Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Մայիս 07,2009 00:00

Մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության պաշտոնական ժամանակաշրջանը, որը կտեւի մինչեւ մայիսի 29-ը:

Ինչպես հայտնի է, ընտրություններին մասնակցելու համար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է վեց կուսակցություն եւ մեկ դաշինք: Սրանցից յուրաքանչյուրը փորձելու է ընտրողներին համոզել, որ հենց ինքն է արժանի ստանձնելու մայրաքաղաքի ղեկավարությունը: Իսկ ինչպե՞ս պիտի աշխատեն լրատվամիջոցները: Այ, հենց այս հարցի պատասխանը տալու համար է, որ «Առավոտի» ընթերցողների խմբագիրը (օմբուդսմանը) ընտրություններին ընդառաջ որոշել է հիշեցնել հատվածներ այն կանոններից, որ ընդունել է եւ որոնցով պիտի առաջնորդվի թերթը:

Առաջինը «Առավոտի» Կանոնագիրն է, որի որոշ կետեր արժե մեջբերել.

1. «Առավոտի» լրագրողները խստորեն սահմանազատում են լրատվությունը մեկնաբանություններից. լուրի եւ ռեպորտաժի մեջ չեն ներդնում սեփական դատողություններն ու էմոցիաները:

2. «Առավոտի» լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար: Այն անձը կամ կազմակերպությունը, որի մասին նյութում բացասական կարծիք կամ մեղադրանք է հնչեցվում, հնարավորություն ունի «Առավոտի» նույն նյութում կամ հաջորդ օրերին տպագրվելիք նյութերում պարզաբանում կամ պատասխան տալ:

3. «Առավոտի» լրագրողները սեփական մեկնաբանություններում զերծ են մնում վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից:

4. «Առավոտը» չի արտահայտում որեւէ քաղաքական խմբի տեսակետը: «Առավոտը» բաց է անխտիր բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների առջեւ՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե այդ տեսակետները չեն պարունակում որեւէ մեկի հասցեին անձնական վիրավորանք: «Առավոտի» լրագրողներն ու խմբագիրը աշխատում են հավասարակշռել արտահայտած տեսակետը՝ նույն խնդրով ընդդիմախոսի տեսակետով:

Սրանք ամենօրյա կանոններ են: Սակայն ընտրությունների շրջանում դրանց հետեւելն ավելի օրախնդիր է դառնում:

Հաջորդը՝ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Վարքականոնին (որը ստորագրել է նաեւ «Առավոտը») կից «Ընտրությունների եւ հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ» հռչակագիրն է:

Դրանով Վարքականոնը ստորագրած ԶԼՄ-ները պարտավորվել են.

1. Բոլոր կուսակցությունների եւ թեկնածուների նկատմամբ լինել հանդուրժող,

2. չվիրավորել թեկնածուների անձը, չծաղրել նրանց հայացքներն ու տեսակետները,

3. չհրապարակել թեկնածուների հասցեին զրպարտություն, շանտաժ ու սպառնալիք պարունակող նյութեր,

4. բոլոր թեկնածուներին իրենց ծրագրերը եւ տեսակետները ներկայացնելու համար լրատվամիջոցում հավասար հնարավորություն տալ, վճարովի տեղ կամ եթերաժամ հատկացնելիս լրատվամիջոցում ապահովել հավասար սակագնային պայմաններ,

5. չհրապարակել քողարկված քաղաքական գովազդ պարունակող նյութեր: Այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին աջակցող խմբերի կողմից հրապարակման ներկայացված (վճարովի կամ անվճար) կամ նրանց պատվերով պատրաստված նյութերը հստակ առանձնացնել այլ նյութերից կամ այդ մասին նշում կատարել,

6. հեռարձակվող լրատվամիջոցները պետք է ձեռնպահ մնան որեւէ կոնկրետ թեկնածուի կամ կուսակցության աջակցելուց, իսկ տպագիր լրատվամիջոցները նման մտադրություն ունենալու դեպքում այդ մասին նախապես եւ հստակ հայտարարեն:

Պետք է անպայման նկատի ունենալ նաեւ, որ, ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ՝ «Հերքման եւ պատասխանի իրավունքը» հոդվածի 4-րդ կետի՝ «Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեկնածուի մասին տարածված տեղեկատվության հերքումը կատարվում է 24 ժամվա ընթացքում: Եթե մինչեւ քվեարկության սկիզբը մնացել է ոչ ավելի, քան 24 ժամ, ապա հերքումը կատարվում է դրա մասին պահանջն ստանալուն պես»:

Վերջապես, հարկ եմ համարում հիշեցնել ընթերցողներին, որ «Առավոտի» ընթերցողների խմբագիրը (օմբուդսմանը) աչալրջորեն հետեւելու է վերոհիշյալ նորմերի պահպանմանը թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել