Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքորոշումները մոտեցել են

Մայիս 08,2009 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով հայտարարել է բանակցային գործընթացում «կարեւոր» եւ «զգալի» առաջընթացի մասին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսի» հատուկ թղթակիցը Պրահայից, միջնորդները լրագրողներին հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նստավայրում եւ տեւել է 2,5 ժամ: «Նախագահներ Ալիեւը եւ Սարգսյանը կառուցողական քննարկում են անցկացրել: Նրանց հաջողվել է կրճատել իրենց տարաձայնությունների թիվը կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ եւ պայմանավորվել այն հիմնական գաղափարների վերաբերյալ, որոնք առաջարկվել են միջնորդների կողմից»,- ասել է Մեթյու Բրայզան: Մեթյու Բրայզայի խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն «առաջին անգամ պայմանավորվել են այդ սկզբունքների շուրջ հիմնական գաղափարների վերաբերյալ», եւ դա թույլ է տալիս արձանագրել «լուրջ եւ զգալի առաջընթաց» խաղաղ գործընթացում:

Ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովն ասել է, որ «կա սկզբունքային պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին»: Նա նշել է, որ հանդիպման նախապատրաստման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան, իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել է, որ միջնորդներին «մեծ աշխատանք» է սպասում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու առումով:

Հայկական կողմը կարծում է, որ Հայաստա նի եւ Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպումն «օգտակար» էր եւ թույլ է տվել «առավելագույնս հստակեցնել կողմերի մոտեցումները ԼՂՀ կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, ինչպես նաեւ մոտեցնել դիրքորոշումները որոշ կետերի ուղղությամբ»: Ըստ «Մեդիամաքսի», այդ մասին երեկ ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Նա նշել է, որ հանդիպման արդյունքներով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրենց արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ եւ նախապատրաստել երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը:

Հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ ասելով հայկական կողմը հասկանում է ազգային ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները: Սերժ Սարգսյանի նախորդ՝ մոսկովյան հանդիպումների ժամանակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրը կարգավիճակի հարցն էր: Բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքների շուրջ տեսակետների մոտեցումները ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրում՝ առանց օրակարգի սահմանափակման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել