Երեկ Մոսկվայի կենտրոնում սպանվել է նախկինում դատված ադրբեջանցի գործարար Իղբալ Թամազ օղլի Նաջաֆովը: 44-ամյա բիզնեսմենը դուրս է եկել «Շերբեթ» ռեստորանից եւ նստել իրեն պատկանող «Մերսեդեսը»: Ըստ Gazeta.ru-ի, Նաջաֆովը չի հասցրել միացնել շարժիչը, երբ նրան մոտեցել են 2 տղամարդ՝ մեկը զինված «Կալաշնիկով» ավտոմատով, մյուսը՝ ատրճանակով, եւ առնվազն 12 կրակոց արձակել: Ըստ իրավապահների, սպանությունը, ամենայն հավանականությամբ, պատվիրված բնույթ է կրում եւ կասկածի տակ են Նաջաֆովի մրցակիցները բիզնեսի ոլորտում կամ էլ ադրբեջանական հանցավոր մի խմբավորում, որի անդամն է եղել սպանված բիզնեսմենը նախկինում:
1995 թվականին Նաջաֆովը կանգնել էր դատարանի առջեւ եւ մեղադրվում էր սպանության համար, սակայն հետագայում նրան հաջողվեց խուսափել պատասխանատվությունից: Այդ սպանությունից մի քանի ժամ անց Մոսկվայում կատարվեց եւս մեկ մահափորձ: Այս անգամ քիլլերների զոհը պետք է դառնար Դաղստանի 36-ամյա բնակիչ Հարություն Մայիլյանը: Նրան գիշերը դարանակալել էին սեփական տան բակում, սակայն քիլլերի առաջին կրակոցը վրիպել էր: Մայիլյանին հաջողվել է փախուստի դիմել: Մի քանի տեղից վիրավորված գործարարին տեղափոխել են հիվանդանոց: Այժմ, բժիշկների տվյալներով, տուժածի վիճակը ծանր է, բայց՝ կայուն: