Հաջորդ կայարանը՝ «անհայտություն». վերջին կայարանն է
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թափանիվը մեծ արագություն է հավաքում: Աշխարհաքաղաքական երթեւեկության մեջ Հայաստանն ու Թուրքիան հայտնվել են նույն գնացքում: Փոփոխությունների սլացքը համարժեք վարքագիծ եւ պատրաստվածություն է պահանջում: Եվ եթե պաշտոնական Անկարան արագ եւ հեռատեսորեն վերադասավորում-վերակազմավորում է իր քաղաքական ճամպրուկները՝ կառամատույց հասնելու եւ այն արագ լքելու համար, մանավանդ որ արտաքին քաղաքական եղանակները կտրուկ փոփոխություններ են նախանշում, ապա Երեւանն անվրդով բազմել է գնացքում՝ սպասելով ուղեկցորդի հիշեցում-նախազգուշացմանը. «Հաջորդ կայարանը՝ «Անհայտություն». վերջին կայարանն է»:
Սկիզբը՝ նախորդ համարում:
3.
Մոռացման մոռացում
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քայլերին զուգահեռ, Հայաստանում տեղի է ունենում գրեթե աննկատ մի երեւույթ. ավելի է խտանում ազգային խնդիրների հանդեպ հասարակական ուշադրությունը: Այս տարվա ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան մարդկանց հոսքն աննախադեպ էր: Օրվա 24 ժամերին, ավելին՝ դեռ նախորդ օրվանից սկսած, այդ հոսքը ոչ միայն չէր դադարում, այլեւ չէր նվազում: Ի՞նչ էր դա. հասարակության լուռ ընդվզո՞ւմ կարգավորման տգետ փորձերի դեմ, այդ գործընթացի հանդեպ անվստահությո՞ւն, Ցեղասպանության զոհերից այսօրվա սերունդների ներողամտությո՞ւն, թե՞ նրանց տրված լուռ երդում: Մինչդեռ:
Ապրիլի 24-ից մի քանի օր առաջ Wall Street Journal-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Մենք ուզում ենք, որ Ցեղասպանության հարցը խոչընդոտ չլինի Թուրքիայի հետ մեր հարաբերություններում: Ի վերջո, Ցեղասպանությունը ճանաչելով ոչ մենք, ոչ էլ ճանաչող երկրները նպատակ չունեն վնասել Թուրքիային:……Եթե որոշ երկրներ ցանկանան բարդություններ առաջացնել այդ հարաբերություններում, կհայտարարեն Ցեղասպանության ճանաչման մասին եւ այդպիսով կխաթարեն Թուրքիայի հետ հարաբերությունները»: Իսկ արդեն ապրիլի 24-ի իր ուղերձում Ս. Սարգսյանն ընդգծում է տրամագծորեն հակառակ պնդումը. «Հայ ժողովուրդը միայնակ չէ Ցեղասպանության հանցագործության դատապարտման հարցում: Հիշատակի այս պահին մեր անկեղծ շնորհակալությունն ենք հղում այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում» (http//president.am): Ստացվում է այնպես, որ Հայաստանի եւ Սփյուռքի համար Սերժ Սարգսյանը մի հայտարարություն է անում եւ տրամագծորեն հակառակը՝ միջազգային հանրության համար: Եվ այսօրինակ հայտարարություններից հետո Հայաստանում թուրքական կողմին են մեղադրում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ելույթում «ցեղասպանություն» բառը կանխելու մեջ:
Այսպես մի օր էլ Սերժ Սարգսյանի օրհնությամբ ստեղծված պատմաբանների հանձնաժողովում վերջինս կարող է հայտնվել եւ հայտարարել, թե Ցեղասպանության վավերագրերի քննարկումը խանգարելու է մեր հարաբերություններին:
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Սերժ Սարգսյանի քայլը եթե սկզբնապես ողջունելի էր, ապա այժմ Ս. Սարգսյանն արդեն կորցնում է քաղաքական կողմնորոշիչները՝ ընդհուպ մոտենալով «հարաբերություններ հանուն հարաբերությունների» ինքնանպատակ պատին: Եթե Սերժ Սարգսյանը շարունակի զբաղվել հայ-թուրքական հարաբերություններով, ապա գնացքի մեր հաջորդ կայարանը հաստատապես Անհայտությունն է լինելու: Եվ այնտեղ հայտնվելու է ոչ միայն նա, այլեւ մենք բոլորս: Եվ մեր երկիրը:
4.
Ինչի մասին են լռում կրիաները
Հայ ժողովուրդը շատ է նման կրիաներին: Լռակյաց, ինքն իր զրահի մեջ ներքաշված, վտանգի պահին՝ գլուխն այդ նույն զրահի մեջ թաքցնող, ատամնազուրկ, փոփոխությունների հանդեպ ծայրահեղ զգույշ, միաժամանակ կայունության, երկարակեցության եւ իմաստնության խորհրդանիշ համարվող կրիաները մեզ նման են նաեւ այլ հատկանիշներով՝ չեն ճչում, եթե անգամ նրանց նետես եռացող ջրի մեջ: Ընդ որում՝ ունենալով հրաշալի զարգացած տեսողություն, լսողություն եւ հոտառություն, կրիաները հստակ տեսնում են, թե ուր են իրենց նետում:
Մենք ընդհուպ մոտեցել ենք աշխարհաքաղաքական եռացող կաթսային, որի կրակի մեջ են նետում հարյուրամյա թշնամության եւ ահռելի մեղքի չոր փայտերը: Աշխարհաքաղաքական կրքերի խառնարանում մեզ կարող են երկու մատով պոկել եւ նետել եռացող կաթսան:
Իսկ ինչի՞ մասին են լռում կրիաները: Գուցե նրա՞, որ անգլիական նավերը դարձյալ անկարող կլինեն բարձրանալ Արարատ սարը, որ Օբաման կգնա Վիլսոնի ոտնահետքերով՝ գծելով հայկական սահմանները, սակայն աշխարհաքաղաքական փոփոխությունների հետեւանքով իրականության չվերածելով դրանք, որ Ռուսաստանը կուշանա կամ ճանապարհի կեսից կհիշի, որ կարեւոր բան է մոռացել եւ ետ կդառնա, իսկ համաշխարհային պատմագրությունը կարձանագրի, որ հայկական հարցը 21-րդ դարում ստացավ իր լուծումը: Մեծ հաշվով, դա ճշմարտությունից շատ հեռու չի լինի:
Գուցե հենց սրա՞ մասին են լռում կրիաները: Նրանք ճչալ չեն կարող անգամ վտանգի պահին: Բայց չէ՞ որ մենք ընդամենը նման ենք կրիաներին, սակայն կրիաներ չենք:
Կրիաների պաշտպանության ամերիկյան ընկերակցության առաջարկով 2000 թ. ի վեր մայիսի 23-ը նշվում է որպես Կրիաների պաշտպանության համաշխարհային օր (World Turtle Day): Կրիաներն էլ, ինչպես մենք՝ հայերս, խիստ անպաշտպան են: Նրանք հայտնվում են որսորդական ցանցերում, լողափերին՝ ցելոֆանե տոպրակներում, կենդանական խանութներում, ծովահենների նավերում, ռեստորաններում, մանկական սենյակներում՝ դառնալով կենդանի խաղալիքներ:
Կրիաների մասին հանրագիտարանային տեղեկությունները վկայում են առանձնահատուկ մի երեւույթ: Երբ գալիս է ձվադրման ժամանակը՝ կանաչ կրիաները մոտ 2000 կիլոմետր կտրում եւ հասնում են այն երկիրը, որտեղ ծնվել են: Այդ հսկայական տարածությունը նրանք հաղթահարում են եւ ետ դառնում՝ իրենց բնական հոտառության եւ տեսողության շնորհիվ: Այդ վայրը, ուր նրանք մեկնում են շարունակելու իրենց տեսակը, մարդկային լեզվով հայրենիք է կոչվում:
Մենք գուցե հենց այդ կանաչ կրիաներն ենք եւ չենք կարող մեզ զրկել մեր հայրենիքը վերադառնալու հույսից: