Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց հայերի կարծիքը հաշվի առնելու

Մայիս 08,2009 00:00

Բաց նամակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

2009թ. Ապրիլի 24-ի Հայոց մեծ եղեռնի 94-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ Տան տիրոջ ամենամյա ուղերձի շրջանակում Դուք նույնպես, Ձեր հերթին, համայն հայության եւ առաջադեմ մարդկության դառնության փորձը կրկնապատկելով, չարտասանեցիք ցեղասպանություն բառը՝ ի ափսոսանք ու մեծ ցավ նաեւ ինձ:

Հաշվի առնելով Ձեր նախորդի՝ Բուշ կրտսերի ընդունակությունները, նախապես սպասելի էր, որ նա հազիվ թե կարողանար սերտել մի քանի բառ դերը…

Իսկ Դու՞ք… Չէ՞ որ սենատորի կարգավիճակում հիրավի անգիր արտասանեցիք ողբերգությունից ասես արդեն զավեշտի վերածված մի նախադասություն դերը եւ նախագահական ընտրարշավի ընթացքում, որպես գլխավոր փորձ, անհասանելիորեն գերազանցելով Ձեր նախորդներին, այն հնչեցրեցիք այնպիսի երանգահարուստ առոգանությամբ, եւ հատկապես ամերիկահայ հանդիսատեսի անզուսպ հիացմունքը ալեկոծելով՝ արժանացաք բոցավառ ծափահարությունների ու ստացաք նրանց բոլորի ձայները՝ հավելումով:

Իսկ 20-րդ դարասկզբից ու դրանից էլ դեռ վաղ սկսված թուրքական կառավարության կողմից պետականորեն կազմակերպված-իրականացված Հայոց մեծ եղեռն-ցեղասպանությունը շարունակվում է: Շարունակվում է, որովհետեւ արդի թուրքական կառավարությունը եւս, հավատարիմ մնալով իր նախորդների վարած քաղաքականությանը, ոչ միայն համառորեն շարունակում է մերժել 20-րդ դարի մարդկության դեմ իրականացված ոճրագործությունների ճանապարհը հարթող հայերի հրեշավոր ցեղասպանությունը, այլեւ տափուկ կոկետությամբ պայմաններ է ստեղծում իրենց ցեղասպան-երիտթուրք նախնիների՝ համայն մարդկության դեմ կատարած ոճրագործություններով հպարտացող թուրք մոլեռանդ ազգայնամոլների արյունառուշտ-յաթաղանային գաղափարախոսության արմատավորմանն ու պալարմանը նրանց երակներում:

Հայոց ցեղասպանությունը շարունակվում է, որովհետեւ Ծիծեռնակաբերդում եղեռնասպան եղած նորանոր զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ են վեր հառնում. Սումգայիթ, Բաքու, Արցախ, Բուդապեշտյան կացնահարում, Դինքի սպանություն… Հաջո՞րդը…

Հայոց ցեղասպանությունը շարունակվում է, որովհետեւ այժմյան Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքներում հիմնահատակ ոչնչացվում են մշակութային համաշխարհային բացառիկ, վիթխարի նշանակություն ունեցող պատմական Հայաստանի տաճարներն ու խաչքարերը, հուշարձանները:

Հայոց ցեղասպանությունը շարունակվում է, որովհետեւ երեկ, այսօր եւ վաղը յուրաքանչյուր հայ ամեն ապրիլի 24-ին իր նորածին մանկանը գրկած տանում է իր ցեղասպան եղած նախնիների հիշատակը հավերժացնող անմար կրակի հառաչանքը լսելու, զգալու նրա՝ պատմական արդարության վերականգնման զորեղ պահանջի բոցեղեն շունչն ու հաղորդումը:

Հայոց ցեղասպանությունը շարունակվում է, որովհետեւ անպատիժ ու անհատուցում մնացած Մեծ եղեռնին հաջորդել են եւ շարունակում են հաջորդել մարդկության դեմ իրականացվող այլ ցեղասպանություններ:

Եվ քանի դեռ Դուք, որպես ԱՄՆ նախագահ, արհամարհելով ԱՄՆ 42 նահանգների սահմանադրական կամքը, իրավունքն ու որոշումը, կշարունակեք հետաձգել ցեղասպանություն բառի ազատ արձակումը Ձեր շուրթերից, փաստորեն արգելափակելով ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության պատմական անհերքելի փաստը պետականորեն ճանաչելու ջանքերն ու հնարավորությունը, քանի դեռ առանց մեր՝ հայ մարդկանց կարծիքն ու կամքը հաշվի առնելու կշարունակեք հետապնդել Ձեր նախաձեռնության իրականացումը, համոզիչ հորդորելով, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության վերջնակետ ճանաչումը պետականորեն դեռ չհռչակած, մենք՝ հայերս, վերըստին նարդի խաղանք թուրքերի հետ…, այնքան կշարունակեք մնալ՝ որպես նոր իրականացվելիք ցեղասպանությունների շահամետ հանդուրժող, հետեւաբար եւ՝ կողմնակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել