1991 թվականի մայիսի 6-ի վաղ առավոտյան Ոսկեպարի անտառում խորհրդային զինուժի դարանակալ հարձակումից զոհվեց Նոյեմբերյանի ՆԳ բաժնի 14 աշխատակից: Նրանց տասնյակ ընկերները խորհրդային զինծառայողների կողմից գերեվարվեցին եւ ամիսներ շարունակ տանջվեցին ադրբեջանական բանտերում: 18 տարի անց դեռեւս մինչեւ վերջ չեն պարզվել այս դեպքի շատ հանգամանքներ, սակայն աներկբա է, որ ոստիկանները նահատակվեցին վասն հայրենյաց:
2009 թվականի մայիսի 6-ին, ընդունված ավանդույթի համաձայն, Նոյեմբերյան քաղաքում հիշատակի միջոցառում կայացավ: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի շենքում «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միություն» հասարակական կազմակերպությունը «Փառապանծ մարտիկ» մեդալով հետմահու պարգեւատրեց նոյեմբերյանցի զոհված ոստիկաններին: Այնուհետեւ նոյեմբերյանցի զոհված ոստիկանների հարազատները, մարտական ընկերները, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Նոյեմբերյանի բաժնի, Նոյեմբերյանի քաղաքապետարանի աշխատակիցները, ազատամարտիկներ, զինվորականներ, Նոյեմբերյանի հարյուրավոր բնակիչներ ծաղիկներ դրեցին Նոյեմբերյանում գտնվող զոհված ոստիկանների հուշարձանին: