Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ», PR ԱԿՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ, ՏԵՂ ՈՒ ԴԱԴԱՐ ՉԿԱՐ

Մայիս 07,2009 00:00

\"\"Ինչի հետեւանքով մարզերի շատ բնակիչներ՝ պետպատվերի ուղեգիրը ձեռքներին, ստիպված են եղել հետ գնալ

Ամիսներ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, PR ակցիա նախաձեռնեց՝ հանրապետության մարզերի բնակիչներին տրամադրելով անվճար բուժօգնություն: Հանրապետականներին սատարող բուժհիմնարկներից բժիշկների անձնակազմ ուղեւորվեց մարզեր: Հետազոտությունից սկսած մինչեւ բուժում՝ բնակիչների համար անվճար էր:

Եթե ՀՀԿ-ի ակցիան ինչ-որ չափով հաջողվեց, ու քաղաքացիները դժգոհելու առիթ չունեցան, ապա վերջերս Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած ակցիայից մասնավորապես մարզերի շատ բնակիչներ տուժեցին: Այսպես՝ ապրիլ ամսվա ընթացքում, ԲՀԿ-ի հովանավորությամբ, «Էրեբունի բժշկական կենտրոնում» մայրաքաղաքի բնակիչներին անվճար բուժօգնություն էր մատուցվում:

Ակցիայի օրերին հիվանդանոցի 5 մասնաշենքերի հիվանդասենյակներում տեղ ու դադար չկար: Հիվանդանոցն այնքան էր ծանրաբեռնված հիվանդներով, որ սովորական պալատներում, նախատեսված 4 հիվանդից բացի, պառկած էին եւս 2-ը՝ «լեժանկաների» վրա: ԲՀԿ-ն ամեն միջոցի դիմել էր, որպեսզի բոլոր երեւանցիների առողջական գանգատները լսի ու բուժի: Սակայն այս ակցիայի բացասական հետեւանքներն ի հայտ եկան որոշ ժամանակ անց միայն: Բանն այն է, որ շատ հիվանդներ՝ մասնավորապես մարզերից, պետպատվերի ուղեգիրը ձեռքներին այցելելով «Էրեբունի» բուժկենտրոն, չեն կարողացել անհրաժեշտ ստացիոնար բուժում ստանալ: Բժիշկները նրանց հորդորել են նշանակված դեղերը խմել տանը եւ ավելորդ տեղը հիվանդանոցում չպառկել: Մինչդեռ «Առավոտին» դիմած բնակիչների ներկայացմամբ՝ իրենց բժշկի ցուցումներով իրենք անպայման պետք է բուժվեն հիվանդանոցային պայմաններում. «Ինչ է թե՝ հիվանդանոցում տեղ չկար, բժիշկներն ասում էին, որ պառկելու անհրաժեշտություն չկա: Բայց ես հեռավոր մարզից եկել-հասել եմ «Էրեբունի» հիվանդանոց, որպեսզի պառկեմ ու բուժվեմ: Ծախս եմ արել, մեքենա եմ բռնել, որ ինձ հետ տա՞ն»: Նույն վիճակում են եղել նաեւ առանց պետպատվերի բուժման եկածները: «Առավոտն» այս մասին մեծ թվով դժգոհություններ է ստացել: Ըստ դրանց՝ «Էրեբունիում» եղել են անգամ դեպքեր, երբ վիրահատության նախորդ օրը հիվանդներին չեն պառկեցրել հիվանդանոցում, այլ անհրաժեշտ անալիզները վերցնելուց եւ պրոցեդուրաներն անելուց հետո ուղարկել են տուն ու միայն առավոտյան են ընդունել, այն էլ՝ միանգամից վիրահատարանում: Չնայած ակցիան բարեգործական էր, սակայն այն հնարավորություն տվեց հիվանդանոցին լրացուցիչ գումարներ աշխատելու՝ VIP պալատների հաշվին: Սովորական պալատներում տեղ չլինելու հետեւանքով՝ մի շարք քաղաքացիներ օրական 10-20 հազար դրամ էին վճարում՝ բուժկենտրոնում բուժում եւ հետվիրահատական խնամք ստանալու նպատակով:

«Առավոտն» այս առնչությամբ պարզաբանումներ խնդրեց առողջապահության նախարարությունից: Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի խոսքերով, ընդհանրապես բոլոր բժշկական կենտրոններում շահագրգռված են ստացիոնար բուժում ստացողներին ընդունել, պառկեցնել ու պրոֆիլակտիկ բուժում անցկացնել, քանի որ դրանից է մեծ հաշվով հաստատությունը գումարներ ստանում. «Սակայն, եթե բժիշկներն ասել են, որ հիվանդին անհրաժեշտ չէ պառկել, բուժում ստանալ եւ նա կարող է գնալ տուն ու ընդունել իր դեղերը, ապա պառկեցնելու անհրաժեշտություն իսկապես չի առաջացել: Հնարավոր չէ, որ հիվանդին շտապօգնությունով տեղափոխեն ու «Էրեբունիում» չընդունեն՝ տեղ չլինելու պատճառով: Կամ, ասենք, խիստ անհրաժեշտ լինի հիվանդանոցային բուժումը, սակայն նրան ուղարկեն տուն»: Մեր հարցին, թե քանի՞ քաղաքացու են պետպատվերի ուղեգրով այդ ժամանակահատվածում ուղարկել «Էրեբունի բժշկական կենտրոնում» բուժվելու, պարոն Դարբինյանը դժվարացավ ասել՝ պատճառաբանելով, որ իրենք միանգամից 200-300 հոգու են պետպատվերի ուղեգիր տալիս:

«Էրեբունի բժշկական կենտրոնի» տնօրեն Արթուր Ռոստոմյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե հիվանդն իսկապես կարիք չի ունեցել ստացիոնար բուժման, հնարավոր է, որ իրենց բժիշկները նրան տուն ուղարկած լինեն: Մեր հարցին, հնարավո՞ր է, որ կարիք ունենալու դեպքում էլ բժիշկները տվյալ հիվանդին ուղարկեն տուն, նա պատասխանեց. «Եթե հիվանդին բուժելու անհրաժեշտություն կա, ապա անպայման պառկեցնում ենք»: Հարցին՝ իսկ եթե ազատ տեղ չկար բուժկենտրոնում, որտե՞ղ էին այդ հիվանդներին պառկեցնում, պարոն Ռոստոմյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է բացարձակապես տեղ չլինել: Լինում են դեպքեր, երբ հիվանդը կարիք չի ունենում բուժում անցնելու, սակայն պնդում է, որ պետք է պառկի մեզ մոտ, այդ ժամանակ մենք նրան հերթագրում ենք եւ անպայման պառկեցնում իր ժամանակին»: Այն հարցին էլ, թե ինչո՞ւ այլ բժշկի ուղեգիրը հաշվի չեն առել եւ այդ հիվանդներին էլ են տուն ուղարկել, հիվանդանոցի տնօրենն ասաց. «Շատ դեպքերում բժիշկները իրենց հիվանդներին անհիմն ուղարկում են հիվանդանոցներ՝ բուժվելու, բայց դրա փոխարեն կարող է մեզ մոտ կամ այլ հաստատությունում կարիք ունեցողը բուժվել»:

Մյուս հարցին, թե՝ վիրահատությունից մեկ օր առաջ կարելի՞ է հիվանդին տուն ուղարկել եւ հաջորդ օրն իսկ ընդունել վիրահատարանում, նա պատասխանեց. «Անհրաժեշտ հետազոտություններն անելուց հետո կարող ենք նրան ուղարկել տուն, մյուս օրն անել վիրահատությունը»: Թե որքա՞ն հիվանդ է պետպատվերի շրջանակներում հիվանդանոց այցելել, նա նույնպես չնշեց, ասաց միայն. «Մեկ ամսվա թվերն ինչպե՞ս ասեմ, եկեք միասին մատյանում կնայենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել