Ինֆորմացիայի պակասը շփոթության մեջ է գցում
Հղիությունը կանխելու համար կանայք դիմում են բազմաթիվ մեթոդների: Եվ դրանցից մեկն էլ բեղմնականխման հորմոնային մեթոդն է: Իսկ թե իրականում ինչ է սա իրենից ներկայացնում, հավանաբար քչերն են ճշգրիտ տեղեկացված:
Բոլոր քաղաքակիրթ երկրներում, եթե մարդիկ ինչ-որ խնդիր կամ խորհրդի կարիք են ունենում՝ անպայման դիմում են մասնագետի: Հայաստանում, ցավոք, ոչ բոլորն են այդպես վարվում. օրինակ, երբ ցանկանում են խուսափել անցանկալի հղիությունից, մասնագետին դիմելու փոխարեն, այստեղից-այնտեղից ինչ-որ հակաբեղմնավորիչ հաբերի մասին լսելով, սկսում են ընդունել դրանք՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու եւ վտանգում են առողջությունը:
Որո՞նք են բեղմնականխման հորմոնային մեթոդները, ի՞նչ ազդեցություն են ունենում դրանք, ի՞նչ հետեւանքներ են թողնում, հետագայում վնասակա՞ր է այն առողջությանը, թե՞ ոչ. այս հարցերի պատասխանները հստակ տրված են «Հանուն ընտանիքի եւ առողջության» ասոցիացիայի թողարկած բրոշյուրի մեջ:
Ըստ ասոցիացիայի մասնագետների՝ հորմոնային բեղմնականխումը անցանկալի հղիության կանխման ամենահուսալի ու անվտանգ մեթոդներից մեկն է: Ինչպես հայտնի է, հորմոնային բեղմնականխիչները լինում են հաբերի տեսքով, սրվակների մեջ՝ ներարկման համար, նաեւ ներմաշկային իմպլանտանտների տեսքով, որոնք բոլորն էլ պարունակում են որոշակի քանակությամբ հորմոնային նյութեր, իսկ վերջիններս իրենցից ներկայացնում են կնոջ ձվարանների կողմից արտադրվող բնական սեռական հորմոնների արհեստական նմանակներ: Ըստ բժիշկների, սովորաբար այդ նյութերը կանանց օրգանիզմ ներմուծելու դեպքում խանգարվում է ձվաբջջի հասունացման եւ արտազատման կենսընթացը ձվարանում, ու խտանում է արգանդի վզիկի լորձաթաղանթի կողմից արտազատվող լորձը: Եվ հենց այս փոփոխություններն են, որ ապահովում են հորմոնային բեղմնականխիչ միջոցների հակաբեղմնավորիչ ազդեցությունը:
Գինեկոլոգների խոսքերով՝ կանանց մեծամասնությունը հաճախ խուսափում է բեղմնականխման հորմոնային մեթոդներից, կարծելով, որ հաբերից կարող են մարմնի ու դեմքի վրա մազեր աճել: Սակայն մասնագետները հավաստիացնում են, որ բեղմնականխիչ հաբերի ընդունումը խոչընդոտում է կնոջ դեմքի ու մարմնի վրա ախտաբանական մազակալման զարգացմանը ու օգտագործվում է նաեւ բուժիչ նպատակով:
Կանայք, որոնք ամբողջ կյանքում վախենում են գիրանալուց, կարծում են, թե բեղմնականխիչ հաբեր օգտագործելու դեպքում կգիրանան, բայց մասնագետները պնդում են, որ սովորաբար հաբերից չեն գիրանում: Հաբեր ընդունելիս պարզապես հնարավոր է, որ որոշ կանանց մոտ բարելավվի ախորժակը, իսկ քաշի ավելացում նկատվի ընդամենը 1-2 կգ-ով:
Ըստ «Հանուն ընտանիքի եւ առողջության» ասոցիացիայի մասնագետների՝ տարածված այն կարծիքը, որ բեղմնականխիչ հաբեր ընդունող կանանց մոտ հետագայում առաջանում է քաղցկեղ, սխալ է: Գիտնականների կողմից հաստատվել է, որ հորմոնային բեղմնականխիչ հաբերի երկարատեւ օգտագործման դեպքում նվազում է էնդոմետրիումի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:
Բեղմնականխիչ հաբեր օգտագործելու մասին մասնագետներն ասում են նաեւ, որ գոյություն ունի միափուլ եւ եռափուլ հաբերի ընդունման կարգ: Իսկ ինչ վերաբերում է ներարկվող բեղմնականխիչներին, ապա վերջիններիս կազմի մեջ են մտնում կանանց սեռական հորմոնների երկարաձգված ազդեցությամբ արհեստական նմանակները, մասնավորապես՝ պրոգեստագենները: Ներարկվող բեղմնականխիչները ներմուծվում են միջմկանային ճանապարհով, իսկ վերջիններիս օգտագործման կարգը կախված է պատրաստուկի տարատեսակից:
Իմպլանտանտների տեսքով հորմոնային բեղմնականխիչներն էլ իրենցից ներկայացնում են ճկվող պատիճներ, որոնք լցոնված են պրոգեստերոնի սինթետիկ նմանակով՝ լեոնորգեստրելով: Դրանք բեղմնականխիչ նպատակով ներպատվաստվում են կնոջ բազկի մաշկի տակ: Այս բուժմիջամտությունը կատարվում է միայն մասնագիտացված բուժհիմնարկներում, հետեւաբար խորհուրդ չի տրվում դիմել ոչ մասնագետներին: Իմպլանտանտների բեղմնականխիչ ազդեցությունը սկսվում է պատիճի տեղադրումից անմիջապես հետո եւ շարունակվում է մինչեւ դրանց հեռացումը: Իսկ պատիճներն անհրաժեշտ է հեռացնել տեղադրումից ոչ ուշ, քան 5 տարի անց: