Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ես այդքան ատում ՀՅԴ-ին

Մայիս 08,2009 00:00

Հարցնում է ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Թորոսյանին:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել էր իր ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ ավագանու ընտրություններում ՀՅԴ-ին այժմ պատրաստ է ձայն տալ երեւանցիների 3,7 տոկոսը: Ըստ այդմ՝ դեռ հայտնի չէ, արդյոք այս կուսակցությունը կկարողանա՞ տեղ գրավել ավագանիում: Երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հյուրընկալված քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս հարցմանը: Ի պատասխան՝ նա ասաց. «Ցավոք, մեր երկրում չկա անկախ սոցիոլոգիական հետազոտություն իրականացնող լուրջ համակարգ: Բնական է, որ ամեն մեկը կփորձի իր պատվիրատուին գոհացնելու մեխանիզմ առաջարկել: Եվ ինչպես մեծերից մեկն էր ասում՝ սոցիոլոգիան մի ուրվական է, որով վախեցնում են բոլորին, բայց ոչ ոք չի տեսել նրան: Սա էլ այդ ժանրից է»: Քիչ անց հավելեց, թե ունեն իրենց ներքին հարցումները, որոնց համաձայն՝ ՀՅԴ համար «հաղթանակի իրական հնարավորություն է ստեղծված»:

Այսօր երեկոյան ՀՀ վարչական դատարանը հրապարակելու է վճիռը Ռուբեն Թորոսյանի հայցով ընդդեմ ԿԸՀ-ի, որտեղ որպես երրորդ կողմ ընդգրկված է ՀՅԴ-ն։ Հիշեցնենք, որ պրն Թորոսյանը վիճարկում է Արծվիկ Մինասյանին որպես թեկնածու գրանցելու օրինականությունը: Դատարանում Արծվիկ Մինասյանի ներկայացուցիչը՝ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը, Ռուբեն Թորոսյանի այս հայցի մասին ասել էր. «Նա դաշնակցական է եղել, եւ լինում են դեպքեր, երբ կուսակցությունից դուրս գալուց հետո, չգիտես ինչու, նման մարդիկ տառապում են հակադաշնակցական տրամադրություններով»:

«Առավոտը» փորձեց պարզել՝ Արծվիկ Մինասյանն է՞լ է կարծում, որ սա ընդամենը Ռուբեն Թորոսյանի անձնական խնդիրն է, թե՞ սա վերագրում է ՀԱԿ-ի դիրքորոշմանը: Ի պատասխան՝ ՀՅԴ ցուցակը գլխավորողն ասաց. «Ցավում եմ, որ Ռուբեն Թորոսյանը որոշել է հատկապես ՀՅԴ-ի եւ իմ անձի դեմ անընդհատ դատական գործընթացներ նախաձեռնել, քանի որ սա ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք կարող է տալ: Եվ այն, ինչ նա փորձել է հայցով հիմնավորել՝ առնվազն տարակուսելի է: Նա դիմել է դատարան՝ ՀՅԴ համամասնական ցանկի առաջին համարի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: «Վարչական դատավարության» մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ անձը կարող է դատարան դիմել իր իրավունքների պաշտպանության հայցով, եթե խախտվել են նրա սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Դատարանում հնչել է այդ հարցը, թե իր ո՞ր իրավունքն է խախտվել (դեռ մի կողմ թողնենք, որ ամեն ինչ օրինական է): Մարդը պատասխանել է՝ ես ընդգրկված եմ այլ քաղաքական ուժի համամասնական ցանկում, հետեւաբար խախտվում է իմ՝ ձայներ ստանալու իրավունքը: Ստացվում է, որ նա պատրաստ է նաեւ այսպիսի տեխնոլոգիաներ կիրառել՝ մրցակցության մեջ գտնվող այլ քաղաքական ուժից ձայներ խլելու համար: Ես հակված չէի լինի սա բնութագրել որպես ՀԱԿ-ի կողմից քաղաքական ակցիա՝ ուղղված մեր կուսակցության կամ իմ անձի դեմ, եթե նաեւ տարբեր ահազանգեր չլինեին, որ մտնում են բնակարաններ (չգիտեմ, թե այդ անձինք ովքեր են), հարցնում, թե ում եք ընտրելու, եւ երբ պատասխան են ստանում, որ Արծվիկ Մինասյանին՝ հետեւաբար ՀՅԴ-ին, հնչում է արձագանք, թե այդպիսի բան մի արեք, նա իրավունք չունի գրանցվելու, հանել է իր թեկնածությունը, դուք պետք է ձայնը տաք Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ես ցավում եմ, որ կան նման երեւույթներ: Կոչ եմ անում բոլորին՝ զերծ մնալ այսպիսի տեխնոլոգիաների կիրառումից, առավել եւս՝ երբ խոսքն ընդդիմադիր երկու ուժերի մասին է: Թող չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ընդդիմությունը մեկը մյուսի դեմ է պայքարում: Ավելի լավ է՝ քննարկենք համագործակցության հնարավորությունն արդար ընտրությունների կազմակերպման միասնական մոդել մշակելու մեջ: Եվ ցավում եմ՝ Ռուբեն Թորոսյանը քաղաքական ուժի խմբակցության ղեկավար է եղել, եւ այսօր նման մոլուցքով հանդես գալ այդ ուժի դեմ… Ինչ-որ պատճառ հավանաբար կա: Եվ կարծում եմ, ինքը պիտի պատասխանի, թե որն է պատճառը, որ այդքան ատելություն է նրա մեջ մնացել»:

Հ. Գ. Ի դեպ, Արծվիկ Մինասյանը չբացառեց մի քանի ամիս անց ազգային ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը՝ ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կազմում առկա որոշ ուժերի մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել