Ասում է արցախյան ազատամարտի մասնակից, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար, քաղկալանավոր Սմբատ Այվազյանը:
Այսօր Երկրապահի օրն է: Նախորդ տարիների նման, այս անգամ էլ ՀՀ պետպաշտոնյաները, «պրոտոկոլի» համաձայն, կայցելեն Եռաբլուր: Բայց այս տարի Եռաբլուր չեն այցելի ոչ միայն ՀՀ նախագահը, այլեւ ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելն ու վարչության մի քանի անդամներ: Նրանք արդեն երեկ մեկնել էին Ղարաբաղ՝ իրենց տոնը Ստեփանակերտում նշելու ու հայաստանյան լրագրողների աչքից ու հարցադրումներից հեռու մնալու համար: ԵԿՄ նախկին անդամ, «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար Ալբերտ Բազեյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ինքն ու իր զինակից ընկերները դեռ երեկ են Եռաբլուր այցելել, ծաղիկներ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զոհված ազատամարտիկների շիրիմներին: Նա «Առավոտի» միջոցով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց բոլոր ազատամարտիկներին, առաջին հերթին՝ արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթեց առողջություն: Պարոն Բազեյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ միշտ էլ դեմ է եղել ազատամարտիկներին համախմբող հասարակական կազմակերպությունները քաղաքական գործընթացներում ներգրավելուն, «որովհետեւ, երբ քաղաքական գործոնը դառնում է որոշիչ, դա, ցավոք, պառակտում է նրանց: Մենք սխալ ենք եղել, մեղավոր ենք բոլորս, որ փորձել ենք ազատամարտիկներին համախմբող կազմակերպությունները ներքաշել քաղաքականության մեջ»,- նշեց պարոն Բազեյանը: Ինչ վերաբերում է այսօր կալանավայրերում գտնվող դատվող կամ արդեն դատապարտված ազատամարտիկներին, ապա Ա. Բազեյանը նրանց բոլորին մաղթեց շուտափույթ ազատություն. «Այդ մարդիկ գնացել են իրենց քաղաքական համոզմունքները իրագործելու ճանապարհով, եւ ես կցանկանայի, որ նրանք այսօր ազատազրկված լինելու փոխարեն լինեին իրենց ընտանիքների, մարտական ընկերների հետ, ի վերջո, զբաղվեին իրենց առողջական, ընտանեկան ու կենցաղային խնդիրներով»:
Իսկ քաղբանտարկյալ երկրապահներից մեկն էլ, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար ու ԵԿՄ վարչության անդամ Սմբատ Այվազյանն ասաց, թե երկրապահները առաջինն էին, որ անհրաժեշտ պահին, առանց երկմտելու, կանգնեցին Հայրենիքի թիկունքին: «Կարծում եմ, դեռ տասնամյակներ էլ երկրապահների կարիքը մեր ժողովուրդը զգալու է»,- ասաց Ս. Այվազյանն ու իր զինակից ընկերներին մաղթեց մնալ իրենց դիրքերում, իրենց կոչմանն ու Սպարապետի հիշատակին արժանի: «Այսօրվա դժվարին ժամանակներն անցողիկ են: Ներկայիս պարտվողական այն քաղաքականությունը, որը վարում են ՀՀ իշխանությունը բռնազավթած անձինք, ուշ թե շուտ, տապալվելու է, հատկապես՝ երկրապահների ու մեր ժողովրդի շնորհիվ: Ես ուժ ու կորով եմ մաղթում բոլոր երկրապահներին: Իսկ կալանավորված ազատամարտիկները հոգով ու կամքով շատ ուժեղ մարդիկ են, եւ նրանց անազատության մեջ պահելով՝ կոտրել կամ բարոյալքել պարզապես հնարավոր չէ: Նրանց բոլորին ես մաղթում եմ ազատություն: Իսկ ահա մեր երկիրը պետք է, ի վերջո, կանգնի իր զարգացման ճիշտ ուղու վրա»:
Նախկին քաղկալանավոր, «Մասիսի» գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանն էլ՝ բացի այն, որ շնորհավորեց բոլոր երկրապահներին իրենց տոնի առիթով, մաղթանքներ հղեց նաեւ ՀՀ գործող իշխանություններին. «Այսօր, երբ նոր պատերազմի վտանգը դեռ չեզոքացված չէ, թո՛ղ նրանք այնքան խոհեմություն ունենան, որ իսկական պատերազմ անցած մեր բոլոր տղաների համար կարողանան արժանավայել կյանք ապահովել եւ ոչ թե բանտարկեն, ծեծեն, խոշտանգեն իրենց ընկերների ու հրամանատարների դեմ սուտ ցուցմունքներ ստանալու համար: Նաեւ հիշեն, որ առաջին հերթին այդ մարդիկ են, որ իրենց կյանքը չեն խնայել այս երկրի համար, կանգնած են եղել մեր պետության կառուցման ու բանակաշինության ակունքներում: Այսօր չկա Վազգեն Սարգսյանը, ու իշխանությունները չեն հասկանում կամ չեն ուզում ըմբռնել երկրապահների դերը, իսկ «երկրապահի» այն առողջ հատվածը, որն իր կյանքն ու արյունը տվեց մեր սահմանների անվտանգության, Ղարաբաղի ազատագրման համար, այսօր ստիպված է ոչ թե մասնակցել մեր պետության ամրապնդմանը, այլ օրվա հացի խնդիր լուծել: Երկրապահների դերը այդ իմաստով այսօրվա իշխանությունների եւ իշխանահաճո երկրապահների թեթեւ ձեռքով դարձել է զրոյական, եթե ոչ՝ բացասական»:
Երկրապահի օրվա առիթով իր զինակիցներին շնորհավորել է նաեւ քաղբանտարկյալ, ԵԿՄ վարչության փոխնախագահ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը: «Առավոտը» ստացել է նրա ուղերձը, որտեղ Մ. Մալխասյանը շնորհավորել է մեր ժողովրդին, զոհված ընկերների ընտանիքների անդամներին՝ «բանտերում պատանդ պահվող, ազատության մեջ, բայց ազատության կարոտ իմ բոլոր երկրապահ, ազատամարտիկ ընկերներին, Արցախի ժողովրդին՝ Շուշիի գրավման օրվա առիթով» ու բոլորին մաղթել ուժ, կորով, կամք՝ «պահելու ու պաշտպանելու մեր հազարավոր զոհված ընկերների թափած արյամբ ձեռք բերված նվաճումները՝ ազատությունը, անկախությունը եւ ամենակարեւորը՝ ազատագրված հողը»: Պարոն Մալխասյանը նաեւ գրում է. «Երկրապահի առաքելությունը չի ավարտվում Արցախով եւ հարակից տարածքների ազատագրմամբ, այլ առավել կարեւոր խնդիր է մեր զոհված ընկերների թափած արյամբ ազատագրված հողը պահելը: Այսօր պարզից էլ պարզ է ու հասկանալի, թե ինչու են մեզ շինծու մեղադրանքներով պահում բանտերում (արցախյան պատերազմում ունեցած անձնական հեղինակությունը եւ հրամանատարական ձիրքը օգտագործելով՝ ձողերով հեղաշրջում էին անում Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը): Այժմ առավել հասկանալի է դառնում, թե ինչու էին «Երկրապահը» բաժանում «Ոգու փորձության», «Հատուկ գնդի», «Արծիվ մահապարտների» եւ այլն, մեր միջեւ պատ ու պատնեշներ կառուցում: Այժմ ժամանակն է, որ մենք քանդենք բոլոր այդ պատերն ու պատնեշները եւ հավաքվենք ընդհանուր տանիքի տակ, այնպես՝ ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանը մեր ժողովրդի համար օրհասական օրերին բոլոր տարաբնույթ ու իրարամերժ ջոկատները հավաքեց մեկ ընդհանուր տանիքի տակ՝ օգտագործելով ԵԿՄ-ն եւ հիմք դնելով Հայոց բանակի ստեղծմանը»:
Իսկ, ահա, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը դեռ այս տարվա ապրիլի 1-ին էր իր հայտարարության մեջ ասել բաներ, որոնք այսօր էլ, բացի իր զինակիցներին ուղղված շնորհավորանքներից, թերեւս, կցանկանար կրկնել. «Մենք, հավանաբար, չենք զգում, բայց ազգովի գնում ենք կործանման: Քանի դեռ իշխում են վախկոտներն ու անուղեղները, նենգերն ու քծնողները, մեծամասամբ տխմար ոստիկաններն ու անգլուխ սափրագլուխները, այլ ապագա ես մեր ազգի համար չեմ տեսնում: Մեզ ազգովի մի պահ հիմա պետք է դադար առնել, սթափվել ու լավ մտածել: Կա՞ արդյոք պատերազմի վերսկսման վտանգ, թե՞ ոչ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համախմբվել ու պայքարել հայ կոչվելու իրավունքը կորցրած այն պաշտոնամոլ իշխանավորների դեմ, որոնք նպատակ ունենալով միմիայն պահել իրենց պաշտոնը՝ չարորակ ուռուցքի նման իրենց արմատներն են տարածում ամենուր՝ պղծելով մեր պետությունն ու պետականությունը, մեր եռագույնը, մեր զինանշանը, մեր Եռաբլուրն ու մեր սրբությունները: Հապաղելն այսօր հավասարազոր է մահվան, ինչպես եւ լինում է ուռուցքի դեպքում: Այսօր վտանգված է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ու ողջ հայության ապագան: Հայոց պատմության դառը դասերը ցույց են տվել, որ մեր կործանման պատճառը հիմնականում եղել է մեր միջի վախկոտի, նենգի ու դավաճանի տեսակը, մի խոսքով՝ մենք մեր ձեռքով ենք մեզ կործանել: Սակայն մեր ուղենիշն այսօր մեր պատմության հերոսական էջերը պետք է լինեն, որոնք ապացուցում են, որ օրհասական պահերին համախմբված պայքարելով մենք կարողանում ենք տոնել անհավանական թվացող հաղթանակներ»: