Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵԼՈՒ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ»

Մայիս 08,2009 00:00

\"\"Ասում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանը

Շուշիի ազատագրման օրվա առիթով երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում գեներալ Սամվել Բաբայանն անդրադարձավ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրներին: Ի պատասխան այն հարցի, թե հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում ի՞նչ փոխզիջումների կգնա Հայաստանը Ղարաբաղի հարցում եւ ինչպե՞ս դա կանդրադառնա հետագա զարգացումների վրա, Ս. Բաբայանը նախ քննադատեց երկրի իշխանություններին՝ բաց եւ հրապարակային չաշխատելու համար, ինչն, ըստ իրեն, տարաբնույթ հետեւությունների տեղիք է տալիս: «Ես որեւէ մտավախություն չունեմ, թե կլինեն մեզ համար անընդունելի զիջումներ, քանի որ խնդիրը լուծվում է Ստեփանակերտում, միայն ու միայն Ստեփանակերտում, Ղարաբաղի ժողովրդի կողմից: Երեւանում նստած՝ ոչ ոք չի կարող լուծել նրանց ճակատագիրը: Հենց եկավ պահը, եւ ղարաբաղցիները զգացին այն վտանգը, որ կա, ոչնչի չեն ենթարկվի: Մի խոսքով, ես մտավախություն չունեմ եւ մոտ ապագայում այդ խնդրի լուծումը չեմ տեսնում»,- ասաց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը:

Բաբայանը գտնում է, որ զիջումներ պարտադիր պետք է լինեն, պարզապես պետք է լինեն չափի մեջ եւ կարեւորվեն ռազմավարական, էկոլոգիական շատ խնդիրներ, պետք է հաշվի առնվեն մասնագետների կարծիքները. «Եթե կողմերը նստում են բանակցությունների, ապա պետք է գնան փոխզիջումների: Հայկական կողմը, իմ կարծիքով, վաղուց փոխզիջման է գնում, սկսած պատերազմի տարիներից՝ բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, որ չազատագրեն, չխորանան ավելի: Բայց այդ փոխզիջումները պետք է պաշտպանեն ժողովրդի անվտանգության խնդիրները: Կան խնդիրներ, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում՝ տնտեսական, մասնագիտական: Պետք է բոլոր մասնագետներն աշխատեն հնարավոր փոխզիջման ճիշտ տարբերակը գտնելու համար: Երեւանից այն կողմ չճանաչող մարդը, երբ խոսում է փոխզիջման մասին՝ անընդունելի է: Որովհետեւ նա տեղյակ չէ, թե ինչից է խոսում եւ ինչ է տալիս»: Թե ինչու ԼՂ-ն՝ որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն դուրս եկավ բանակցային գործընթացից, գեներալը կապում է որոշ ղարաբաղցիների ամբիցիաների հետ, ովքեր ժամանակին դուրս եկան իր դեմ: Թե կոնկրետ ովքեր՝ գեներալը անուններ չտվեց: Պարզապես ասաց. «Եթե անուններ եք փնտրում, ապա բացեք 1999 թ. դեկտեմբերի 15-ի Անվտանգության խորհրդի կազմը, բոլոր անունները կան: Այսօրվա ընդդիմության շարքերում գտնվող շատ մարդիկ Ռոբերտ Քոչարյանի առջեւ դրել էին մի խնդիր. Սամվել Բաբայանին ազատել պաշտոնից, որ «մենք մեզ իշխան զգանք»: Հիմա մայթին կանգնել են ու գոռում են, թող այդպես շարունակեն գոռալ»: Սամվել Բաբայանը բացառեց Ռոբերտ Քոչարյանի դերակատարումը այդ հարցում, ասելով, որ այդ ժամանակ նա ավելի վատ վիճակում էր, քան ինքը:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրիլի 23-ին ստորագրված համաձայնագրի առիթով Սամվել Բաբայանն ասաց. «Թուրքիան պետք է ինչ-որ մի փաստաթղթի տակ ստորագրեր՝ ապրիլի 24-ը Ամերիկայի կողմից վիժեցնելու համար, դրա համար էլ ստորագրեց»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, գեներալը կարծիք հայտնեց, որ Թուրքիան հազիվ թե Հայաստանի հետ ցանկանա ստեղծել այնպիսի հարաբերություններ, որը կվնասի Ադրբեջանի եւ թուրքալեզու այլ հանրապետությունների հետ իր հարաբերությանը: Նա համոզմունք հայտնեց նաեւ, որ Թուրքիան ինքը կվիժեցնի Հայաստանի հետ հարաբերությունը. «Իհարկե, Հայաստանի համար լավ է, ճանապարհ կբացվի դեպի Եվրոպա, բայց տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ Թուրքիան առանց նախապայմանների նման բարեգործություն կանի: Նա մեր առջեւ արդեն նախապայման է դրել՝ ճանաչել իր տարածքային ամբողջականությունը: Ուստի ճիշտ չէ, թե նա առանց նախապայմանների է նստում բանակցությունների»:

Անդրադառնալով Երեւանում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, Ս. Բաբայանն ասաց. «Այդ ընտրությունը բաշխվելու է կոալիցիոն ուժերի շրջանակում եւ պայքարել, թե կոալիցիայի ուժերից որը ինչքան ձայն կհավաքի՝ անիմաստ եմ համարում: Որովհետեւ նույն կոալիցիոն թիմը շարունակելու է նաեւ քաղաքը ղեկավարել: Իսկ թե կընտրվի հանրապետականը, դաշնակցականը, թե բարգավաճը, ի՞նչ կապ ունի: Ես չեմ գտնում, որ ընդդիմությունը վերցնելու է համապատասխան թվով ձայներ, որը ազդեցիկ կլինի, կհավաքի ընդամենը 15-20% ձայն: Այդքան էլ պետք է իշխանությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել