Լրահոս
Օրվա լրահոսը

«Շամիրամի թոռը» 60 տարեկան է

Մայիս 07,2009 00:00

Կամ՝ ինչպես է դերասան Ռազմիկ Խոսրոեւը իր գործունեությամբ դեմ դուրս գալիս «թատրոնամերժությանը»:

ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը հայ թատրոնի միակ ասորի դերասանն է: Ռուսական, ֆրանսիական, անգլիական, թուրք-ադրբեջանական եւ այլ բեմերում հայեր եղել են, բայց ահա հայ թատրոնն այս առումով առավել «կուսական» վիճակում է եղել, մինչդեռ Ռ. Խոսրոեւն իր հայտնությամբ «խախտել» է բոլոր հաշիվները: Դժվար է ասել. եթե մեծանուն Վարդան Աճեմյանի՝ «Շամիրամի թոռ» կեսկատակ արված բնութագրումը եւ ոգեւորությունը չլիներ, դերասանը կմնա՞ր թատրոնում, թե՞ ոչ, բայց որ մնացել ու դարձել է ազգային դերասանական ճանաչված դեմքերից մեկը, ակնհայտ է: Այսօր Սունդուկյանի անվան թատրոնում մի խումբ դերասաններ որոշակի «անտագոնիզմ» են առաջ քաշում, գրում ու խոսում այն մասին, թե Վանաձորից եկածները (որտեղ տարիներ շարունակ Ռ. Խոսրոեւը առաջատար դերասան է եղել) սունդուկյանցիներ չեն, թե նրանք թատրոն են բերել «գավառական» որակներ: Այո, Ռ. Խոսրոեւը ակադեմիական թատրոն է եկել Վանաձորից, բայց ոչ թե եկել, այլ վերադարձել է, որովհետեւ Վարդան Աճեմյանի ու Մհեր Մկրտչյանի ստուդիան է ավարտել, խաղընկեր է եղել այսօր իրենց զտարյուն սունդուկյանցի համարողներին, սովորել Սունդուկյանի անվան թատրոնի մեծերից: «Երբ այսօր խոսվում է սունդուկյանական դպրոցի ու ավանդույթների մասին, ես դրանցով եմ դաստիարակվել, դրանք են տարիներ շարունակ ինձ համար եղել ուղեցույց, հետեւաբար ինձ չեմ բաժանում իսկական սունդուկյանցիներից, եթե, իհարկե, այսօր պահպանվել են դերասանական այդ դպրոցի առանձնահատկությունները, ինչը ես տեսնում եմ միայն Վարդուհի Վարդերեսյանի, Մարգո Մուրադյանի, Հեղինե Հովհաննիսյանի, Վլադիմիր Աբաջյանի արվեստում: Իսկ մյուսները պարզապես իմիտացիա են անում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 60 տարին բոլորած դերասանը, ում արվեստում թատերական գործիչներից շատերը ոչ թե «գավառային բաներ» են տեսել, այլ հիացել նրա ճշմարիտ «մայրաքաղաքայինությամբ»: Վերջինիս վառ ապացույցն է նրա Ռիչարդ Երկրորդը:

Հայ թատրոնում Ռ. Խոսրոեւը առաջին եւ միակ դերասանն է, որը խաղացել է շեքսպիրյան այդ բարդ կերպարը աշխարհի մի շարք բեմերում: Ժամանակին նա, զբաղված լինելով Վահե Շահվերդյանի՝ Վանաձորում արված բեմադրություններում, հանդես է եկել Եվրոպայում, արժանանալով բարձր գնահատականների: «Իմ ազգային պատկանելությունն օգնում է ինձ բեմում հայ հերոսներին հասկանալու, նրանց ընկալելու հարցում… Չեմ նեղվում, որ այլ ազգության ներկայացուցիչ եմ, հակառակը, պահպանելով իմ ազգայինը, ձուլվել եմ այն ժողովրդի մշակույթին, որի կրողն եմ այսօր»,- նշեց Ռ. Խոսրոեւը: Դերասանը ցավով է վերաբերվում այն թատրոնամերժությանը, որն այսօր տիրապետող է դարձել. «Ինչքան էլ ոմանք պնդեն, թե թատրոն չունենք, ճգնաժամ ենք ապրում, համաձայն չեմ: Ճգնաժամն ուրիշ տեղ է՝ թատրոնի հանդեպ ձեւավորված վերաբերմունքի մեջ: Այ, հենց այդ ճգնաժամի դեմ պետք է պայքարենք…»:

Հետաքրքրությանը, թե ծննդյան 60-ամյակի առիթով ի՞նչ պարգեւներ է ակնկալում, Ռ. Խոսրոեւն ասաց. «Ամենամեծ պարգեւն ինձ համար ընտանիքս է՝ հայուհի կինս ու զավակներս, որոնք մասնագիտության բերումով զբաղվում են հայ եւ ասորի ժողովուրդների պատմության ու ցեղասպանության հարցերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել