Սիսիանի նախկին եւ գործող քաղաքապետերի հեռակա «պայքարը» շարունակվում է
«Առավոտի» այս տարվա փետրվարի 20-ի համարում «Նոր բարքեր Սիսիանում» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 2-ին, Սիսիանի նոր քաղաքապետի ընտրությունից մոտ 1 ամիս անց, արձակուրդ է գնացել Սիսիանում գործող «Որոտանի ղողանջներ» կամ «Սյունի» հեռուստաընկերությունը: Իսկ փետրվարի 24-ի համարում «Սյունի» հեռուստաընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանը պարզաբանել էր, թե իրականում արձակուրդ է գնացել ոչ թե ողջ հեռուստաընկերությունը, այլ՝ լրատվական ծառայությունը, եւ մարտի 1-ից կվերսկսի իր աշխատանքները: Սակայն մարտի 1-ից ոչ միայն լրատվականը չսկսեց իր աշխատանքները, այլեւ ոչ մի հաղորդում եթեր չհեռարձակվեց: Այս հրապարակումից հետո այցելեցինք «Սյունի»: Տնօրեն Արայիկ Հարությունյանը հրաժարվեց հարցազրույցից՝ ասաց ժամանակ չունեմ:
Իսկ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի աջակցությամբ եւ նախաձեռնությամբ ստեղծվել է նոր հեռուստատեսություն՝ «Սիսակն», որը եթեր է հեռարձակվում կաբելային «Անգեղ TV» հեռուստատեսությամբ եւ շաբաթական մեկ անգամ մոտ 30 րոպե լրատվական թողարկում ներկայացնում: Ըստ քաղաքապետի, ամեն ինչ օրենքի շրջանակներում է: «Մենք հեռարձակող չենք, մենք արտադրող ենք, իսկ կաբելային հեռուստատեսությունը իրավունք ունի վերահեռարձակել: Ինչքան գումար նախատեսել էինք բյուջեով, դա արդեն կգնա «Սիսակնին»: «Սյունիին» բյուջեից այլեւս գումար չի տրամադրվելու, ես իրա հետ չունեմ»: «Սյունին» եւս մասնակցել է մրցույթին, սակայն չի հաղթել: Ի դեպ, մրցույթին մասնակցել է նաեւ «Սիսիանի ձայն» թերթը եւ հաղթել ու քաղաքապետարանից կստանա մոտ 3 միլիոն դրամ:
Սրանով, սակայն, «Սյունիի» եւ քաղաքապետարանի հարաբերությունները չեն ավարտվել: Գործող քաղաքապետի հիմնադրած «Սիսակնի» տնօրենն է նախկին քաղաքապետի հովանավորությունը վայելող «Սյունիի» նախկին փոխտնօրենը, «Սիսիանի ձայն» թերթի նախկին խմբագիր Արմեն Հովակիմյանը: «Սիսիանի ձայնը» կղեկավարի «Սյունիի» կադր Սրբուհի Գրիգորյանը: Նոր հեռուստատեսությունում աշխատում են «Սյունիից» ազատվածները:
«Սիսակնի» տնօրեն Արմեն Հովակիմյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է տարբերվելու «Սիսակնը» «Սյունիից»: Պարզվեց՝ չի տարբերվելու, «որովհետեւ նույն աշխատողներն են, նպատակը նույնն է՝ լրատվություն տալ: Տարբերությունը, թերեւս, միայն հասանելիությունն է: «Սյունին» այն ժամանակ բոլորի համար էր, հասանելիության խնդիր չկար: «Սյունիի» լսարանը ավելի մեծ էր, քան հիմա «Սիսակնինն» է, որովհետեւ բնակչության մեծ մասը չունի կաբելային հեռուստատեսություն: Ի՞նչ պետք է անեինք, ընտանիք չպահենք, թե զոհ ենք գնում գաղափարախոսությա՞նը, հա՞: Իհարկե, շատ ենք ցավում, շատ ավելի ենք ցավում, քան ցավողներն են ցավում: Բայց մենք էլ մեր սկզբունքներն ու պրինցիպներն ունենք, բայց, ցավոք սրտի, ոչինչ չենք կարող անել»:
Սիսիանցիների մի մասի կարծիքով, քաղաքապետի՝ նոր «ստուդիա» ունենալու որոշումը ճիշտ է, քանի որ հին «ստուդիան» նախկին քաղաքապետի խոսափողն էր: Սիսիանում գործող «Վի Էյջ Սթոուն» ընկերության տնօրեն Գառնիկ Հովակիմյանը, ով տարիներ առաջ Սիսիանի քաղաքապետն էր եւ, իր խոսքով՝ ստուդիայի հիմնադիրը, չհիշեց, թե հեռուստատեսության անունն ինչ էր, ասաց, «այն կոչված էր նախկին քաղաքապետին գովազդել, քաղաքապետը բյուջեից փող էր տալիս, որ իրեն գովեն, տհաճ է, չինովնիկին գովելը ո՞րն է՝ չեմ հասկանում»:
«Ոչ նախկին քաղաքապետը, ոչ էլ ներկայիս քաղաքապետը որեւէ պահանջ մեր առաջ չեն դրել: 10 տարուց ավելի է, որ այնտեղ («Սյունի» հեռուստաընկերությունում- Լ.Խ.) մեր հիմնական կորիզը աշխատում է եւ մենք՝ լրագրողներս գիտակցել ենք, թե այն ում սեփականությունն է եւ հնարավորինս պաշտպանել ենք տվյալ մարդու շահերը, իհարկե, հաշվի առնելով նաեւ լրագրողական էթիկան եւ սկզբունքները, այնքանով, որքանով մեզ դա հաջողվել է: Այս պահին դեռեւս չունենք խոսքի ազատության սահմանափակում, նաեւ սուտ կլինի, որ ասեմ՝ «Սյունիում» ունեցել ենք: Ներկայիս քաղաքապետը նման խնդիր չի դրել, դեռ ավելին՝ ասել է. եթե կարող եք՝ որպես լրատվամիջոց վեր հանեք բոլոր այն խնդիրները, որոնք ես չեմ նկատում, գուցե դրանց հիման վրա ես սկսեմ աշխատել»:
Քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին հարցրինք՝ ո՞րն է նոր ստուդիա ունենալու նպատակը, պատասխանեց. «Բարոյական կլիներ, եթե նախորդ իշխանավորները ստուդիան էլ տային, որը ձեւավորվել է քաղաքապետարանի որոշումով ու միջոցներով: Կանոնադրության մեջ մինչեւ հիմա գրված է՝ «քաղաքապետարանին կից գործող «Որոտանի ղողանջներ»: Երկու տեսախցիկ, հեռուստացույցներ, տեսամագնիտոֆոններ. ամբողջը ձեռք է բերվել քաղաքապետարանի միջոցներով եւ չգիտես ինչ պայմաններում հատկացվել է ՍՊԸ-ին: Կանոնադրության մեջ փոփոխություններ են կատարվել եւ մասնավորն է դարձել սեփականատերը: Իսկ եթե անկախ լրատվամիջոց է, ուրեմն թող հիմա էլ գործի, ես միայն ուրախ կլինեմ, որ հակադիր կարծիքներ լինեն»: