Լրահոս
Օրվա լրահոսը

Զարթնիր, առնականացած լաո

Մայիս 08,2009 00:00

Ֆուտբոլային դիվանագիտության գրավականը

Ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկման այս մոտ 1 տարվա պատմության ընթացքում պարբերաբար ակնառու են դառնում «սուր անկյունները»՝ սկսած Սերժ Սարգսյանի հայոց ինքնությունը ժխտող սեպտեմբերյան ելույթից, ավարտած ապրիլի 23-ի տխրահռչակ ուրվական-համաձայնագրով, որոնք խիստ մտավախության տեղիք են տալիս եւ բողոքներ առաջացնում՝ ցավոք, միայն նեղ շրջանակներում: Նույն «ֆուտբոլի» սխեմայով մենք ունենք հետեւյալը՝ եթե հայ ժողովուրդը դիտարկենք որպես թիմ, իսկ նախագահին՝ որպես մարզիչ, ապա թիմի շահերին խիստ հակադրվում է մարզիչի բոլոր քայլերի «ճանապարհային քարտեզը»:

Պոտենցիալ բոլոր «hարձակվողները» դուրս ենք բերվել դաշտից՝ ընկմղվելով Երեւանի ավագանու ընտրապայքարի մեջ. դրանով տարվեց ու լռեց նաեւ ՀՅԴ-ն, որը մինչ այդ բոլորին հուսադրեց իր վճռական հեռացումով իշխանական կոալիցիայից:

Հնարավոր «պաշտպանները»՝ առողջ դատող եւ դեռ հայրենասեր մնացած սակավաթիվ մտավորականությունը, մեկուսացվեց՝ զրկվելով գործելու/արտահայտվելու հնարավորությունից:

Առանցքային դերակատարը՝ դարպասապահը, որի դերն է տանում Ազգային ինքնությունը, վերակենդանացման բաժին ուղարկվեց իշխանավորների տարաբնույթ ոտնահարումներով:

Այսպիսով, թիմի (Հայոց ազգի) հաղթանակը անհնար է դառնում մարզիչի (ՀՀ նախագահի) նման ջանքերով…

Ամփոփելով մատնանշվածը, ինչպես նաեւ հիշատակելով ի պատասխան ՆԱՏՕ-ի ղեկավարի խայտառակ հայտարարությանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու պատճառի կոծկումը պետական այրերի կողմից, միջազգային համայնքի հրճվանքը ապրիլի 23-ի այդպես էլ անհայտ մնացած համաձայնագրով՝ ի հակառակ իրենց գովերգած ժողովրդավարության, թափանցիկության պարտադիր պահանջին, եւ այլ նմանաբնույթ գործընթացները՝ հարց ենք հղում ՀՀ իշխանություններին՝ ո՞րն է չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտության» իրական գրավականը:

Համարելով նման մոտեցումը ջախջախիչ հարված Հայոց ազգային անվտանգությանը՝ մենք հայտարարում ենք բոլոր մասնակիցներին ազգի դավաճան եւ պահանջում անհապաղ դադարեցնել նման խայտառակ եւ պարտվողական արտաքին քաղաքականությունը: Ոգեկոչելով համայն հայության համար անմոռանալի Հայոց ցեղասպանության հիշատակի «Զարթնիր, լաո» երգը՝ կոչ ենք անում հայ ժողովրդին վերջապես դադարել ազգի բեռը բարդել մատաղ սերնդի վրա եւ տեր կանգնել սեփական Ազգին եւ Հայրենիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել