Քանաքեռ-Զեյթուն համայնքի փոխթաղապետ Գագիկ Ավետիսյանը վստահեցնում է, որ ինքը հոգով-սրտով հանրապետական է:
Վերջերս համառ լուրեր են պտտվում, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի փոխթաղապետ, հանրապետական Գագիկ Ավետիսյանը, որը ծնունդով քանաքեռցի է եւ իր նախընտրած թեկնածուի համար կարող է ընկեր-հարազատ-բարեկամների հաշվին ընտրազանգված ապահովել, Երեւանի ավագանու ընտություններին աշխատում է ոչ թե «հարազատ» կուսակցության թեկնածուի, այլ՝ «Բարգավաճ Հայաստանի» օգտին: Ընդ որում, նա դա անում է խիստ գաղտնի պայմաններում: Ըստ որոշ տեղեկությունների, վերջերս հանրապետականների շրջանում պարոն Ավետիսյանի դիրքերը թուլացել են, եւ որպեսզի մնա իր պաշտոնում, նա ծրագրել է ԲՀԿ-ի հաշվին աթոռը պահել:
Նշենք, որ մոտ 1 ամիս առաջ Գ. Ավետիսյանի որդին մի երիտասարդի հետ բակային վիճաբանության ժամանակ հարվածել էր նրան, որը հաջորդ օրը մահացել էր: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ, այս միջադեպը փոխթաղապետի համար խնդիրներ է ստեղծել, ուստի պարոն Ավետիսյանը որոշել է ԲՀԿ-ով հարցերը լուծել: Նա Քանաքեռ-Զեյթունում ապրող իր մտերիմներին արդեն իսկ հորդորել է ավագանու ընտրությունների ժամանակ ընտրել ԲՀԿ-ին, ակնկալելով, որ համայնքի ղեկավարն էլ կնշանակվի նույն կուսակցությունից, եւ այդպիսով իր դիրքերը կամրանան:
Այս համայնքում բավականին շատ են ԲՀԿ-ականները, որոնք նման նախաձեռնության համար միայն ուրախ կլինեն: Նշենք նաեւ, որ համայնքում ամեն ընտրության ժամանակ ԲՀԿ-ի համար աշխատում էր «Որսորդմիության» ղեկավար Սայաթ Դավթյանը, որի սպանությունից հետո այդ գործերով ըստ էության զբաղվող չկար, իսկ քանի որ Գ. Ավետիսյանը մտերիմ հարաբերություններ ուներ Ս. Դավթյանի հետ, ուստի որոշել է նման պատասխանատու աշխատանքն իր վրա վերցնել ու նրա կիսատ մնացած գործը շարունակել:
ԲՀԿ-ի օգտին ընդհատակյա աշխատելու մասին լուրը երեկ «Առավոտը» փորձեց ճշտել փոխթաղապետ Գ. Ավետիսյանից:
«Ես հանրապետական եմ եւ շատ հարգում եմ ու լավ ճանաչում եմ հանրապետականների թեկնածու Գագիկ Բեգլարյանին: Ես միայն մի բան կասեմ, որ ծառայում եմ իմ կուսակցության համար: Ես շիտակ մարդ եմ եւ, հետո, ի՞նչ կարիք ունեմ «Բարգավաճի» համար աշխատելու: Ես գիտեմ, թե այդ լուրերն ում ձեռքի գործն են: Բայց ինձ պետք չէ անուններ տալ: Դա սեւ PR է՝ ուղղված իմ դեմ: Ես էն մարդը չեմ, որ ուղտին նստեմ՝ կուզեկուզ ման գամ: Գնացե՛ք, Քանաքեռում հարցրե՛ք, թե ո՛վ է Գագիկ Ավետիսյանը, ինչ հեղինակություն եւ ինչ ընտանիք ունի»,-ասաց պարոն Ավետիսյանը:
Մենք փոխթաղապետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում է գտնվում նրա որդու հետ կապված միջադեպի գործը: Մեր հարցին ի պատասխան, պարոն Ավետիսյանն ասաց, որ առայժմ քննություն է ընթանում, եւ ինքը ոչինչ չի կարող ասել. «Ես համոզված եմ, որ իմ էրեխեքս անմեղ են»: Մեր այն հարցին էլ, թե միջադեպը վնասե՞լ է փոխթաղապետի հեղինակությանը եւ արդյո՞ք ՀՀԿ-ն այդ պատճառով նրանից երես է թեքել, պարոն Ավետիսյանն ասաց. «Դա բացարձակորեն չի անդրադարձել իմ հեղինակության վրա: Մարդիկ էլ գտնում են, որ այդ միջադեպը դժբախտ դեպք է եղել»: