Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ՝ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ

Մայիս 07,2009 00:00

Արմավիրի մարզխորհրդի վերջին՝ ապրիլի 28-ի նիստը մարզի մի շարք համայնքապետերի «սեւ օրերից» մեկն էր: Խոսքը այն համայնքապետերի մասին է, ովքեր սեփական եկամուտների հավաքագրման հարցում առանձնապես չեն հաջողում: 20 համայնք, մասնավորապես՝ Հովտամեջ, Արտաշար, Արաքս, Մարգարա, Բերքաշատ, Վանանդ, Արտամետ, Հուշակերտ եւ եւս 12 գյուղ հավաքագրումների 10%-ից ցածր եկամուտ է ապահովել:

Նշվածների մեջ նաեւ սահմանամերձ գյուղեր են, որոնք սահմանային հողերի մշակման, հետեւաբար՝ եկամուտների ապահովման լուրջ խնդիրներ ունեն: Սահմանամերձ գյուղերի հողերի մասին՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Իսկ ըստ Արմավիրի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանի, իրենց պարտավորություններում թերացած գյուղապետերն ասել են, որ հավաքագրման խոսուն ցուցանիշ կարող են ներկայացնել միայն մայիսից հետո, երբ գյուղացիները բանջարաբոստանային որոշ կուլտուրաներ արդեն իրացրած կլինեն: Վարազդատ Մկրտչյանը կիսում է գյուղացիների կարծիքը: Ըստ նրա, Արմավիրը գյուղատնտեսական մարզ է եւ գյուղացու ձեռքը գումար է գալիս միայն բերքի իրացումից հետո: Իսկ մինչ այդ գյուղացին, որպես կանոն, վարկ է վերցնում եւ ներդնում հատկապես ջերմոցային տնտեսության մեջ: Մայիս-հունիս ամսից, երբ պտուղբանջարեղենն արդեն շուկա է հանում, գյուղացին դառնում է ավելի վճարունակ:

Մարզպետարանում, սակայն, չեն կարծում, թե գյուղապետերը կարող են «թաքնվել» գյուղացու թիկունքում: Եթե պետությունը համայնքների նկատմամբ իր պարտականություններում չի թերանում, այսինքն՝ ժամանակին դոտացիա է տալիս, նշանակում է՝ համայնքներն էլ իրենց պարտականություններում պետք է կարգապահ լինեն, գյուղապետերին ասել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Հավաքագրման ցուցանիշ չապահոված գյուղապետերին մարզպետը ժամանակ է տվել. եթե առաջին կիսամյակի կտրվածքով՝ մինչեւ հունիսի վերջ, հավաքագրման տեմպերը նույն մակարդակի վրա մնան, մարզպետը նրանց անվստահություն հայտնելու միջնորդությամբ հանդես կգա:

Ի դեպ, հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը մեր թերթին ասել էր, որ եթե համայնքապետերը աղբահանության հարցով լրջորեն չզբաղվեն, ապա… նրանց անվստահություն հայտնելու միջնորդությամբ հանդես կգա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել