Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չի փոխվել

Մայիս 07,2009 00:00

Կադրային փոփոխությունները որեւէ ձեւով չեն ազդի միասնական քննությունների անցկացման վրա

\"\"
ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար
Արմեն Փաշայանը վստահ է, որ այս տարի միասնական քննությունները կանցնեն
սահուն եւ առանց պրոբլեմների:

Ինչպես հայտնի է, նախորդ օրը ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանը նշանակվեց ՀՀ ԿԳ փոխնախարար: Երեկ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք, որ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար է դարձել ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը:

Գայանե Մանուկյանին փոխանցեցինք վերջին օրերին շրջանավարտների եւ նրանց ծնողների շրջանում տարածված մտավախությունը, թե միասնական եւ ավարտական քննությունների նախաշեմին ԿԳՆ-ում եւ ԳԹԿ-ում կատարված կադրային փոփոխությունները չե՞ն ազդի, արդյոք, քննությունների ընթացքի վրա, եւ որքանո՞վ են հիմնավոր լուրերը, թե դեռեւս միասնական քննությունների թեստերը պատրաստ չեն, եւ հնարավոր է, որ այդ պատճառով պրոբլեմներ առաջանան: ԳԹԿ մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ մտավախություններն անհիմն են՝ թեստերը վաղուց արդեն ԿԳ նախարարի պատասխանատվությամբ կազմվել եւ ուղարկվել էին Լոնդոն՝ տպագրության, եւ մայիսի 12-ին սպասվում է թեստերի առաջին խմբաքանակի ժամանումը Երեւան: Դրանք կպահվեն բանկերից մեկում՝ մինչեւ քննությունները: Քննությունից մեկ օր առաջ թեստերը կտարվեն բանկի մասնաճյուղեր, եւ քննության օրը՝ նույն զգուշավորությամբ կտեղափոխվեն քննական կենտրոններ: Ի դեպ, քննական կենտրոնների թիվը փոփոխական է լինելու՝ կախված քննություն հանձնողների քանակից: Բնականաբար, ամենաշատ քննական կենտրոն կձեւավորվի հայերեն քննության ժամանակ՝ 43-ը: Տեղեկացնենք նաեւ, որ արդեն իսկ պարզ է, թե վերջնական հաշվարկներով որ առարկայից քանի շրջանավարտ է միասնական քննություն հանձնելու: Պատկերը հետեւյալն էր (նկատենք, որ ներառված է նաեւ ԼՂՀ-ի շրջանավարտների թիվը). հայոց լեզու եւ գրականություն՝ 12543 շրջանավարտ, մաթեմատիկա՝ 9796, անգլերեն՝ 8210, ֆիզիկա՝ 4714, հայոց պատմություն՝ 3572, կենսաբանություն՝ 1811, քիմիա՝ 1329, ռուսաց լեզու՝ 1307, ընդհանուր պատմություն՝ 545, գերմաներեն՝ 534, ֆրանսերեն՝ 443, աշխարհագրություն՝ 409, իսպաներեն՝ 18, իտալերեն՝ 10, պարսկերեն՝ 3:

Ինչ վերաբերում է քննական գործընթացի խափանմանը՝ կապված կադրային փոխատեղումների հետ, ապա, ըստ Գ. Մանուկյանի՝ նման բան չի կարող լինել, քանի որ գործընթացը կազմակերպական հունով գնում է, եւ ոչինչ չի կարող խանգարել նորմալ քննություններ անցկացնելուն: Ի դեպ, ԳԹԿ-ի վերապատրաստման բաժինը այս տարի եւս վերապատրաստման դասընթացներ է անցկացնում միասնական քննությունների կազմակերպիչների համար: Եվ որպես նորամուծություն, այս տարի վերապատրաստումներ են անցկացվում նաեւ դպրոցների տնօրենների համար՝ ավարտական քննությունները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով: Հիշեցնենք, որ ԳԹԿ-ն հատուկ ֆիլմ էր նկարել, որը նախորդ երկու տարիներին, քննություններից առաջ հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրվում էր, եւ շրջանավարտներին տեղեկացնում, թե ինչպես պիտի ընթանան քննությունները, ինչ քայլեր պետք է անի երեխան քննության օրը եւ այլն: Գայանե Մանուկյանից, ով այդ ֆիլմի հեղինակն է, տեղեկացանք, որ տեսանյութը դեռ անցյալ տարի բաժանվել է դպրոցներին. «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ տնօրենները շրջանավարտների համար կազմակերպեն ֆիլմի ցուցադրումը, որպեսզի երեխաները պատրաստված գնան քննության եւ ինչ-որ չափով թոթափեն այն անհանգստությունն ու վախը, որով մտնում են քննասենյակ»:

Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին: Իսկ հուլիսին կանցկացվեն հավելյալ քննություններ, որոնց կարող են մասնակցել բանակային ծառայությունից զորացրվածները, FLEX փոխանակման ծրագրի մասնակիցները, ինչպես նաեւ հարգելի պատճառներով միասնական քննություններին չմասնակցած անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել