«Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Իսախանյանից երեկ «Առավոտը» ստացել էր նամակ: Նա տեղեկացնում է, որ «Առավոտից» է իմացել, որ ապրիլի 22-ին իրենց մոտ սպանվել է դատապարտյալ Բենիամին Բենիամինովը: Ի դեպ, այս սպանության հետ կապված արդարադատության նախարարության ՔԿՀ-ն դեռ պարզաբանումներ չի տվել: Նախնական վարկածի համաձայն, դատապարտյալ Բենիամին Բենիամինովը բռնվել էր փախուստի փորձ կատարելիս, տարվել էր տուգանային մեկուսարան ու այնտեղ սպանվել: «Ես, որ 3 եւ ավելի տարիներ պատիժ եմ կրում «Սեւանում», չեմ տեսել, որ աշխատակիցները ծեծեն դատապարտյալին»,- գրում է նա:
Դատապարտյալը հավելում է. «Ինչ վերաբերում է տվյալ փախուստի փորձ կատարողին, ասեմ, որ ես այդ ժամանակ ներկա եմ եղել, որ աշխատակիցները բռնել են նրան ու բերել մեկուսարան: Բենիամինին որեւէ մեկը չի դիպել, չեն ծեծել, քանի որ նա գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, անգիտակից վիճակում: Ես պարզ եմ ասում՝ լինելով նախկին ազատամարտիկ, ունենալով պարգեւներ՝ նախկին սխրանքների համար: Ուզում եմ հավատաք ինձ: «Սեւանի» աշխատակիցները չեն ծեծել նրան»: «Առավոտի» տեղեկություններով, նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար: Իսկ եթե, իրոք, դա այդպես է, ապա կարծում ենք՝ այս վկայությունը կարեւոր է այնքանով, որ խոսք է գնում սպանվածին վերջին անգամ տեսնողի, սպանվածի խմած լինելու եւ անգիտակից վիճակում գտնվելու մասին: Որքան տեղյակ ենք՝ քրեակատարողական հիմնարկում չեն խմում եւ անգիտակից չեն լինում: Այսինքն՝ դրանք հանգամանքներ են, որոնք կարող են նոր բացահայտումներ անել այս սպանության գործով: