Լրահոս
Օրվա լրահոսը

2 միլիոնով հարստացրին բյուջեն

Մայիս 08,2009 00:00

\"\"Ապրիլի 6-ից տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները անօրինական գործող տաքսի ծառայություններին հայտնաբերելու համար մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում սկսեցին լայնածավալ ստուգումներ իրականացնել: Չնայած դրան, վարորդների շահերով զբաղվող հասարակական կազմակերպություններն ու անհատ վարորդներից շատերը չդադարեցրին ցույցերն ու դժգոհությունները եւ հայտարարեցին, որ առաջարկվող պայմաններով լիցենզավորվելու դեպքում՝ իրենք պարզապես պետք է դադարեն աշխատել, քանի որ պարտադիր հարկերը, սոցիալական վճարները, դեղին համարանիշի եւ սակաչափերի ձեռքբերման համար պահանջվող գումարը բավականին մեծ թիվ են կազմում: «Առավոտը» տրանսպորտի եւ կապի նախարարությունից հետաքրքրվեց, թե մոտ 1 ամիս տեւած ստուգայցերի ընթացքում քանի՞ անօրինական տաքսի է հայտնաբերվել եւ նրանցից քանի՞սն է լիցենզավորվել: Նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ապրիլ ամսվա ընթացքում իրականացված ստուգայցերի ընթացքում առանց պետական գրանցման գործող ավելի քան 500 տաքսիների վարորդներ են հայտնաբերվել, նրանց նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, ինչի արդյունքում էլ պետական բյուջե է մուտքագրվել 2 մլն 100 հազար դրամ: Այսօրվա դրությամբ, Հայաստանում գործում է 742 տաքսի: Վերջին 1 ամսվա ընթացքում լիցենզավորվել է 11 տաքսի ծառայություն, իսկ նախկինում գործող 65 կազմակերպություն ստացել է դեղին պետհամարանիշներ: Ընդամենը 1 ամսվա ընթացքում անհատ ձեռնարկատեր է դարձել նաեւ 109 անհատ տաքսու վարորդ: «Առավոտը» հետաքրքրվեց նաեւ այն մեքենաների ճակատագրով, որոնք 10 տարուց ավելի հնության են եւ, ըստ կանոնակարգի, իրավունք չունեն աշխատելու:

Տեղեկացանք, որ նախօրեին, նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նիստի ժամանակ, քննարկվել է նաեւ նրանց հարցը: Ներկայումս կա նման 838 մեքենա, որ աշխատում են, սակայն նախարարությունը քննարկում է նրանց խնդրին ժամանակավոր լուծում տալու հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել