն պիտի օրենք ընդունի, ըստ որի՝ 18 տարին լրացած բոլոր երիտասարդները պիտի զորակոչվեն բանակ: «Առավոտի» հետ 23.12. 2008-ին ունեցած զրույցում ՊՆ փոխնախարար Արա Նազարյանն ասել էր. «Այս տարվա կտրվածքով նման բան շրջանառության մեջ չի դրվի, մյուս տարի գուցե քննարկվի»: Նրա խոսքից պարզ էր, որ փոխնախարարը կողմ է խնդրի լուծման այս տարբերակին, քանի որ նշել էր նաեւ. «Եթե այժմ տարկետման իրավունքից օգտվում են պետական բուհերի եւ պետական հավատարմագրում ստացած համալսարանների ուսանողները, ապա օրենքի ընդունման դեպքում այդ հարցը դուրս կգա, եւ կստեղծվի հավասար մրցակցություն»:
Խնդրի լուծման այս տարբերակին է միտված նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա այդ մասին հայտարարել է ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ: «Խնդիրը ասպիրանտուրա չհասցնելու համար հարկավոր է, որ 18 տարին բոլորած յուրաքանչյուր երիտասարդ իր պարտքը կատարի հայրենիքի առաջ՝ ծառայի հայկական բանակում՝ անկախ նրանից, որ կուրսում է սովորում ու կրթական որ աստիճանում է»,- ասել է ռեկտորը:
«Առավոտը» զրուցեց նաեւ մի շարք այլ բուհերի ռեկտորների հետ՝ նրանց դիրքորոշումը հասկանալու համար: ԵՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը կարծում է. «Ցանկալի կլիներ ոչ թե 18 տարին լրացած բոլոր երիտասարդներին տանել բանակ, այլ բոլորին թույլատրվեր սովորել բակալավրիատում, հետո անխտիր բոլորին զորակոչել: Այդ դեպքում երեխաները դպրոցն ավարտելուց հետո կընդունվեն բուհ, կստանան գիտելիքներ, իսկ բանակին անհրաժեշտ են իսկապես գրագետ, արդեն որոշակի մասնագիտություն ձեռք բերած մարդիկ: Չէ՞ որ բուհն ավարտելուց հետո ոչ միայն ստանում են գիտելիքներ, այլեւ հասունանում են իբրեւ մարդ, իսկ բանակում ծառայելու համար դա նույնպես անհրաժեշտ է: Իսկապես, երբ ասպիրանտուրա ընդունվողները բանակից արտոնություն են ստանում, դա ուղեկցվում է նեգատիվ երեւույթներով, ընդ որում՝ դրանք սկսվում են դրսեւորվել ուսումնառության առաջին իսկ տարիներից: Իսկ ովքեր ծնված են գիտության համար, բանակից կվերադառնան եւ կշարունակեն ուսումը մագիստրատուրայում, հետո՝ ասպիրանտուրայում»:
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն էլ նկատեց. «Դա պետական քաղաքականություն է եւ բոլորովին կապված չէ ուսումնական ծրագրի հետ: ՀՀ-ի թիվ մեկ խնդիրը անվտանգության ապահովումն է, որին պիտի հարմարվենք: Բայց դա կապել ուսումնական պրոցեսի հետ ոչ կոռեկտ հարցադրում է: Զինապարտության օրենքը պիտի քննարկվի որպես առաջնահերթ, եւ մենք մեր քաղաքականությունը կիրականացնենք հաշվի առնելով այն մարդկանց ընդունած որոշումը, ովքեր ավելի շատ ինֆորմացիա ունեն այդ խնդիրն այսպես կամ այնպես լուծելու համար: Ասել, որ բանակ չեն տանում, հետո են տանում, դրա համար ասպիրանտուրան վատն է, ոչ միայն անհեթեթ է, այլեւ ովքեր չեն կարող լուծել այս խնդիրը, բավական կամք չունեն դրա համար: Ազգային անվտանգության տեսակետից՝ պաշտպանությունից հետո կրթության խնդիրն է: Ձեր նշած հարցի լուծման համար մայիսի 1-ից մինչեւ 35 տարեկան գիտության թեկնածուների համար մեր բուհում սահմանված է լրացուցիչ 60 հազար դրամ, նրանք ստանում են նվազագույնը 140 000 դրամ, իսկ գիտական թեմաներում աշխատելու դեպքում՝ մինչեւ 200 հազար: Մինչեւ 45 տարեկան դոկտորները լրացուցիչ 200 000 դրամ են ստանում, նրանց աշխատավարձը հասնում է մոտ 400 000 դրամի: Պարզ է, որ բանակի պատճառով ասպիրանտուրա ընդունված երեխան ի վիճակի չէ այս քննությունը բռնելու, քանի որ այսպիսի քայլի ես գնում միայն ուժեղագույնների համար»: ԵՊՃՀ գիտության եւ ասպիրանտուրայի գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանն էլ նկատեց. «Կարծում ենք՝ ճիշտ է, որ բակալավրիատը ավարտելուց հետո տեղի ունենա զորակոչ, իսկ կրթության շարունակությունը երիտասարդն անցնի ծառայելուց հետո: Մեր բանակին պետք են նաեւ մասնագետներ, հատկապես ճարտարագետներ, որոնք տիրապետեն զինտեխնիկային եւ ընդհանրապես՝ տեխնիկային: Իսկ դա կարող են միայն բարձրագույն կրթություն ստացած երիտասարդները: 18 տարին լրացած տղան երբեք չի կարող տիրապետել այն համակարգչային եւ զինտեխնիկային, որ ունենք»:
Ասպիրանտուրայի ընդունելության քննությունները սարերի ետեւում չեն, ուստի այդ ժամանակ պարզ կդառնա՝ որքանո՞վ են բուհերը օբյեկտիվ եւ արդյոք կդիմադրեն «վերեւներից» եւ այլ տեղերից եկող ճնշումներին: