Ազատության գինը մշտական զգոնությունն է
Երբ երիտասարդ եք, ծննդյան օրերին արձանագրում եք, որ մեծացել եք եւ առաջ եք նայում։ Երբ մի քանի տարի կա արդեն հետեւում, ծննդյան օրերը հետ նայելու եւ տարիների ընթացքում Ձեր արածը գնահատելու հնարավորություն են։ 1949թ. Եվրոպայի խորհրդի ստեղծման նպատակով Լոնդոնի պայմանագրի ստորագրման 60-ամյակը հնարավորություն է ընձեռում թե՛ մեկը եւ թե՛ մյուսն անելու։
Վաթսուն տարի առաջ պետական գործիչները, որոնք ստեղծեցին Եվրոպայի խորհուրդը, հստակ գիտեին, թե ինչ են անում։ Ահա թե ինչու մեր կանոնադրությունն այսքան հակիրճ է, այսքան հստակ եւ այսքան պարզ։ Եվրոպայի խորհրդի գոյության նպատակն է հասնել «առավել մեծ միասնության իր անդամների միջեւ՝ հանուն այն իդեալների եւ սկզբունքների պահպանման եւ իրագործման, որոնք նրանց ընդհանուր ժառանգությունն են, եւ հանուն տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանման»։ Կազմակերպությունն այս նպատակն իրագործում է ընդհանուր մտահոգության առարկա հանդիսացող խնդիրների քննարկման եւ համաձայնագրերի ու տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական, իրավական ու վարչական հարցերում համատեղ գործողությունների միջոցով եւ պահպանում ու իրագործում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։
Հիմնադիր տասը երկրները շեշտեցին, որ հոգեւոր եւ բարոյական արժեքները անձի ազատության իրական աղբյուրն են, եւ պնդեցին, որ միանման մտածող եվրոպական երկրների միջեւ առավել մեծ միասնությունն անհրաժեշտ է այդ իդեալների իրականացման համար։ Այսպես է նաեւ այժմ, քանի որ մենք փորձում ենք կառուցել մի ընդհանուր հիմք՝ այն ութ հարյուր միլիոն եվրոպացիների համար, ովքեր ապրում են այն քառասունյոթ պետություններում, որոնք այժմ մեր կազմակերպության անդամներն են։
Երբ 2005թ. Վարշավայում կայացած հանդիպման ժամանակ կառավարությունների ղեկավարները վերանայեցին Եվրոպայի խորհրդի գերակայությունները, նրանք սահմանեցին Եվրոպայի խորհրդի ապագա գործունեության ուղենիշներ՝ շեշտադրելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման եւ իրավունքի գերակայության երաշխավորման հիմնական ուղղությունները։
Սակայն գործնականում կա թե՛ հետընթաց եւ թե՛ առաջընթաց։ Ազատության գինը, ինչպես բոլորս գիտենք, մշտական զգոնությունն է։ Մի մութ ամպ դեռ շարունակում է կախված մնալ Եվրոպայի գլխավերեւում, որպես ԿՀՎ-ի կողմից իրականացված հանձնման թռիչքներում եվրոպական մի շարք կառավարությունների հանցակցության մեղադրանքների արդյունք, եւ այս հարցը դեռեւս լուծում չի ստացել, որքանով որ այն առնչվում է Եվրոպայի խորհրդին։ Ներկա խնդիրները ծանր են, բայց չպետք է ուշադրությունը շեղեն վեց տասնամյակների ընթացքում գրանցված այն ձեռքբերումներից, որ մենք իրավամբ կարող ենք տոնել այս տարեդարձին։
Իսկ բոլորովին վերջերս մենք զինված հակամարտություն ունեցանք երկու անդամ պետությունների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ չնայած տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու նրանց հանձնառություններին։
Ավելի քան 200 կոնվենցիաները, որոնց շուրջ անդամ պետությունները համաձայնության են եկել, հանդես են գալիս իբրեւ տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական եւ վարչական ոլորտներում բազմաթիվ հարցերի վերաբերյալ ընդհանուր չափանիշների փնտրտուքի հուշարձան։ Նրանք դպրոցական ատեստատների համարժեքության ոլորտից տարածվում են դեպի բժշկական օգնության բնագավառ եւ հասնում մինչեւ ահաբեկչության, կիբեռհանցագործությունների եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում սոցիալական իրավունքների պաշտպանության ոլորտ։ Կոնվենցիաները հաստատում են իրենց քաղաքացիներին, անկախ վերջինների բնակության վայրից, համեմատելի չափանիշներ առաջարկելու նպատակով բոլոր եվրոպական պետությունների ավելի սերտ համախմբվելու շարունակական ջանքերը։
Բացի այդ, Եվրոպայի խորհուրդը ստեղծել է տասներեք հատուկ գործակալություններ, հաճախ զուտ մի քանի անդամ պետությունների նախաձեռնությամբ, որոնց դռները միշտ բաց են մյուսների համար։ Դրանք զբաղվում են այնպիսի հարցերով, ինչպես՝ դեղամիջոցների հիմնական գիտական սահմանումների ստանդարտացում, հակակոռուպցիոն միջոցների մշակում, լեզվական կրթության բարելավում եւ թմրանյութերի չարաշահման ու անօրինական թրաֆիքինգի դեմ պայքար։ Հաճախ լինելով անհայտ իրենց մասնագիտական ոլորտի շրջանակներից դուրս՝ դրանք մեծ ներդրում են ունենում մայրցամաքում միասնական չափանիշների սահմանման առումով՝ հաճախ ազդեցություն ունենալով նաեւ աշխարհի այլ վայրերում, ինչը գերազանցում է Եվրոպայի խորհուրդը ստեղծողների երբեմնի բոլոր պատկերացումները։
Եվ Եվրոպայի խորհուրդը շարունակում է լինել այն առաջնորդող կազմակերպությունը, որը վերահսկում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը մեր մայրցամաքում։ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի եւ Մարդու իրավունքների հանձնակատարի հետաքննական գործունեության առկայությամբ, մեր անդամ պետությունների իշխանությունները՝ դատարաններ, ոստիկանություն, ազատազրկման վայրեր, ենթակա են մանրազնին ստուգումների եւ անհրաժեշտության դեպքում անվանարկվում եւ ամոթանքի են արժանանում։ Ոչ մեկին հաճելի չէ դատապարտվել ընկերների դատարանում, եւ մեր անդամ պետությունները ջանք չեն խնայում պարսավանքներից խուսափելու համար՝ ապահովելով համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ Դիտորդական առաքելություններն այցելում են պետություններ, որոնք աջակցության կարիք ունեն, եւ նրանց հրապարակվող զեկույցներն ուժեղացնում են հանրային կարծիքի ճնշումը՝ ամբողջ մայրցամաքում մարդու իրավունքների պաշտպանության բարձր չափանիշների ապահովման համար։
Դեռ ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս 60 տարիներին Եվրոպայի խորհրդի նվաճումների կենտրոնում է։ Դատարան դիմումների թիվը (62000 դիմում միայն 2008թ.-ին) վկայում է նրա կարեւորության մասին։
Ինչ վերաբերում է ապագային, ապա Եվրոպայի խորհուրդը չորս հիմնական խնդիր ունի՝
1. Եվրոպական իրավական տարածքի հզորացում։ Մենք պետք է վերանայենք եւ փոփոխություններ կատարենք գոյություն ունեցող բազմաթիվ կոնվենցիաներում։ Դրանցից որոշները թարմացվելու կարիք ունեն, իսկ աշխատանքի նոր ոլորտները պետք է կազմակերպվեն նոր կոնվենցիաների շրջանակներում։
2. Մարդու իրավունքների պաշտպանության վերահսկման համակարգի ամրապնդում։ Անվանարկելն ու ամոթանքի ենթարկելը օգտակար մեխանիզմ է, բայց Եվրոպայի խորհրդին ավելի շատ քաջալերող եւ քննադատող մեթոդներ են պետք երաշխավորելու, որ անդամ պետություններն առաջ գնալու փոխարեն հետընթաց չապրեն։ Պատժից չպետք է խուսափեն նրանք, ովքեր իշխանություն ունեն մի անդամ պետությունում, որտեղ պետական լիազորությունները չարաշահվում են ի հաշիվ անհատի։
3. Աջակցության ծրագրերի մշակում այն անդամ պետությունների համար, որոնք ուզում են ավելի լավ աշխատել։ Բոլոր անդամ պետությունները միացել են Եվրոպայի խորհրդի բարձր չափանիշներին եւ ուզում են ապրել այդ չափանիշներին համապատասխան, սակայն նրանցից մի քանիսին ավելի շատ օգնություն է անհրաժեշտ, քան մյուսներին։
4. Ավելի լավ տեղեկատվություն, թե ինչ ենք անում եւ ինչ ենք արել։ Եվրոպայի խորհրդի աշխատանքի առավել մեծ տեսանելիության ապահովումը կօգնի կառավարությունների մտքում խարսխել մեր ձեռքբերումները եւ երաշխավորել նրանց շարունակական աջակցությունը երբեմն իրենց կաշկանդող հանգամանքների մեջ դնող ընկերոջը։
Այս չորս խնդիրներին անդրադառնալով՝ մենք կարող ենք ստեղծել դրական փոփոխությունների պարույր, երբ կրկին ոգեշնչված Եվրոպայի խորհուրդը կարող է առավել ընդգրկուն Եվրոպան ավելի արժանի վայր դարձնել թե՛ բարոյական եւ թե՛ նյութական իմաստով։ Եվրոպայի խորհուրդը միշտ էլ եղել է եւ մնում է կենսական տարր մեր պետությունների կառավարման գործում մարդկային բնույթի առավել լավ հատվածի դրական արտահայտման համար մղվող շարունակական պայքարում։