Խարդախության գործով դատավճիռը հրապարակված է
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Գ. Ավետիսյան) երեկ հրապարակվեց բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատապարտված Լաուրա Խաչատրյանի դատավճիռը: ՀՀ ոստիկանության Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի կողմից Լ. Խաչատրյանի նկատմամբ անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության համար:
Լ. Խաչատրյանն 2004-ից աշխատել է Երեւանի ագրարային համալսարանում՝ որպես դասախոս: Նա իր ծանոթ Ա.Հ.-ին խոստանում է, որ նրա որդուն՝ Գ.Հ.-ին կօգնի, որպեսզի ընդունվի Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ՝ «անկախ նրա գիտելիքներից»: «Միջնորդը» եւ ծանոթը հանդիպում են «Դրախտ» ռեստորանում: Լ. Խաչատրյանն ասում է, որ գործը գլուխ կգա 5000 դոլարով, սակայն ծանոթի պատվին գինն իջեցնում է եւ նրանից ստանում 4000 դոլար գումար:
Սակայն Գ.Հ.-ի հարցով ոչինչ չի ձեռնարկում՝ դիմորդի քննությունները թողնելով բախտի քմահաճույքին: Ի դեպ, Գ.Հ.-ն ընդունվում է ԵՊՀ հեռակա ուսուցման բաժին:
Դատարանում Լ. Խաչատրյանն իրեն մեղավոր ճանաչեց: Նա հայտնեց, որ իր ընտանիքը գտնվել է սոցիալական ծանր վիճակում: Ուստի, երբ առաջին անգամ հիվանդանոցում հանդիպել է իր ծանոթին՝ Ա.Հ.-ին, տեղեկանալով, որ նրա որդին բուհ է ընդունվելու, ասել է՝ կօգնի, քանի որ ունի բազմաթիվ կապեր հանձնաժողովներում: «Հույս ունեի, որ Գ.Հ.-ն իր ուժերով կարող է ընդունվել»,- նշեց նա:
Լ. Խաչատրյանը ԵՊՀ-ից կարողացել է վերցնել Գ.Հ.-ի առաջին կուրս ընդունվելու մասին տեղեկանքը, նրա անվամբ վարձավճարը մուծելու հաշիվ-ֆակտուրան: Դասախոս Լ. Խաչատրյանն իր ձեռքով պատրաստել է Գ. Հ.-ին զինծառայությունից տարկետում տալու մասին տեղեկանքը: Այսինքն՝ ամեն ինչ արել էր, որպեսզի վստահություն եւ ժամանակ շահի: Սակայն հետագայում պարզվել էր, որ գումարը տեղ չի հասել:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հաշվի առավ այն, որ ամբաստանյալը կին է, որ մինչ այդ դրական բնութագիր է ունեցել եւ նրա խնամքին կա մեկ անչափահաս երեխա (2-րդ երեխան չափահաս է), նաեւ այն, որ կինն առաջին անգամ է հանցագործություն կատարում: Դատարանը նրան դատապարտեց 1 տարվա ազատազրկման: Ի դեպ, նկատենք, որ Լ. Խաչատրյանը տուժողի գումարը մինչդատական վարույթում վերադարձրել էր: Լ. Խաչատրյանը չկալանավորվեց եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին, մնաց անփոփոխ: Այսինքն՝ 1 ամիս, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: