Լրահոս
Օրվա լրահոսը

Չամուսնանալը չի զրկում մայրանալու իրավունքից

Մայիս 07,2009 00:00

Ասում է երգչուհի Շուշան Պետրոսյանը

«Ինգայի եւ Անուշի հանդեպ ունենալով լավ վերաբերմունք, սուբյեկտիվ կարծիք ունեմ երգի նկատմամբ. անհաջող ընտրություն»,- երեկ «Հայելի» ակումբում այսկերպ արտահայտվեց «Եվրատեսիլ 2009» մրցույթին Հայաստանը ներկայացնող երգի մասին «Էմփիռեյ» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը: Նրա կարծիքով, Արշակյաններն ավելի լավ երգ կարող էին ներկայացնել. «Երգի մեջ ինչ-որ հորդանանյան, պարսկական ու հնդկական բան եմ զգում: Դրանից առաջ մի գործ ունեին քույրերը՝ «Գութանը», միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց ռոքային էլեմենտներով լուծված այդ երգն իր պոտենցիալով ավելի մեծ մասսայականության ու հավանության կարժանանար»:

Անդրադառնալով «Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ Սարգիսն ասաց. «Եվրատեսիլին մի քիչ լավ չեմ վերաբերվում: Այն, իմ կարծիքով, «ճ» կլասի կոնկուրս է: Այս տարի այն վերջնական «ճ» դարձավ, որովհետեւ, եթե մի ժյուրիի նախագահ մուտացիան չավարտված դեգեներատ Կիրկորովն է, արդեն լավ չի, արդեն տխուր է, եւ անգամ չարժե մասնակցել: Նա չի կարող Ինգա-Անուշ գնահատել ընդհանրապես…»:

Երգչուհի Շուշան Պետրոսյանի վերաբերմունքն էլ այդ մրցույթին, ինչպես ինքն է նշում, խիստ անձնական է. «Արդեն ուղիղ 4 տարի կապ ունեմ այդ փառատոնին՝ երբ մենք սկսեցինք մասնակցել: Երբ երգարվեստին վերաբերող ինչ-որ մրցույթում կա հայի մասնակցություն, անկախ նրանից, թե ում արվեստն ինչպես եմ ընկալում, լարված հետեւում եմ»: Արշակյան քույրերի մասնակցության մասին էլ ասաց. «Երբ առաջին անգամ պետք է մասնակցեինք «Եվրատեսիլին», անկեղծ երազում էի, որ Ինգան ու Անուշը գնան: Այս տարի անչափ ուրախացա, երբ իմացա, որ նրանք են մասնակցելու, բայց ապշեցի, երբ լսեցի երգը: Այսինքն՝ ես երգի պատճառով Համալիրում կայացող նախընտրական փուլի ժամանակ բոլոր ձայներս տվեցի «Դորիանս» խմբին, որովհետեւ կարգին երգ էին երգում: Սա չի նշանակում, որ ես չէի ցանկանում քույրերի մասնակցությունը, այլ երգն ինձ անհեթեթ թվաց: Սակայն արդեն շատ ուշ է այս մասին խոսել, գործը արված է»: Ս. Մանուկյանն էլ ասաց, թե երգի վատ լինելը կատարողների որակի վրա չի ազդում: Ըստ նրա, «Եվրատեսիլը» նույն այն հասարակության մեջ «շպրտվող» թեմաներից է, որոնք անդադար շրջանառվում են զուտ ժողովրդին զբաղեցնելու նպատակով. «Մենք, ուզած թե չուզած, հարձակվում ենք այդ թեմաների վրա ու սկսում գզել դրանք՝ առանց մտածելու՝ նպատակահարմա՞ր է այդ մասին խոսել, թե՞ ոչ: Մրցույթ է, երգն արդեն ընտրված է, ու մեզ մնում է միայն հաջողություն մաղթել»:

Շ. Պետրոսյանը երգի եւ Ինգա-Անուշի ընտրությունը մեկնաբանեց այսպես. «Այո՛, երգն անհեթեթություն է, բայց Ինգան ու Անուշը այնքան լավն են: Մեզանից ոչինչ կախված չի եղել: Երգն ընտրել է մրցույթի ներկայացուցիչը, ով թելադրել է երգի ֆորմատը եւ խիստ ռեժիմով հսկել ժյուրիին՝ թույլ չտալով անգամ զրուցել»:

Սարգիսը դժգոհեց «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլից. «Նախընտրական համերգի օրը մասնակիցներից ուղիղ 70%-ի կատարումները անհեթեթություն էին, որովհետեւ նույնիսկ իրենց տնեցիք իրենց չէին լսել, բայց նրանք այդ օրը մասնակցում էին»: Շ. Պետրոսյանն էլ հավելեց. «Այնտեղ նույնիսկ մարդ կար, որ ինքն իրեն չէր լսել»:

Բանախոսները դժգոհեցին նաեւ Արշակյան քույրերի ոճից: Ըստ Շ. Պետրոսյանի. «Ես աղջիկներով զբաղվող «Fresh art»-ի եռյակին չեմ ընդունում եւ չեմ հասկանում, քանի որ չեմ հասկանում շպարված տղամարդուն, ընդ որում՝ նրանցից երկուսը հայ են, մյուսը՝ ադրբեջանցի: Չգիտեմ, միգուցե նրանք ուսյալ տղաներ են, բայց ինձ մի բան դուր չի գալիս. աղջիկների կերպարները դարձրել են համակովկասյան, ինչ-որ ազնվական կովկասուհու կերպար պետք է ստեղծեին»: Ս. Մանուկյանն էլ նկատեց. «Դա հայի կերպար չի, ավելի ճիշտ՝ դաղստանցու կերպար է: Մի բան ինձ համար արդեն 4 տարի անհասկանալի է. չի՞ լինի, որ այն թիմը, որը աշխատում է Հայաստանը ներկայացնող երգչի կամ խմբի հետ, բոլորը հայեր լինեն: Ամեն տարի ինչ-որ օտար ուժեր մեզ խանգարում են: Պետք չի այս թեմայի շուրջ էլ մեծ աժիոտաժ առաջացնել, կան ավելի կարեւոր թեմաներ, որոնք քննարկման եւ բարձրաձայնելու կարիք ունեն: Օրինակ, մրցանակաբաշխությունների թեման: Ընդհանրապես ոչ մի վատ վերաբերմունք չունենալով տարբեր փառատոների, մրցույթների նկատմամբ, ինձ համար աբսուրդն այն է, որ երաժշտական ինդուստրիայից շատ թույլ պետությունը տարվա ընթացքում 3-4 ազգային մրցանակաբաշխություն է անում: Դուրս է գալիս, որ ամեն «թայֆա» իր մրցանակաբաշխությունն է անում, ուղղակի նոր մարդկանց կանչելու պոտենցիալ չկա, նույն մարդկանց կանչում են եւ մրցանակներ տալիս»: Խոսելով երգարվեստից՝ Ս. Մանուկյանը զայրացավ. «Հայկական երգարվեստն այն չէ, ինչ այսօր ներկայացվում է հեռուստացույցով: Լավ, իրական ստեղծագործող մարդիկ «underground»-ում են: Այն հրամանագիրը, որ երգիչը պիտի կենդանի ձայնով երգի, շատ փոփոխություններ մտցրեց երգարվեստում: Այդ հրամանը ստիպել է 5-6 տարի երաժշտական ասպարեզում առկա երգիչ-երգչուհիներին այցելել վոկալի դասերի: Ծիծաղելին այն է, որ իրենց ետեւից դասատուները բողոքում են, ասում են՝ շատ անտաղանդ են»:

«Առավոտի» հարցին, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ մեր երգչուհիներից շատերն առանց ամուսնանալու երեխա են ունենում, Շ. Պետրոսյանն ասաց. «Չամուսնանալը թերություն չէ: Չամուսնանալ չի նշանակում երեխա ունենալու իրավունքից զրկվել: Մարդիկ անարդար վերաբերմունք են ցուցաբերում այն կնոջ նկատմամբ, ով առանց ամուսնանալու երեխա է ունենում, հասարակության կողմից էլ տվյալ կինը արժանանում է ոչ հարիր վերաբերմունքի: Ես միշտ կին արարածի կողմից եմ: Օրերս ես այդ մասին խոսեցի Արմինկայի նկատմամբ ցուցաբերած քաղաքացիներից մեկի անհարիր վերաբերմունքը տեսնելով: Եթե նույնիսկ նրա փոխարեն լիներ սովորական մեկը՝ կթվորուհի, ինժեներ, ես նույն կերպ կվարվեի: Դա նրանից չէ, որ Արմինկան իմ ասպարեզից է, գործընկերուհիս: Երդվում եմ, տարբերություն չեմ դնում, ինձ համար անընդունելի է՝ ցավ պատճառել կնոջը, հատկապես, երբ նա հղի է»:

Ս. Մանուկյանն էլ հավելեց. «Որպես տղամարդ՝ համարում եմ, որ իմ կողմից անտակտություն ու կոռեկտ չի լինի երեխայի հոր ինքնությունը պարզող թեմաներից խոսել մի կնոջ հետ, ով պատրաստվում է մայր դառնալ: Դա ամեն մարդու անձնական գործն է: Կարծում եմ՝ ոչ ոք չպետք է իրեն թույլ տա եւ ոչ էլ խառնվի որեւէ մեկի անձնական գործերին: Շատ կանայք կան, որոնք ընտանիք կազմելիս են երեխա ունենում, բայց ոչ իրենք են կին դառնում, ոչ էլ նորմալ ընտանիք ունենում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել