Երեկ Մալաթիա համայնքում հանդիպելով անձրեւից թրջված բնակիչներին եւ թրջվելով նրանց հետ միասին՝ հայտարարեց ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին եռյակը:
Անձրեւը հաստատ դառնալու է Երեւանի ավագանու ընտրությունների գլխավոր հերոսը, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն առայժմ իրենց քարոզարշավը իրականացնում են հորդ անձրեւի տակ: Զարմանալիորեն, յուրաքանչյուր թիմի թվում է, թե անձրեւը հատկապես իրենց համար է գալիս եւ հենց իրենց թիմին պետք է հաջողություն բերի: Եթե ՀԱԿ ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հանդիպումներում առաջարկում է՝ «Թրջվենք միասին», ապա ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը նախորդ օրը Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Անձրեւը առատության եւ լիության նշան է եւ մեր ՕԵԿ-ին լիություն կբերի», իսկ երեկ Մալաթիա համայնքում հանդիպման ժամանակ, երբ դարձյալ նույնքան առատ անձրեւ եկավ, տիկին Բիշարյանը ուղղակի չէր կարող շրջանցել անձրեւի թեման: Իր նախընտրական հանդիպումը բնակիչների հետ Հեղինե Բիշարյանը սկսեց այսպես. «Քանի որ անձրեւ է, եւ բնությունը աջակցում է, որ մենք այսպիսի առատ միջավայրում հանդիպումներ կատարենք, դրա համար ես ողջունում եմ եւ ձեզ, եւ մեզ: Անձրեւը թող լվանա բոլոր այն հետքերը, որ կային մեր մեջ, այսինքն՝ մենք թող մաքրվենք այսօր անձրեւի հետ, թող առատանանք, թող ուժեղանանք, թող լիանանք եւ այդ լիությամբ եւ առատությամբ գնանք ընտրությունների»: Մալաթիա համայնքում տիկին Բիշարյանը ապրել եւ աշխատել է երկար տարիներ եւ բնակիչներին տանտիրոջ իրավունքով հորդորեց ձայն տալ «Օրինաց երկրին», քանի որ՝ ըստ նրա, սա հենց այն կուսակցությունն է, որն ի զորու է լուծել Մալաթիա համայնքի եւ ամբողջ Երեւան քաղաքի բոլոր խնդիրները: Հեղինե Բիշարյանը մարդկանց ներկայացնելով Երեւանի զարգացման ՕԵԿ ծրագիրը՝ խոստացավ, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր մարդիկ պրոֆեսիոնալներ են եւ պատրաստ են կյանքի կոչել նախընտրական ծրագրի բոլոր կետերը. «Օրինաց երկիր» կուսակցությունը ձեզ առաջարկում է այնպիսի նոր ծրագիր, որով հնարավոր է Երեւան քաղաքը ոտքի հանել: Մենք ուզում ենք Երեւանը տեսնել առանց աղքատների, որովհետեւ 21-րդ դարում Երեւանը իրավունք չունի ունենալ աղքատներ: Իրավունք չունի ունենալ հետամնաց համայնքներ եւ թաղամասեր»,- հայտարարեց Հեղինե Բիշարյանը եւ խնդրեց, որ երեւանցիները կանգնեն ՕԵԿ-ի հավակնոտ ծրագրերի կողքին եւ փորձեն այս կուսակցության հետ իրականացնել Երեւանի վերակառուցման ծրագիրը:
ՕԵԿ-ը իր նախընտրական խոստումների կարեւոր կետերից է համարում աշխատատեղերի ստեղծման հարցը. «Մեր ծրագիրը հնարավորություն է տալու ավելացնել աշխատատեղերի թիվը եւ մարդկանց աղքատության ճիրաններից ազատել»: Երեւանի քաղաքապետի թեկնածուն խոսեց նաեւ ՕԵԿ-ի հեղինակած «Ուսանողական երկարաժամկետ վարկի մասին» օրինագծի մասին, հայտարարեց, որ դրա ընդունմամբ հնարավորություն կստեղծվի, որպեսզի ուսանողները ուսման համար վարկ ստանան եւ 20 տարիների ընթացքում, աշխատելով, մարեն այդ վարկը:
ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ բժշկագիտության դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Բակունցը, հավաստիացրեց, որ ՕԵԿ նախընտրական ծրագրում առավել մանրամասն եւ իրատեսական են ներկայացված առողջապահությանը վերաբերող բոլոր խնդիրների լուծման բանաձեւերը: ՕԵԿ համամասնական ցուցակի երրորդ համարը՝ տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը, նախ վստահեցրեց, որ եթե Երեւանը ղեկավարի «Օրինաց երկիրը», ապա բոլոր գումարները կծառայեն իրենց նպատակին եւ ամեն ինչ կլինի թափանցիկ: Այնուհետեւ պարոն Վահանյանը մանրամասն ներկայացրեց Երեւանի կենտրոնի եւ ծայրամասերի սոցիալ-տնտեսական տարբերությունները եւ հատկապես խնդրեց, որ լրագրողները այդ աղաղակող տարբերություններին ուշադրություն դարձնեն. «Ձեր համայնքում բյուջեով միջինը մեկ շնչի կտրվածքով ծախսվում է 4 հազար դրամ, ընդհանուր Երեւանում միջինը 5 հազար դրամ է, իսկ Կենտրոնում ծախսվում է 10 հազար դրամ: Եթե ձեր տարածքում մաքրության, սանիտարական այլ խնդիրների համար տարեկան ծախսվում է մոտավորապես 218 մլն դրամ, ապա Կենտրոնում՝ 664 մլն դրամ, չնայած բնակչության թիվը մոտավորապես նույնն է, աննշան տարբերությամբ»: Տնտեսագիտության պրոֆեսորը ներկայացրեց նաեւ այլ համեմատություններ՝ ծառատունկի համար տարեկան նախատեսված 7 մլն դրամի փոխարեն ծախսվել է 4,4 միլիոնը, եւ հարց տվեց. «Ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ մեր բնակիչները, լրագրողները չգիտեն այս տվյալները, որովհետեւ թափանցիկ չենք աշխատում, որովհետեւ մենք չենք ուզում, նույնիսկ այն գումարը, որ կա, ճիշտ օգտագործել: Իսկ ինչո՞ւ չենք ուզում օգտագործել, ի՞նչն է խանգարում՝ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը: Բոլոր բնագավառներում տոտալ անգրագիտություն է, ցավոք սրտի, ես դա պետք է արձանագրեմ»: Թերեւս սա միակ քննադատական միտքն էր, որ հնչեց հանդիպման ժամանակ: Իսկ ընդհանրապես, որեւէ ընդդիմադիր ելույթ, իշխանությունների հասցեին որեւէ թթու խոսք ՕԵԿ-ի եւ Մալաթիա համայնքի բնակիչների հանդիպման ժամանակ չհնչեց ո՛չ բնակիչների եւ ո՛չ էլ օեկականների կողմից: