Կանաչ գոտու հաշվին եւս մեկ սրճարան կբացվի
Երեկ Կենտրոն համայնքի մի խումբ բնակիչներ «Առավոտին» էին ահազանգել, մտահոգություն հայտնելով, որ Պուշկինի անվան դպրոցի դիմաց՝ Օղակաձեւ այգում մի քանի մետր կանաչ տարածք պաստառապատել են եւ պատրաստվում են կանաչ գոտու հաշվին ինչ-որ օբյեկտ կառուցել: Բնակիչների խոսքերով՝ «Կրկին ուզում են այգու հաշվին սրճարան կամ որեւէ օբյեկտ կառուցել, Երեւանի քաղաքապետը հայտարարել էր, որ ամեն մի կտրած ծառին տեր է կանգնելու: Բա կանաչ տարածք են վերացնում, էդ ո՞նց է տեր կանգնում»:
«Առավոտը» երեկ եղավ բնակիչների մատնանշած հասցեում: Օղակաձեւ այգում, «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ, իսկապես հսկայական տարածք էր պաստառապատված եւ շինաշխատանքներ էին ընթանում: Մեր այցելության պահին բանվորներն արդեն որոշ տարածք կանաչից մաքրել էին եւ տեղանքը նախապատրաստում էին սրճարան հիմնելու համար:
Սրճարանի համար նախատեսված տարածքն ընդհանուր առմամբ 500 քմ էր, տարածքի սեփականատերը «Երեւանյան երեկոներ» ընկերությունն է: «Երեւանյան երեկոների» պատասխանատուները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ 500 քմ-ում բացօթյա սրճարան են կառուցելու:
Տարածքի սեփականատեր Արայիկ Խաչատրյանն «Առավոտին» վստահեցրեց, որ ինքն այդ տարածքը ձեռք է բերել դեռեւս 2000 թվականին, իսկ 2009 թվականի մայիսի 4-ին Երեւանի քաղաքապետարանից ստացել է սրճարան կառուցելու շինթույլտվություն: Ա. Խաչատրյանը մեզ ներկայացրեց քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերը, որով հաստատվում էր սրճարան կառուցելու թույլտվությունը: Մեր հարցին, թե տարածքում եղած ծառերի հաշվի՞ն պետք է սրճարանը կառուցվի, սեփականատերը հավաստեց, որ «Ոչ մի հատիկ ծառ չի հատվելու, կարող եք ամեն օր գալ ու աշխատանքներին հետեւել: Մոտ 9 տարի է՝ այս տարածքը իմն է ու այս տարիների ընթացքում բնակիչներն իրենց աղբը լցրել են այստեղ ու ես ամեն 10 օրը մեկ իրենց թափած աղբը մաքրել եմ տվել, բա ինչո՞ւ այդ մասին բնակիչները չեն ասում: Ես կենտրոնում մեծացած տղա եմ, գյուղից-մյուղից եկած չեմ, որ բնակիչները դժգոհում են՝ իբր եսիմ որտեղից եկել ու քաղաքին են տիրանում»: Ըստ սեփականատիրոջ՝ տեղում «կոկիկ սրճարան է կառուցվելու»: