Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն անցած հանգստյան օրերին ձերբակալվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ օդանավակայանում: Ինչպես պնդում է գերմանական ոստիկանությունը, Սեուլ ուղեւորվող օդանավի կապիտանը հրաժարվել է թռչել, պատճառաբանելով, որ ինքնաթիռում են գտնվում խիստ հարբած ուղեւորներ: Ի պատասխան՝ այդ ուղեւորը վիրավորվել է, սկսել է գոռալ եւ շպրտել իր բջջային հեռախոսը: Օդաչուները ոստիկանություն են կանչել, հայտնելով, որ ինքնաթիռում անկարգություններ հրահրողը պնդում է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարն է: Տեղ հասած իրավապահները ձերբակալել են հարբած ուղեւորներին: Այդ ընթացքում նախարարի 19-ամյա որդին դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, ինչի համար նրան էլ են ձեռնաշղթաներ հագցրել: Ըստ Newsru.com-ի, միջադեպի մասին Ուկրաինայում գիտեին դեռեւս մայիսի 4-ին, սակայն լրատվամիջոցները չէին անդրադառնում նախարարի արկածներին, քանի որ գերմանացի պաշտոնյաները խոստացել են չանդրադառնալ այդ իրադարձությանը:
Մեկնաբանելով լրատվությունը՝ Ուկրաինայի խորհրդարանի իշխանամետ պատգամավորներից մեկը նշել է. «Գերմանացիների համար մի բաժակ գարեջուրն արդեն հարբածության նշան է: Որքան ես գիտեմ Լուցենկոյին, չի կարող պատահել, որ նա շատ հարբած երեւա»: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նախարարի վարքը քննարկվելու է խմբակցության նիստում, պատգամավորը պատասխանել է. «Եթե ամեն մի պատգամավորի վարք, որը անսթափ վիճակում հայտնվել է փողոցում, քննարկենք խմբակցության նիստում, ապա մեկ ամսից խմբակցությունը կդադարեցնի իր գործունեությունը, որովհետեւ, որքան ես գիտեմ՝ մեզ մոտ չխմող պատգամավորներ չկան»: