Կարծում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը
Քննարկումների ժամանակ ցուցադրվում էին դասավանդողների եւ սովորողների ձեռքի անհատական աշխատանքները, որոնցում նկատվում էր ազատ մտածելակերպ եւ ինքնուրույնություն
Մայիսի 4-8-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պետական ֆինանսավորմամբ իրականացվող «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի շրջանակում անցկացվում է Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաքը: Նշված 5 օրերի ընթացքում կրթահամալիրի տարբեր մասնագետներ զեկուցումներով հանդես են գալիս ուսումնական հասարակական նախագծերի, օտար լեզվի՝ ՏՀՏ-ների կիրառմամբ արդյունավետ դասավանդման, արտակարգ ունակությամբ եւ հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների՝ հանրակրթությունում ներառման, ավագ դպրոցում մասնագիտական ուսուցման եւ հեռավար ուսուցման խնդիրների վերաբերյալ:
«Առավոտը» նույնպես ներկա էր հավաքին: Զրուցեցինք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Կառավարական մակարդակով կրթական ոլորտում իրականացվող որոշ դրական բարեփոխումներ նշելով հանդերձ՝ նա նկատեց. «Ցավոք, ինչպես մանկավարժական փորձարարությունն ընդհանրապես, այնպես էլ մանկավարժական հետազոտական աշխատանքը խորթ ազգականի կարգավիճակում է. չունի պատշաճ աջակցություն եւ կազմակերպում: Այնինչ, նախարարությունը պարտավոր է այս ուղղությամբ գործուն քայլեր անել: Ոչ միայն ծրագիրը պիտի լինի շարունակական, այլեւ ավելի շատ դպրոցներ ներգրավվեն դրանում»: Հետաքրքրվեցինք՝ այլ դպրոցների մասնագետներ ուզո՞ւմ են կիրառել կրթահամալիրի փորձը: Ա. Բլեյանը նկատեց. «Ի՞նչ է նշանակում՝ ուզում են. դպրոցը ստեղծված չէ ուսուցչական քմահաճույքներ, հետադիմություն սպասարկելու համար, այլ ստեղծված է առաջադիմություն սպասարկելու համար, եւ կառավարությունը պարտավոր է կազմակերպորեն աջակցել նրան, երբեմն նաեւ պարտադրել՝ հանուն առաջադիմության: Հակառակ դեպքում՝ կա հասարակական պատվեր, իսկ դպրոցն ասում է՝ ես ծույլ եմ, հոգնել եմ… ծույլից, հոգնածից պիտի ազատվել, սովորող ուսուցչին պիտի աջակցել»:
Զրուցեցինք նաեւ մի քանի զեկուցողների հետ: Գեղարվեստի դպրոց-պարտեզ ծրագրի ղեկավար Լուսինե Բուշը ներկայացրեց իրենց հեղինակած սկավառակը, որտեղ զետեղված են 1-2-րդ դասարանցիների հետաքրքրություններին հատուկ անգլերեն բառապաշար, երգեր եւ այլ նյութեր. «Առանց ՏՀՏ-ների, օտար լեզվի դասավանդում չենք պատկերացնում, մանավանդ 1-2-րդ դասարաններում, երբ բավարար գրականություն չկա: Ուստի ՏՀՏ-ի միջոցով ենք ամեն ինչ դասավանդում. օգտագործում ենք համակարգիչը, երեխաները օն-լայն խաղեր են խաղում, վարժություններ, թեստեր անում, կիրառում ենք հեռուստացույցը, միացված է կաբելային հեռուստատեսությունը, որով երեխաները չթարգմանված ֆիլմեր են նայում, ձայնագրում իրար եւ տարբեր համակարգչային ծրագրերով ստեղծում ուսումնական նյութեր»:
Զրուցեցինք նաեւ կրթահամալիրի հատուկ ուսուցման կենտրոնի ղեկավար Լուսինե Ալեքսանյանի հետ: Նրա փոխանցմամբ, այժմ կրթահամալիրում 92 երեխա ստանում է ներառական կրթություն, իսկ հատուկ ուսուցման կենտրոնը սպասարկում է թե նրանց, թե արտակարգ ունակություններով սովորողներին. «Ամեն դասարանում ունենք 1-3 ներառական կրթություն ստացող երեխա: Կենտրոնն ունի հատուկ մասնագիտական թիմ՝ սոցաշխատող, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, ֆիզիոթերապեւտ, բժիշկ-հիգիենիստ, հոգեբան, որոնք աշխատում են այդ երեխաների հետ: Ծնողի իրազեկման դպրոցն էլ սեմինարներ է կազմակերպում ծնողներին հուզող խնդիրների վերաբերյալ»: Անդրադառնալով որոշ մարդկանց այն մտայնությանը, թե ներառական կրթությունը սվիններով է ընդունվում հասարակության կողմից, Լ. Ալեքսանյանն ասաց. «Բոլորս էլ հասարակության անդամ ենք եւ իրավունք ունենք լինելու այնտեղ, որտեղ ուզում ենք, ստանալու այն կրթությունը, որը ցանկանում ենք եւ ընտրել ենք մեր երեխայի համար, ուստի հնարավորինս պիտի հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ եւ մեր կողքին տեսնենք նաեւ հատուկ կարիքով մարդուն»: Զրուցակիցս հետո էլ նշեց. «Կան սուր հատուկ կարիքով երեխաներ, որոնք խիստ խնամքի կարիք ունեն եւ վտանգավոր են այլ երեխաների համար: Ընդամենը 2 անգամ ենք ծնողին մերժել, քանի որ մի դեպքում երեխայի մոտ սուր իրերի նկատմամբ խիստ արտահայտված ագրեսիա կար, անընդհատ հարվածում էր, մյուս դեպքում՝ երեխայի բոլոր նյարդային ազդակները ախտահարված էին եւ ոչ մի գործողության ի վիճակի չէր»:
Նաիրա Դալուզյանն էլ պատրաստել էր հատուկ կարիքներով երեխաների համար առաջադրանքների փաթեթ. «Չկա աշխատանքային այն փաթեթը, որով պիտի աշխատենք: Ու քանի որ իմ դասարանում կա այդպիսի երեխա, սկսեցի տառաճանաչության հետ կապված թղթային եւ էլեկտրոնային մասերից կազմված փաթեթ կազմել: Այն նախատեսված է ձեռքի մոտորիկայի խնդիր ունեցող երեխայի համար, որտեղ մեծից փոքր տառապատկերները պիտի ներկի, ինչը տառաճանաչությունն է ամրապնդում: Էլեկտրոնային տարբերակն էլ հիշողությանը նպաստող խաղեր է ներառում»:
Նոր-դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լիաննա Հակոբյանի հետ էլ զրուցեցինք արտակարգ ունակություններով երեխաների դասավանդման մասին. «Այդպիսի երեխաներով դասարաններում պետք է ուսուցիչն այնպես անի, որ երեխան չձանձրանա: Ուստի կայքերից, այլ գրքերից լրացուցիչ խնդիրներ եմ տալիս, կարեւոր է նաեւ համագործակցությունը ընկերների հետ: Միայն դաս լսող աշակերտները դասը հասկանում են 30%-ով, եթե նաեւ կիրառում են՝ 50%-ով, եթե կողքինին են օգնում՝ 70-100%-ով: Օրինակ՝ 5-րդ դասարանի մի աշակերտ 8 բաժին մաթեմատիկայի խաղեր է պատրաստել, նրա հետ անընդհատ կապի մեջ ենք հեռավար ուսուցման միջոցով»: