Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՐՉԻԼԸ, ԵՆԳԻԲԱՐՅԱՆՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՆ

Մայիս 07,2009 00:00

Կամ եվրամերձեցման հայաստանյան առանձնահատկությունները

«Առավոտի» նախորդ համարներից մեկում տեղեկացրել ենք, որ «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ-ն մայիսի 1-15-ը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ «ԵՄ քաղաքականությունը եւ կառույցները» թեմայով դասընթացներ լրագրողների համար, սեմինար-քննարկումներ Հայաստանում՝ եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ (ԵԱՀԿ, ԵԽ, ԵՀ պատվիրակություն), հանրային իրազեկման բնույթ կրող հեծանվաարշավ, «Եվրոպայի գիշեր» երեկույթ՝ հայ եւ եվրոպացի երիտասարդների մասնակցությամբ, մանկական նկարների ցուցահանդես՝ «Ի՞նչ է Եվրոպան ինձ համար» խորագրով, «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակաբաշխություն: Ինչ վերաբերում է վերջինիս, այն անցկացվում է 4-րդ անգամ: Տարբեր տարիների «Լավագույն եվրոպացիներ» են դարձել ԱԺ նախագահներ Տիգրան Թորոսյանն ու Արթուր Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ Հարություն Փամբուկյանն ու Զարուհի Փոստանջյանը, մշակույթի գործիչների թվում էլ, բնականաբար, վերջին տասնամյակի իշխանություններին գովերգող Հենրիկ Իգիթյանը:

Զրուցեցինք «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ նախագահ Վիկտոր Ենգիբարյանի հետ: Նրանից հարցրինք՝ ինչո՞ւ են մրցանակներ տրվում հիմնականում իշխանության կազմում գտնվող գործիչներին կամ օլիգարխներին եւ ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում: «Հիմնականում հաշվի ենք առնում մարդու գործունեության ազդեցությունը Հայաստանի եվրաինտեգրման առումով, ինչքանո՞վ է նրանց գործունեությունը համապատասխանում եվրոպական չափանիշներին: Ինչ վերաբերում է տնտեսվարողներին, հաշվի ենք առնում այն, թե ինչ ապրանքներ ու ծառայություններ են ներկայացրել եվրոպական շուկայում, դրանով Հայաստանի իմիջը ո՞նց են ներկայացրել, ի՞նչ եվրոպական ավանդույթներ են բերել Հայաստան եւ այլն: Քաղաքական ոլորտում մրցանակը մարդուն տալիս ենք ոչ թե պաշտոնի, այլ գործունեության համար: Ու քանի որ եվրոպական ոճի քաղաքականություն այստեղ կարող են վարել պաշտոնյաները, դրա համար էլ ստացվել է, որ երկու անգամ ԱԺ նախագահներին ենք տվել ու պատգամավորների, որովհետեւ այդ մարդիկ ոչ թե ի պաշտոնե պարտավոր են դա անել, այլ կաշկանդված չեն՝ կարող են անել, կարող են չանել»,- պատասխանեց երիտասարդ հայ եվրոպացին:

Հետաքրքրվեցինք «Եվրոպայի գիշեր» միջոցառմամբ: Պարզվեց՝ դա մերձեցման երեկո է, երգ, պար ու դիսկոտեկ՝ հայ եւ եվրոպացի երիտասարդների մասնակցությամբ: «Մենք մի սրահ կվարձակալենք, կհրավիրենք եվրոպացի երիտասարդների՝ հիմնականում դիվանագիտական սեկտորի աշխատակիցների, մեր կազմակերպության անդամներին ու էլի երիտասարդների, որ ծանոթանան, ինտեգրվեն»,- մեկնաբանեց Վ. Ենգիբարյանը: Լրագրողների համար կազմակերպվող դասընթացներն էլ անցկացնելու են «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ-ի փորձագետները եւ մասնավորապես Վ. Ենգիբարյանը, որովհետեւ արտերկրում է կրթություն ստացել: «Քանի որ լրագրողները կարծիքի տարածողներ են, փորձելու ենք նրանց միջոցով հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնել,- հայտնեց նա, մի քիչ ներկայացնելով իրենց՝ հնչեղ անվանումով կազմակերպությունը:- Անունը մենք չենք հորինել, 1948-ին Ուինսթոն Չերչիլն է հիմնադրել «եվրոպական շարժումը»՝ մի շարք անվանի գործիչների հետ: Հայաստանում եվրոպական շարժումը 2005-ից է գործում, չեմ ուզում շատ գովել, բայց էդ դաշտում ամենամեծ կազմակերպությունն է, մեր կառույցը նաեւ լոբբիստական է: Նրան Եվրոպառլամենտի 4 խոշոր կուսակցություններն են անդամակցում, Եվրոպական խորհրդարանի նախագահը, տեղերում՝ ամենամեծ կուսակցությունները, փորձում ենք նման պատկեր ստանալ նաեւ Հայաստանում»: «Առավոտի» հարցին՝ «Հայաստանի եվրոպական շարժման» նախագահի կարծիքով՝ մեր իրականության մեջ ի՞նչը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, Վ. Ենգիբարյանը պատասխանեց, որ չկա ոլորտ, որի մասին ինքը հպարտորեն կխոսի, իսկ ամենամեծ թերությունը հասարակության իրազեկվածության պակասն է: Ըստ մեր զրուցակցի, չնայած ամենին, Հայաստանը մեծ հաշվով Եվրոպա է. «Մենք եվրոպական պետություն ենք, գուցե աշխարհագրորեն հեռու ենք, բայց Բրյուսելին Երեւանն ավելի մոտիկ է, քան Մոսկվան՝ Նովոսիբիրսկին»:

Վ. Ենգիբարյանը բացահայտել է ազատ մամուլի իր բանաձեւը. «Մամուլի ազատությունը կարելի է հռչակել մի քանի օրում. պետք է ուղղակի հրավիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ու ասել՝ հարգելիներս, դուք այսօրվանից ազատ եք, գրե՛ք՝ ինչ ուզում եք: Ցավոք, սա չի արվում կամ արվում է շատ դանդաղ, չնայած Վրաստանի եւ Ադրբեջանի համեմատությամբ՝ էլի լավ վիճակում ենք…»:

Վ. Ենգիբարյանին չէինք կարող չհարցնել՝ «Հայաստանի եվրոպական շարժման» ամենամեծ ձեռքբերումը որն է համարում: «2006-ին Հելսինկիում ես ելույթ ունեցա հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին, ու շեշտադրումը կատարվեց նրա վրա, որ ուզում ենք սահմանը բացվի ոչ թե նրա համար, որ դա Թուրքիայի սահմանն է, այլ մեզ համար նաեւ Եվրոպայի սահմանն է… Ես կարող եմ հպարտանալ, որ սկսած այդ ժամանակվանից, այդ փաստաթուղթը ինտենսիվ շրջանառության մեջ դրվեց Եվրոպական շարժման համակարգում, բազմիցս քննարկվեց ու միգուցե դա ինչ-որ բանով օգնեց, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունները մի քիչ առաջընթաց ունենան»,- պատասխանեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031