Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏ»-ՀՖՖ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՌՎՈ՞ՒՄ ԵՆ

Մայիս 07,2009 00:00

\"\"Այսպիսի տպավորություն ստացանք երեկ «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Հրաչ Կապրիելյանի մամուլի ասուլիսից:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, կապված՝ վերջին շրջանում թիմի արձանագրած անհաջողությունների վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած որոշ տեղեկությունների հետ, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես այն, որ Արկադի Անդրեասյանը ոչ թե «Արարատի» գլխավոր մարզիչն է, այլ ակումբի համասեփականատեր եւ ընդամենն օգնում է կոլեկտիվին, որ ակումբը ներկայումս գլխավոր մարզչի հարցում դեռեւս որոնումների մեջ է, որ ակումբում եւ թիմում կադրային փոփոխություններ են սպասվում եւ այդ հարցերը լուծում կստանան միայն ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանի՝ Երեւան այցից հետո, եւ այլն:

Երեկ ակումբի նախագահը եւ Արկադի Անդրեասյանը մամուլի ասուլիս էին հրավիրել:

Խնդրո առարկան, ինչպես միշտ, «Արարատ» ակումբն էր՝ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ իր հավերժական խնդիրներով եւ «Արարատ» անվան ներկայիս եւ ապագայի հեղինակությունը:

Ակումբի ղեկավարները հերթական անգամ հավաստիացնում էին, որ իրենց մտահոգությունը հայկական ֆուտբոլի զարգացումն ու ճակատագիրն է, որ իրենք արդեն 11 տարի մեծ ներդրումներ են կատարում ոլորտում՝ մարզաձեւը Հայաստանում եւ Արցախում զարգացնելու նպատակով, իսկ ֆեդերացիան, ի դեմս նախագահի, չի նպաստում դրան եւ ամեն բան անում է նրանց այդ առաքելությունը խոչընդոտելու համար: Եվ որպես օրինակ հիշում ու հիշեցնում էին երկրի չեմպիոնին որոշելու համար անցած տարվա «Փյունիկ»-«Արարատ» վճռորոշ հանդիպումների մրցավարությունը: Նրանք դժգոհում էին անարդար մրցավարությունից (այդպիսի խնդիր իսկապես կա ու դա մտահոգում է շատ-շատերին), ասելով, որ ֆեդերացիայում նախապես են որոշվում առաջնության եւ գավաթային հանդիպումների (եւ ոչ միայն «Արարատի» մասնակցությամբ) արդյունքները: Արկադի Անդրեասյանը բողոքեց, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլ+»-ի էջերում եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացած «Արարատին», թիմը ուժեղացնելու նպատակով, օգնելու եւ աջակցելու պատրաստակամություն է հայտնել, սակայն մինչ օրս մի շարք առաջատար ֆուտբոլիստների հայտավորման խնդիրը լուծված չէ: Ակումբի ղեկավարները, պատճառաբանելով, որ հայկական ֆուտբոլում արդարություն չկա եւ չի կարող լինել, քանի դեռ ֆեդերացիան չի փոխվել, հայտարարեցին, որ իրենք որոշել են այսուհետեւ կրճատել ներդրումներն ակումբում, որովհետեւ, միեւնույն է, իրենց թույլ չեն տալու հասնել արժանի արդյունքի: Իսկ նման պարագայում մեծ գումարներ ծախսելը իմաստ չունի: Անգամ համաձայն են հետագայում տեղափոխվել 1-ին խումբ: Սակայն մինչ այդ պարոն Անդրեասյանը հասցրել էր խոստովանել, որ թիմն այս առաջնության նախապատրաստական փուլը լավ չի կազմակերպել եւ առաջնությանը պատրաստ չէ:

Հարցին, թե ստեղծված իրավիճակից ո՞րն է ելքը, նրանք տվեցին երկու լուծում: Առաջինը՝ ֆեդերացիան փոխելն է եւ այդ գործընթացին ակտիվորեն մասնակցել, եթե չասենք՝ գործն սկսել, խորհուրդ էին տալիս ԶԼՄ-ներին, երկրորդը՝ ֆեդերացիայից անկախ մրցավարական լիգա ստեղծելը, որի համար ակումբները գումարներ կներդնեն, իսկ սուլիչավորները հանդիպումները սպասարկելիս արդեն արդար ու անկողմնակալ կվարվեն: Երկրորդ տարբերակին համաձայնեցին բոլորը:

«Առավոտը», հիշեցնելով, որ ակումբը ժամանակին նույնպիսի անլուծելի խնդիրներ ուներ ֆեդերացիայի նախկին ղեկավարության հետ, հիմա էլ նույնը շարունակվում է այսօր, եւ թե առաջ, թե հիմա ղեկավարների հրաժարականն են պահանջում, հետաքրքրվեց, թե շարունակական այս անհանդուժողականության մթնոլորտի համար իրենք իրենց ինչ-որ չափով մեղավոր չե՞ն համարում, պարոնայք Կապրիելյանն ու Անդրեասյանը սկզբում փորձեցին հերքել նման բանի գոյությունը: Իսկ երբ հիշեցրինք, որ այն ժամանակ անգամ մի քանի ակումբների հետ միասին նրանք բոյկոտում էին առաջնության մեկնարկը, պատասխանեցին, որ այն ժամանակ անարդարությունն այս աստիճանի չէր: Հնչեցին տարբեր հարցեր:

Օրինակ, «Անցած մրցաշրջանում «Արարատը» հայկական ֆուտբոլում բավականին բարձր արդյունքների հասավ մարզիչ Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ: Նրան ի՞նչ հիմնավորմամբ ազատեցիք աշխատանքից»: Պատասխանը հստակ չէր: Հրաչ Կապրիելյանի խոսքերով՝ «Ինչ-ինչ բաներ էին նկատվում»:

«Դուք ասում եք, որ մեծ ներդրումներ եք անում հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Ձորաղբյուրի մարզաբազայի, որը ձեր սեփականությունն է, շահագործումը տարիներ շարունակ հետաձգվում է: Հիմա այնտեղ ի՞նչ վիճակ է: Աշխատանքներ կատարվո՞ւմ են: Մարզաբազան ե՞րբ կբացի դռները»: Կրկին հետաքրքրվեց «Առավոտը»: «Կարգով մը կընենք»: Սա Հրաչ Կապրիելյանի պատասխանն էր, որն այդպես էլ չկարողացավ կամ խուսափեց գոնե մոտավոր տարի նշել:

Եվ «Առավոտի» երրորդ հարցը. «Դուք թիմի անհաջողությունների մեղավոր համարում եք ֆեդերացիային: Բայց քիչ առաջ ակումբի փոխնախագահը հայտարարեց, որ թիմը լավ չի նախապատրաստվել: Այս մրցաշրջանում միայն պարտություններ կրելու համար ակումբը մեղավորության իր բաժինն ընդունո՞ւմ է»:

Կոնկրետ պատասխան չեղավ: Դրա փոխարեն կրկին հիշեցին անցած տարվա անարդար մրցավարությունը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց. «Պարոն Կապրիելյան, հայտարարեցիք, որ այլեւս կրճատել եք ակումբի ֆինանսավորումը: Բայց «Արարատ» անունը ամբողջ ժողովուրդն է սիրում եւ թիմն ունի ամենաշատ երկրպագուները: Եթե ակումբի գնորդ հայտնվի, որը կկարողանա համագործակցության եզրեր գտնել ֆեդերացիայի հետ, կվաճառե՞ք: Այդպիսով դուք կազատվեք ավելորդ գլխացավանքից ու նյարդեր քայքայելուց, եւ կշահեն ակումբը, ֆուտբոլը եւ երկրպագուները»: Պատասխանը հետեւյալն էր. «Նախ, այդպիսի մարդ չի լինի, երկրորդ՝ դուք ձեր ընտանիքը կվաճառե՞ք»:

Համեմատությունը, անկասկած, տեղին չէր: Պարոն Կապրիելյանը, գուցե, չի ընկալում, թե խոսքը հայաստանցի բազմահազարանոց մարզասերների ինչպիսի՞ զգացումների մասին է: Այո: Ակումբն այսօր նրա սեփականությունն է: Բայց «Արարատ» անունը ժողովրդինն է:

Եվ ամենավերջինը: Հրաչ Կապրիելյանին լրագրողները տեղեկացրին, որ ՀՖՖ նախագահն իր ասուլիսներում բազմիցս ակումբի ղեկավարության հետ հանդիպել-բանակցելու, խնդիրները քննարկելու եւ միասին լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել: Ինչո՞ւ ինքն ընդառաջ քայլ չի կատարում: Պարոն Կապրիելյանն իր եւ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը միանշանակ մերժեց՝ դրա պատասխանատվությունը գցելով ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանի վրա, նշելով, թե թող նա որոշի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել