Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի սպասելիս

Մայիս 08,2009 00:00

\"\"Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր, «Երեւանի Գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը երեք-չորս ամիսը մեկ Դիլիջան, Իջեւան եւ Բերդ քաղաքներում հանդիպում է ընտրողներին ու օգնություն բաժանում:

Թե ինչու են մեր համաքաղաքացիները պատգամավորներից որակյալ օրենքներ պահանջելու փոխարեն դրամական օգնություն խնդրում՝ այլ հարց է: Թե ինչու են պատգամավորները որակյալ օրենքներ գրելու փոխարեն գումարներ բաժանում՝ նույն հարցի հակառակ երեսն է: Հակոբ Հակոբյանի հերթական այցի ժամանակ անակնկալներ չեղան: Եղան դիմումներ՝ ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, բուժման եւ ուսման վարձը վճարելուն օգնելու, պարզապես դրամական աջակցության խնդրանքով: Իջեւանի դպրոցներից մեկի պատմության ուսուցչուհին իր ղեկավարած դասարանը մայիսի 8-9-ին Շուշի էքսկուրսիա տանելու համար 430 հազար դրամ խնդրեց, սակայն ստացավ 100 հազար: Մարզից մի բանաստեղծուհի պատգամավորին իր ժողովածուի օրինակներն էր առաջարկում գնել: Պատգամավորը խոստացավ 20 օրինակ վերցնել, սակայն 50-ն անց բանաստեղծուհին ակնհայտորեն ավելի մեծ ակնկալիք ուներ: Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանի նորանշանակ տնօրենը դրամական օգնություն հայցեց մշակութային հաստատությունը ցանկապատելու համար: Իջեւանցի միայնակ թոշակառու, Հայրենական պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ Վլադիմիր Գուլակյանը արդեն մի քանի տարի «մաշում» է դատարանների դռները, սակայն հարեւանի հետ տարածքային խնդիրը այդպես էլ լուծում չի գտնում՝ խնդրեց օգնել:

Քաղաքացիներին լսելուց հետո «Առավոտի» հետ զրույցում Հակոբ Հակոբյանը ասաց, որ լավ օրից չէ, որ մարդիկ դեղի կամ հացի փող են խնդրում եւ ինքն էլ օգնում է՝ որքան կարողանում է: Օգնում է դպրոցներին, մանկապարտեզներին, գյուղացիներին, ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող Դիլիջանի «Իմպուլսին», որի նախագահը իր որդին է:

Մարզում լուրեր էին տարածվել, թե Հակոբ Հակոբյանը Դիլիջանում գտնվող իր խոզանոցի համար Վրաստանից աֆրիկյան ժանտախտով վարակված անասնակեր եւ գոճիներ էր բերել՝ համաճարակ տարածելով նաեւ Տավուշի մարզում եւ Հայաստանում:

Հակոբ Հակոբյանը ժխտեց այս լուրերը: Նրա խոսքով, իրեն պատկանող խոզանոցում սատկած առաջին խոզը Երեւանում լաբորատոր զննության է ենթարկվել եւ պարզվել է, որ կենդանին աֆրիկյան ժանտախտով հիվանդ չի եղել: Դրանից հետո զննության համար խոզանոց է եկել մի պաշտոնյա, ով էլ, պարոն Հակոբյանի վկայությամբ, դիտավորյալ ներկրել է վարակը: Նույն պաշտոնյան զանգել է Հակոբյանին եւ հորդորել խոզերին շուտ մորթել եւ վաճառել հիվանդ կենդանիների միսը: Հակոբյանը զերծ է մնացել «ծուղակ-խորհուրդը» կատարելուց. բոլոր անասունները սպանդի են ենթարկել, իսկ միսը՝ թաղել: Այժմ նույն խոզանոցում կրկին խոզեր են աճեցվում, քանզի Հակոբյանը վստահ է, որ աֆրիկյան ժանտախտի օջախը այդտեղ չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել