Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻՏԱՐ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մայիս 07,2009 00:00

Հարուստ էջմիածինցիների համար «բարեկեցիկ» պայմաններ են ստեղծվում նաեւ հետմահու, կարիքավորներին էլ չեն մոռանում:

\"\"
Ցավոք, մենք դեռ հեռու ենք քաղաքակիրթ աշխարհից, ուր գերեզմանները, այդ թվում՝ զինվորական պանթեոնները, ընդամենը վերջին հանգրվանն են:

Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի՝ պաշտոնապես Վաղարշապատի, խոսակցական բառապաշարում՝ Էջմիածնի Չոբանքարա կոչվող թաղամասում, 27 հեկտար տարածության վրա գերեզմանային նոր բիզնես է սկսել Մովսես Եղյանին պատկանող ՍՊԸ-ն:

Ի տարբերություն քաղաքի այլեւս փակ երեք գերեզմանատների, որտեղ հիմա թաղումներ կարող են կատարել միայն ընտանեկան գերեզմաններ ունեցողները, եւ որը անվճար լինելու շնորհիվ հասանելի է եղել բոլորին, Չոբանքարայի գերեզմանոցի դեպքում այդ հավասարությունը չկա: Արդի հայերենով ասած՝ սա էլիտար գերեզմանոց է, որտեղ հուղարկավորում եւ հուղարկավորելու են ունեւորներին:

Արմավիրի մարզպետարանից մեզ տրամադրած տեղեկության մեջ նշվում է, որ վճարովի գերեզմանոցի սեփականատերը 3X4 մ-ի վրա բետոնապատում է գերեզմանափոսը, տրամադրում հուղարկավորության մեքենա, կատարում սգո բոլոր ծառայությունները՝ սգյալների հարազատներին «անհանգստացնելով» միայն ֆինանսապես: Էլիտար գերեզմանոցում ամեն ինչ բարձրակարգ է լինելու. հանգուցյալի հարազատները այլեւս ստիպված չեն լինի ոտնատակ անել այլոց շիրիմները՝ իրենցին հասնելու համար: Սեփականատերը հոգացել է, որ շիրիմները լինեն շարքով ու կարգով: Դրա համար հատուկ ճարտարապետներ են հրավիրվել ու նախագծման աշխատանքներ կատարվել: Իմիջիայլոց նկատենք, որ շարքեր, կարգեր, գերեզմանատան հստակ սահմաններ կային դեռ խորհրդային տարիներից, պարզապես հետխորհրդային ժամանակներում սկսեց գերիշխել «լավ տղա եմ» հոգեբանությունը եւ շիրիմներ հայտնվեցին ինչպես գերեզմանատների անցուղիներում, այնպես էլ՝ գերեզմանատների սահմաններից դուրս:

Իսկ Էջմիածնի «էլիտար» գերեզմանատունը միայն կարգուկանոնով չի սահմանափակվելու: Շուտով գերեզմանոցի հարեւանությամբ նաեւ մատուռ կկանգնեցվի, որի հիմքը, ասում են, Վեհափառն արդեն օրհնել է:

Ծառայությունը թեեւ «ֆիքսված» գին ունի, բայց իրազեկները գերադասում են դրա մասին չխոսել: Ասում են, որ գործում է նաեւ զեղչային ճկուն համակարգ: Ենթադրվում է, որ գները կճկվեն հատկապես հանգուցյալի հարազատների ու ՍՊԸ-ի տիրոջ ծանոթության մակարդակին համապատասխան կամ՝ ըստ հանգուցյալի հարազատների ազդեցիկության աստիճանի:

Իսկ որտե՞ղ են թաղվելու աղքատ կամ ոչ այնքան ունեւոր մեռելները, եթե քաղաքի մնացած գերեզմանոցներում արդեն տարածքներ չեն տրամադրվում: Մարզպետարանի արդյունաբերության, բնակարանային եւ կոմունալ բաժնի պետ Գվիդոն Ղազարյանի ասելով՝ կրկին այս գերեզմանոցում: Ըստ նրա՝ այդտեղ ներկայում 19 հանգուցյալ կա, որից 4-ի թաղումը ընկերությունն է կատարել՝ իր միջոցներով:

Թափառաշրջիկները եւս կարող են հանգիստ լինել. ետմահու նրանց մարմինները բաց երկնքի տակ չեն մնա. նորաստեղծ ՍՊԸ-ն կհոգա նաեւ նրանց առոք-փառոք հողին հանձնելու հարցերը:

Հ. Գ. Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է «Գերեզմանների կարգավորում» ընկերությունը, որը դրսում ապրող հայերին առաջարկում է Հայաստանում վերջին հանգրվան գտած հարազատների շիրիմների խնամքի եղանակներ՝ $25-85-ի սահմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել