Ըստ ՀՅԴ անդամ Արտակ Ավետիսյանի, հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու է ընդամենը 20 վաճառականի, հետեւապես ավելի լավ է նրանց ուղարկենք Թուրքիա, քան ազգովի պարտական դառնանք թուրքերին:
ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Արտակ Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին տնտեսապես որեւէ օգուտ չի բերի, եւ որ այն ձեռնտու է ընդամենը մի քանի առեւտրականների: Ըստ նրա, «հրապարակային դատարկաբանությամբ» զբաղելու փոխարեն, սահմանի բացման կողմնակիցները ճիշտ կանեն լուրջ փաստարկներ ու հաշվարկներ ներկայացնեն: «Ճիշտ կլինի կանչել ճանաչում ունեցող երեք տնտեսագետի, վերցնել Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, վիճակագրական տվյալները եւ փորձել հասկանալ՝ ի՞նչն է լավանալու Հայաստանում: Պետք չէ օդի մեջ հայտարարել, բերեք ժողովրդին գործով ապացուցեք, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ, ասենք, բացելուց հետո Հայաստանում կենսաթոշակը կկրկնապատկվի, ծառայողի աշխատավարձը կեռապատկվի, Հայաստանը դուրս կգա տնտեսական ճգնաժամից: Բոլոր դեպքերում մենք վերլուծելու համար մի որոշակի ժամանակահատված ունենք. 1991-93 թվականներին, երբ սահմանը բաց էր, եւ Թուրքիայի հետ ակտիվ առեւտրային շփումներ ունեինք: Սահմանը փակելուց հետո թուրքական ապրանքների ոչ ներհոսքը դադարեց, ոչ ծավալները կրճատվեցին, ոչ էլ շուկայում գների բարձրացում տեղի ունեցավ: Այսինքն, եթե առաջ առեւտրականների գերշահույթը, ենթադրենք, 200% էր, սահմանը փակվելուց հետո շրջանցիկ վրաստանյան տարածք մուտք գործելու հաշվին գերշահույթն իջավ՝ 150%: Եթե մենք էսօր սահմանը բացում ենք, որ 20 վաճառական կամ ինչ-որ առեւտրային կազմակերպություններ իրենց 100% շահույթի փոխարեն նորից ապահովեն 120% շահույթ, էս դեպքում սահմանի բացումը քսան հոգու համար է, ճիշտ կլինի նրա՛նց ուղարկենք Թուրքիա, գուցե այնտեղ ավելի լավ ապրեն ու ազգովի պարտական չլինենք թուրքերին սահման բացելու համար»,- առաջարկում է Արտակ Ավետիսյանը:
Նրա ներկայացմամբ, եթե անգամ սահմանի բացումը գործազուրկ գյումրեցիներին հնարավորություն տա օրինական աշխատանք գտնել Թուրքիայում, ապա ոչ բոլորը կդիմեն այդ քայլին: Ըստ մեր զրուցակցի, ներկա պահին Գյումրիից Թուրքիայում աշխատողները հիմնականում «հին» մասնագիտության տեր կանայք են, եւ պատճառն այն է, որ հայկական շուկայում նրանց պահանջարկը քիչ է, բայց նման ծառայությունների դեֆիցիտ չկա. «Մեր շուկայում ինչ-որ տեղ ավելցուկ պետք է լիներ էդ ապրանքի, նրանք էլ տեղափոխվեցին ուրիշ երկրներ»:
«Մշակութաբանության կենտրոնի» ղեկավար Թամարա Դարբինյանի կարծիքով էլ, սահմանի բացումից կօգտվեն միայն թուրքերը, որոնք նպատակադրված սնանկացման կհասցնեն հայ գյուղացուն: Ըստ Թ. Դարբինյանի, նրանք խորամանկորեն էժան գներով Հայաստան կներմուծեն իրենց գյուղատնտեսական ապրանքները ու կխփեն տեղի արտադրողների գործին, իսկ մեր երկիրը կհայտնվի կրկնակի ճգնաժամի մեջ: «Երբ մեզ մոտ տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժը, նրանք այդ օրերին դիվանագիտորեն կարողացան օգտագործել մեր ոսկին: Վատ վիճակում հայտնված այն հայերի ձեռքից, ովքեր ոչ ճիշտ ճանապարհով թափանցել էին Թուրքիա եւ նրանցից հագուստ էին ձեռք բերում, շատ արագ վերցրեցին տարիների կուտակած ոսկին: Իսկ այդ հագուստը ոչ միայն անհարիր էր հայ կանանց, այլեւ անմշակ էր, անորակ ու ազդում էր մեր առողջական վիճակի վրա: Կամ երբ ես մի անգամ փորձեցի կերակրել թոռնիկիս, հատուկ երեխաների համար «պեչենի» կա, այրեցի ու տեսա, թե ինչպես այրվեց, էլ դրանից հետո ի՞նչ հույս կապեմ ես թուրքի հետ, երբ թուրքի մեջ նստած է ոչնչացնելու փափագը, նրանք մինչեւ վերջ ուզում են իրենց հարվածը տալ հային»,- ասում է մշակութաբանը:
«Առավոտը» տնտեսագետ Թամարա Սիմոնյանից եւս հետաքրքրվեց, թե, նրա կարծիքով, տնտեսական առումով որքանո՞վ է շահավետ սահմանի բացումը: Տնտեսագետի ներկայացմամբ. «Մենք կունենաք ավելի էժան տրանսպորտային փոխադրումներ, Հայաստանը կդառնա էներգակիրների եւ ապրանքների տարանցիկ տեղափոխման ավելի էժան ուղի, իսկ դրանից շահում են երկուսն էլ՝ եւ Հայաստանը, եւ Թուրքիան: Մենք, ուզենք, թե չուզենք, սահմանը բացենք, թե չբացենք, հայերը եւ թուրքերը գործարար աշխարհում ունեն սերտ համագործակցություն, չբացելու պարագայում՝ այդ համագործակցությունը թանկ է նստում ինչպես Հայաստանի սպառողների եւ արտադրողների, այնպես էլ Թուրքիայի գործարար աշխարհի վրա: Երբ վերանում ենք հոգեբանական արգելքներից, տեսնում ենք, որ տնտեսապես շահավետ է: Եվ հետո, համաշխարհային փորձը ցույց է տվել, որ համաշխարհային առեւտուրը շահում է, երբ այդ առեւտուրը ազատ է լինում: Մեր էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքը մեծ պահանջարկ կարող է ունենալ Թուրքիայում»:
Ըստ Թ. Սիմոնյանի, պետք չէ մտավախություն ունենալ, որ թուրքական արտադրանքը ներխուժելով Հայաստան՝ կվնասի մեր արտադրողներին. «Մեր կառավարությունը կարող է որոշակի սահմանափակումներ մտցնել մի շարք ապրանքների գծով, ասենք՝ գյուղատնտեսական մթերքների ներմուծման, եթե գտնում է, որ հեռանկարում դրանց արտադրությունը մեր տնտեսության համար շահեկան կարող է լինել: Այնպես որ, կարելի է կարճ ժամանակահատվածում փորձել փրկել տնտեսությունը, մանավանդ՝ անկման փուլում գտնվող տնտեսությունը: Իսկ այն կարծիքները, թե դրանից կշահեն 20 կամ 50 վաճառականներ, խիստ չափազանցված են, զուտ տնտեսական հարթության վրա կշահի ամբողջ երկիրը»: