Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԸՆՏԱՆԻՔ ՈՒՆԵՆԱՄ, ՈՐ ՄԵՆԱԿ ՉՄՆԱՄ»

Մայիս 08,2009 00:00

Սոնան տեղաշարժվելու խնդիրներ ունենալու պատճառով անգամ դպրոց չի գնացել

25-ամյա Սոնան տնից դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ խիստ անհրաժեշտ է եւ պետք է բժշկական զննման ենթարկվի: Նա դժվարանում է քայլել եւ առանց կողմնակի օգնության՝ չի կարողանում տեղաշարժվել:

Այն, որ մեր երկրում հաշմանդամները դեռեւս ինտեգրված չեն հասարակությանը եւ նրանց համար բավականին դժվար է մայրաքաղաքի, առավել եւս մարզերի փողոցներում տեղաշարժվելը, փաստ է: Եվ քանի որ ո՛չ հասարակական տրանսպորտը, ո՛չ փողոցները, ո՛չ կրթական հաստատությունները եւ ո՛չ էլ սպասարկման ու ժամանցի օբյեկտները հարմարեցված չեն հաշմանդամների համար, ուստի մեր երկրում ապրող հաշմանդամները ստիպված են միայն խիստ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալ:

«Առավոտս սկսվում է սովորականի պես, լվացվում եմ եւ չնայած տնից դուրս չեմ գալիս, բայց միշտ դեմքս հարդարում եմ: Արդեն 1 տարի է՝ սկսել եմ ճաշ եփել: Պետք է ապրել, զբաղվել ինչ-որ բանով: Շատ կուզեի դուրս գալ, շփվել մարդկանց հետ, աշխատել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Սոնան:

Սոնայի հոր՝ Հակոբի պատմելով, երեխան ծնվել է 6, 5 ամսականում, եւ բժիշկները ախտորոշել են մանկական պարալիչ հիվանդությունը:

«Դրանից հետո ուր ասես չեմ տարել երեխայիս: Մոսկվայում էլ է պառկել, սակայն այդպես էլ հնարավոր չեղավ որեւէ լուրջ հաջողությունների հասնել: Հետո ասացին, որ անհրաժեշտ է ոտքերի ներքեւի մասի ջլերը կտրել, սակայն այդպես էլ չարեցինք, քանի որ գոնե այս կերպ կարողանում է ոտքի վրա կանգնել, առօրյա գործերով զբաղվել»:

Սոնան քայլելու եւ տեղաշարժվելու խնդիրներ ունենալու պատճառով դպրոց էլ չի գնացել, սակայն սովորելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ, իր պատմելով, ինքնուրույն գրել-կարդալ է սովորում. «Շատ եմ կարդում. կարելի է ասել՝ միակ զբաղմունքս դա է: Առաջ հեքիաթներ էի շատ կարդում, հիմա՝ պատմվածքներ: Շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանին. նրա գրածների մեջ միշտ տխրություն կա»:

Սոնայի օրն սկսվում եւ ավարտվում է տան գործերով, բակում նստելով եւ հեռուստացույց դիտելով: «Առաջ մի տեսակ ավելի դժվար էր, չգիտեմ, հիմա երեւի սովորել եմ այս վիճակին, սակայն էլի հույս ունեմ, որ մի օր քայլելու եմ, դրա համար էլ ինքս ինձ վրա աշխատում եմ»,- ասաց Սոնան:

Մեզ հետ զրույցում Սոնան պատմեց, որ ուզում է երգչուհի դառնալ, ասում է, որ ամեն ինչ կաներ պրոֆեսիոնալ լինելու համար, սակայն քանի դեռ չի քայլում, չի կարող այդ երազանքն իրականացնել: Բայց Սոնայի համար ամենակարեւորն ընտանիք կազմելն է. «Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, ես էլ եմ երազում ամուսնանալ, երեխաներ ունենալ. այսպես ինձ համար ահավոր դժվար է, իսկ ծնողներս մի օր այլեւս իմ կողքին չեն լինի»: Սոնայի մայրը՝ տիկին Լյուդան, պատմեց, որ հազիվ է կարողանում հոգալ ընտանիքի կարիքները, իսկ Սոնայի բուժման համար ընտանիքը չի կարողանում միջոցներ գտնել:

«Կուզեի տնից դուրս գալ: Այ, օրինակ, երեկ գովազդում էին մեր շոու-բիզնեսի աստղերի համերգը, շատ կուզեի այնտեղ լինել: Ասում են՝ Կարմիր խաչում էլ որ պառկեմ՝ ահագին կօգնի, բայց ո՞նց: Գումարներ չկան»,-ասաց Սոնան:

Նա հաշմանդամության համար ընդամենը 11 հազար 200 դրամ թոշակ է ստանում: Անցյալ տարվանից էլ՝ այլեւս սոցիալական նպաստ չի ստանում, սակայն սոցիալական սուղ պայմանները չէ, որ նրան այդքան անհանգստացնում ու տխրեցնում են. «Ես ինձ միշտ շատ միայնակ եմ զգում: Մարդիկ ինձ հետ գրեթե չեն շփվում: Իսկ ովքեր էլ շփվում են, շատ շուտ հասկանում եմ, որ իրենց հետ ես չեմ կարողանում շփվել: Ինձ շատ բան պետք չի, ես ուղղակի մարդկային անկեղծ եւ բարի շփում եմ ուզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել