Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզպետների ու այլ պաշտոնյաների հետ հանդիպեց Թորոս գյուղի «Երեքնուկ» ռեստորանում:
Գյումրիի Մուշ 2 թաղամասում ընթացող բնակարանաշինական աշխատանքներին ծանոթանալու, մարզպետներին հանձնարարականներ տալու, երկրի տնտեսությանն ու տուրիզմին վերաբերող որոշ հարցեր քննարկելու նպատակով երեկ Գյումրիում էր կառավարության ղեկավարը: Վերջինս իր այցը սկսեց Մուշ 2 թաղամասից, բայց քանի որ հորդառատ անձրեւ էր, վարչապետի գալն ու շինհրապարակից հեռանալը՝ մեկ եղավ:
Տիգրան Սարգսյանը մարզպետներին «հավաքեց» Թորոս գյուղի «Երեքնուկ» ռեստորանում ու սկսեց խորհրդակցությունը: Ի դեպ, ռեստորանը պատկանում է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին, եւ այստեղ հատուկ ճաշկերույթ էին նախապատրաստել կառավարության ղեկավարի պատվին: Տեղավորվելուն պես՝ վարչապետը կատակով դիմեց «Գլենդել հիլզ» շինարարական կազմակերպության ղեկավարությանը՝ «Հատուկ ստեղծել էիք անձրեւային եղանակ, որ չտեսնեի՞նք ձեր բացթողումները»:
Քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանն էլ պատասխանեց, որ բացթողումներ չկան եւ հաշվետվություն ներկայացրեց բնակարանաշինության մասին: Մասնավորապես հիշեցրեց, որ այս տարի Գյումրիում պետք է կառուցվի 1320 բնակարան: Վարչապետին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ են շինարարներն ու բանվորները դժգոհում առաջարկվող աշխատավարձից, ինչո՞ւ են նրանք պնդում, որ Ռուսաստանում իրենց երկու անգամ ավելի են վճարում, իսկ Գյումրիում, շահագործում են՝ ելնելով քաղաքում մեծ թվով գործազուրկներ ունենալու փաստից: Դիմելով «Գլենդել հիլզի» տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Մելիքյանին՝ վարչապետը խնդրեց պարզաբանել այս հարցերը: Է. Մելիքյանի ներկայացմամբ. «Որեւէ ձեւով մեր ընկերությունը չի օգտվել այն հանգամանքից, որ տվյալ պահին աշխատուժի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը, եւ գործող գները նույնն են, ինչ որ ընկերության կողմից կիրառվում են Երեւանում, որտեղ նույնպես իրականացվում են լայնածավալ աշխատանքներ: Եվ եթե Ռուսաստանում վաստակում են ավելի շատ, չեմ կարող այդ հարցին որեւէ մեկնաբանություն տալ, ուղղակի Հայաստանում գործող գները նրանք են, որոնք կիրառվում են»:
Ամփոփելով Է. Մելիքյանի խոսքերը, վարչապետն ասաց. «Մեզ հավաստիացնում են, որ Գյումրիում կիրառվում են հայկական գներ, եւ աշխատավարձերն էլ, որ առաջարկվում են «Գլենդել հիլզի» կողմից, համապատասխանում են Հայաստանում ձեւավորված շուկայական աշխատավարձին, եւ որեւէ արհեստական ցածրացում չի կիրառվում, բայց որ մարդիկ պահանջում են աշխատավարձի բարձրացում, դա հասկանալի շարժում է, որը գոյություն ունի աշխարհի բոլոր երկրներում: Մարդիկ իրենց շահերի համար պետք է պայքարեն եւ պահանջեն «Գլենդել հիլզից», որ իր շահույթը նվազեցնի՝ աշխատավարձը բարձրացնի, նրանք էլ պետք է փորձեն խելամտության շրջանակներում առաջարկել այնպիսի աշխատավարձ, որն իսկապես համապատասխանում է շուկայական աշխատավարձին, հակառակ դեպքում՝ իրենց մոտ աշխատող չի մնա»:
Քննարկման հաջորդ թեման գյումրեցի անօթեւանների համար չափազանց տհաճ մի թեմայի՝ ԲԳՎ-ների՝ «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրի» մասին էր: Ըստ վարչապետի՝ 2 տարի անց այդ ծրագիրը նորից են գյումրեցիներին հրամցնելու. «Սկսենք ԲԳՎ տրամադրել, որպեսզի ինքնարժեքից ցածր չվաճառեն, մենք շատ զգույշ պետք է լինենք, եթե մենք հազար բնակարան ենք շահագործման հանձնում անօթեւաններին, հաստատ որոշ մասը որոշելու է վաճառել իր բնակարանը, եւ բնակարանային շուկայում առաջանալու է բնակարանների առաջարկ, եւ եթե հիմա մեզ մոտ բնակարանների գինը կազմելու է 1 քմ-ն 160 հազար դրամ, կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ մարդիկ իրենց բնակարանները հանեն վաճառքի եւ դրանց շուկայական գինը կտրուկ իջնի ու ավելի ցածր լինի, քան ինքնարժեքն է: Դա անթույլատրելի, վտանգավոր շեղում է, որը մենք որպես պետություն չպիտի թույլատրենք: Ավելի ձեռնտու կլինի, որ պետությունը ինքը բնակարանները ձեռք բերի շուկայական գնով եւ այն անօթեւանների համար, որոնք դեռ ցուցակում են»:
Խորհրդակցության թեմաներից մեկն էլ վերաբերում էր հայրենիքում տուրիզմը զարգացնելու հեռանկարներին: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում, վարչապետը մարզպետներին խիստ հանձնարարականներ տվեց, այն է՝ համոզել հայաստանցի օլիգարխներին այսուհետեւ հանգիստը անցկացնել ոչ թե արտասահմանում, այլ հայրենիքում, ասենք, Հայաստանի մարզերում կամ Ղարաբաղում: «Խոսքը $200-300 միլիոնի մասին է, մեր քաղաքացիները այդքան ծախսում են արտասահմանում, եթե նրանք իրենց ընտանիքով երկու-երեք շաբաթ հանգստանան հայրենիքում, մենք 2-3%-ի աճ կարձանագրենք, ճգնաժամը պետք է հնարավորություն տա ավելի լավ ճանաչել հայրենիքը»,- բյուջեն լցնելու այսպիսի ձեւ առաջարկեց վարչապետը: