Կառավարությունը որոշել է թույլատրել հարկայինի աշխատակիցներին հսկողություն իրականացնել խոշոր հարկ վճարողների նկատմամբ:
Մեր պետական պաշտոնյաները բիզնեսմեններին պարբերաբար հիշեցնում են հարկերը վճարելու եւ պետության հանդեպ իրենց պարտավորությունները կատարելու մասին: Սակայն դժվար թե մինչ այսօր որեւէ գործարար ինքնակամ դուրս է եկել «ստվերից» ու հավատացել, որ կտրոն տրամադրելու դեպքում «շահում է ոչ միայն պետությունը, այլ նաեւ ինքը»: Ու քանի որ «կամավորական» հարկատուները, այսինքն՝ նրանք, որոնք տարաբնույթ մեթոդներով չեն փորձում մեր պետությունից թաքցնել իրենց եկամուտների իրական ծավալները, այնքան էլ շատ չեն, կառավարության անդամներն էլ որոշեցին «կոշտ» վարչարարության միջոցով նրանց «բերման ենթարկել» հարկային դաշտ: Առաջին քայլը հաշվիչ դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումն էր: Չնայած մեր գործարարները դարձյալ ելք գտան ՀԴՄ-ներից խուսափելու եւ կտրոններ չտրամադրելու համար, այնուամենայնիվ, տուգանքների ու ստուգումների արդյունքում Պետեկամուտների կոմիտեին հաջողվեց հասարակության համար բացահայտել եւ անգամ խոշոր հարկատուների ցանկում նշել մի քանի ընկերությունների անուններ, որոնք նախկինում երբեւէ աչքի չեն ընկել պետբյուջե վճարած հարկերի մեծությամբ:
Սակայն այս տարվա առաջին եռամսյակի հարկային մուտքերը ամփոփելուց հետո պարզվեց, որ ՀԴՄ-ները միայն մասամբ են արդարացրել կառավարության սպասելիքները: Ու քանի որ ճգնաժամի պարագայում պետությունը կանգնել է բյուջեի եկամուտների հավաքագրման խնդրի առջեւ, մնում է փնտրել այդ եկամուտների հավաքագրման առավել արդյունավետ միջոցը: Ու նորից թիրախ դարձան բիզնեսի ներկայացուցիչները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ այսուհետեւ օրենքով սահմանված դեպքերում Պետեկամուտների կոմիտեն կարող է հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակել, որի շնորհիվ հարկային մարմիններին հնարավորություն կընձեռվի հսկողություն իրականացնել հարկման առումով բարձր ռիսկային ոլորտների եւ խոշոր հարկ վճարողների նկատմամբ: Այսինքն, հարկայինի աշխատակիցը կարող է հանկարծակի հայտնվել որեւէ սուպերմարկետում, ստուգել պահեստները, ստացվող ապրանքների ցանկն ու հետեւել ՀԴՄ-ների կիրառման գործընթացին: Նկատի ունենալով հարկայինի աշխատակիցներից ոմանց ոչ այնքան անբասիր վարքը, կարելի է ենթադրել, թե ինչ խախտումներ կարձանագրի այս կամ այն պատգամավորին կամ պաշտոնյային պատկանող սուպերմարկետում «ստուգում անցկացնող» տեսուչը: Այսինքն, չի բացառվում, որ տեսուչը, որոշակի վերաբերմունքի դիմաց, անուշադրության մատնի կատարվող խախտումները: Նշենք, որ այս տարի արդեն «հարկային համակարգի ինքնամաքրման գործընթացի» արդյունքում հայտնաբերվել են տասնյակ տեսուչներ, որոնք հովանավորել են ապօրինի ձեռնարկատերերին, նրանցից 19-ի նկատմամբ իրականացվել է 19 ծառայողական քննություն:
«Առավոտին» դիմած գործարարներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ՝ հարկայինի հետ լրացուցիչ խնդիրներ չունենալու պատճառով, դժգոհեց կառավարության այս նոր նախաձեռնությունից: Նրա ներկայացմամբ, հարկային տեսուչի ներկայությունը իրենց համար լրացուցիչ հոգսեր կառաջացնի, քանի որ ստիպված են լինելու նրան իրենց եկամուտների եւ «ելքի ու մուտքի» մասին փաստաթղթեր տրամադրել, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ դադարեցնել խանութի գործունեությունն ու հաշվարկներ անել: Թերեւս, կառավարության կողմից հարկահավաքման նման մեխանիզմը կարող է դրական արդյունք ապահովել, բայց միայն՝ կարճաժամկետ առումով: