Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀՆԱՐԸ ՍԱՐՔԵԼՈՒ ԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐ»

Մայիս 08,2009 00:00

Երեկ «ձորային» հանդիպման ժամանակ խոստացավ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուն

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանն ու Տարոն Մարգարյանը, նաեւ ցուցակում ընդգրկված մտավորականներ Հրաչ Պողոսյանը, Աստղիկ Գեւորգյանն ու Լեւոն Իգիթյանը երեկ նախընտրական հանդիպում ունեցան Կորեայի ձոր անվանվող ինքնակամ շինությունների թաղամասում: Սա բազմաթիվ խնդիրներ ունեցող թաղամաս է՝ բնակիչների սեփականության իրավունքը վերականգնված չէ, այդ մարդկանց իրենց բնակության վայրում չեն հաշվառում եւ այլն: Եվ Գագիկ Բեգլարյանը սեփական նախաձեռնությամբ անդրադարձավ այդ խնդիրներին. «Ոչ մեկիս իրավունք չի տրվել, որ եթե մենք ապրում ենք այստեղ, ուրեմն՝ չպիտի ունենանք կոմունալ բոլոր հարմարությունները, չպիտի ունենանք մաքրություն, չպիտի ունենանք ասֆալտ, չպիտի ունենանք լույս»: Ի դեպ, դեպի հանդիպման վայրը տանող ճանապարհն այդ ընթացքում նորոգվում էր՝ տեղադրվում էին եզրաքարեր: «Ուզում եմ խոստանալ, որ այն աշխատանքները, որոնք մինչ այսօր կատարվել են այստեղ՝ պիտի լինեն շարունակելի ու լինելու են միշտ: Հակառակ դեպքում՝ մարդիկ կան, կազատվեն իրենց պաշտոնից»: Նկատենք, որ Գագիկ Բեգլարյանին ուղեկցում էր Արաբկիրի թաղապետ Ալբերտ Երիցյանը, որին հավաքվածներից ոմանք շատ էին գովում: Ասենք, հանդիպման ավարտից հետո մի ծերունի ասում էր՝ «Նրա նման ղեկավար չեմ տեսել՝ ոչ վարչապետ, ոչ դեպուտատ»: «Խի, մեր նման տեսե՞լ ես»,- հարցրեց Երեւանի քաղաքապետը:

Իր ելույթում Գագիկ Բեգլարյանը մի խոստում էլ տվեց. «Յուրաքանչյուրիդ մեջ վերականգնելու ենք հույսը դեպի համայնքային ու քաղաքային իշխանությունը: Ես խոստանում եմ՝ բաներ կան, որոնք մինչ այսօր ձեզ թվացել են անհնարին, բայց անհնարը սարքելու ենք հնարավոր»: Քննադատություն հնչեց մինչեւ հունիսի 1-ը դեռ գործող կարգի մասին, երբ ընտրված համայնքապետերն աշխատում են նշանակված քաղաքապետի հետ. «Բայց քանի որ ընտրված մարմինը նշանակված մարմնի հետ երբե՛ք չի կարողանում համագործակցել այնպես, ինչպես որ պետք էր՝ քաղաքը դրանից ամեն օր, ամեն վայրկյան տուժում էր»: Ըստ Գագիկ Բեգլարյանի՝ «Մինչեւ այսօր բավականին շատ թերություններ են եղել, բավականին սխալ որոշումներ, բավականին շատ՝ ժողովրդին անտեսած որոշումներ: Հունիսի 1-ին սահմանագիծ ենք քաշելու: Չի՛ շարունակվելու այդ մոտեցումը հունիսի 1-ից հետո: Այն հողերը, որոնք մարդիկ պապերից են դեռ ժառանգություն ստացել՝ կունենան գրանցումներ: Մեր երեխաները գնում են ՀՀ սահմանները պաշտպանելու, զորակոչվում են բանակ՝ հետ են վերադառնում եւ նրանց չեն գրանցում այդ տների մեջ, որովհետեւ մեր պապն այն ժամանակ սեփականատեր չի եղել ու մեզ սեփականության վկայական չի փոխանցել՝ էլ ո՜նց կլիներ: Բայց մենք բոլորս գիտենք, չէ՞, որ դա մեր տունն է: Այդ խնդիրները բոլորը վերանալու են: Հլը տղեն որ գալիս է բանակից՝ չեն գրանցում, ոչինչ: Բա որ հա՞րս ես բերում՝ չեն գրանցում: Խայտառակ ես լինում, չէ՞, հայ ընտանիքում»: Կորեայի ձորի բնակիչները դրական պատասխան տվեցին: Մի տղամարդ հետո դրվատանքով նշեց. «Այսօր որ եկել եք՝ այս Կորեայի բազմաչարչար ժողովրդի կողքին կանգնել եք՝ դա մեզ համար հույս է եւ հենարան»: Ի դեպ, շնորհակալություն գոռացողների եւ ծափահարողների մեջ էր նաեւ ՀՀԿ պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը:

ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն խնդրեց ճիշտ ընտրություն անել մայիսի 31-ին. «Սրանք ԱԺ ընտրություններ չեն: Սրանք կուսակցական ընտրություններ են: Բա՛յց: Ընտրենք այն կուսակցական ցուցակները, որտեղ մարդիկ են, որոնք ի շահ Երեւանի պիտի ծառայեն: Ես դա ասում եմ որպես երեւանցի՝ ոչ որպես այսօր քաղաքապետ: Երեւանում ծնված-մեծացած մարդ լինելով՝ իրականում ինձ շատ է անհանգստացնում, որ հանկարծ հիմա էս խնդիրների հետ հանդերձ՝ մեր քաղաքը չընկնի էն մարդկանց ձեռքը, որոնց եթե հարցնես՝ ի՞նչ բան է համայնք, ի՞նչ է համայնքային իշխանություն՝ կասեն քաղաքային իշխանությունը մի ձեւ ենք հասկանում՝ բնակչի աղբը պիտի տնից վերցնենք, տանենք աղբավայր: Չի՛ կարելի, ժողովուրդ ջան»:

Սկզբում մտադիր էինք նշել, թե ի տարբերություն իշխող կուսակցության ու նրա թեկնածուների հաստատած ավանդույթի՝ մարդկանց բերման ենթարկել ընտրական հանդիպումների՝ այս անգամ չկար նման բան: Ու Գագիկ Բեգլարյանն էլ էր ասում. «Թեկուզ 10, 20 հոգի լինեն բնակիչները՝ կգնանք, նրանց հետ իրենց դարդ ու ցավերից կխոսենք: Տեսեք, հետներս ավտոբուսներ չկան, մարդիկ չենք բերում, պլակատներ չունենք: Մենք ներկայանում ենք ձեզ՝ ոնց որ մենք կանք»: Սակայն հանդիպումից վերադարձա երթուղայինով, որտեղ տարբեր դպրոցներից մի քանի ուսուցչուհիներ էին, եւ նրանք պատմում էին, թե իրենց ասել էին, որ գան այս հանդիպմանը: Այսինքն՝ էլի հարկադրել էին ներկայանալ, բայց ծավալները շատ ավելի փոքր էին՝ աչքի չընկնող: Մինչդեռ Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Տարբեր հանդիպումների ընթացքում նկատել եմ, որ մարդիկ են տանում, հավաքում»: Եվ «Առավոտի» հարցին, թե ԲՀԿ-ից բացի՝ էլ ո՞ր քաղաքական ուժի հանդիպմանն է նման բան նկատել, պատասխանեց. «Համարյա բոլորը: Եվ դա սկսվել է ՀԱԿ-ից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել