Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե պետբյուջեից, այլ դատավորի գրպանից

Մայիս 07,2009 00:00

ՀԱԿ-ում կարծում են, որ ակնհայտ անարդար վճիռ կայացրած դատավորները պետք է դատապարտվողին փոխհատուցեն սեփական միջոցներով:

Հայտնի չէ՝ զուգադիպությո՞ւն, թե՞ օրինաչափություն է, բայց Երեւանի ավագանու ընտրությունների փուլում, երբ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է Հայաստանում օրինականության հաստատումն ու սահմանադրական կարգի վերականգնումը Երեւանից սկսելու մասին, Կոնգրեսում գործող հանձնախմբերից մեկը՝ իրավաբանական խումբը, ՀԱԿ-ին առաջարկել է քննարկել դատաիրավական ոլորտին առնչվող իր մշակած բարեփոխումների ծրագիրը:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, այդ ծրագիրը ՀԱԿ-ի իրավաբանական խումբը նպատակ ունի իրագործել իշխանափոխությունից անմիջապես հետո: Խոսքը վերաբերում է դատաիրավական ոլորտում օրենսդրական այնպիսի փոփոխություններին, որոնք կապված են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած վճիռների հետ: Ըստ հիշյալ առաջարկի, Եվրոպական դատարանում ՀՀ քաղաքացիների՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործերով ՄԻԵԴ-ում կայացված վճիռներով հայցվորների համար սահմանված ամբողջ փոխհատուցումը, որն այսօր մուծվում է ՀՀ պետբյուջեից, պետք է վճարվի դատական ակտն ընդունող դատավորի, իսկ քրեական գործերի դեպքում՝ նաեւ վարույթ իրականացնող մարմնի կողմից: Ընդ որում, խումբն առաջարկել է, որ նման դեպքերում կիրառվի հետեւյալ ձեւակերպումը՝ «ակնհայտ անարդար դատավճիռ կամ ակնհայտ անարդար դատական այլ ակտ, քրեական գործերով՝ ակնհայտ անարդար դատավճիռ, ակնհայտ անարդար դատական այլ ակտ», իսկ նախաքննության ընթացքում՝ ակնհայտ անարդար քրեադատավարական ակտ կայացրած պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ իրենց գույքով եւ նյութական միջոցներով: Խմբի կարծիքով, դրանով նախ՝ պետական բյուջեն հնարավոր կլինի զերծ պահել դատավորների կամայական եւ ապօրինի որոշումների պատճառով առաջացած ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումները վճարելուց, նաեւ՝ դատական եւ նախաքննական մարմիններին պահել «դամոկլյան սրի» տակ՝ իրենց կայացրած ապօրինի ակտերի համար «վարձահատույց» լինել սեփական ունեցվածքով եւ նյութական միջոցներով:

Ավելին, խմբի մշակած առաջարկում նախատեսվում է մի դրույթ, որում արձանագրված է, որ «ակնհայտ անարդար» իրավական ակտեր կայացրած պաշտոնատար անձանց համար այդպիսի «պատժի» սահմանումը չպետք է վաղեմության ժամկետ ունենա: «Առավոտի» հետ զրույցում խմբի անդամներից մեկը այս համատեքստում որպես օրինակ բերեց քաղբանտարկյալ Ժորա Սափեյանի դեպքը, որին 10 օր վարչական կալանքի ենթարկելու համար ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրեց Սափեյանի իրավունքների ոտնահարման համար փոխհատուցել 3000 եվրո գումար: «Կարելի է ենթադրել, թե քաղբանտարկյալների 100-ից ավելի գործերը, որոնք արդեն ուղարկվել են ՄԻԵԴ եւ պարունակում են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հիմնադրույթների կոպիտ խախտումներ, ԵԴ կողմից ինչ գնահատականի կարժանանան եւ ինչ չափի փոխհատուցումների մասին կարող է խոսք լինել: Բացառված չէ, որ որոշ դեպքերում ԵԴ-ն հիմնավոր կարող է համարել քաղբանտարկյալների գործերով Կոնվենցիայի մասնավորապես 3-րդ հոդվածի՝ «Խոշտանգումների անթույլատրելիություն» խախտումները»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանից ԵԴ ուղարկված գործերում այդպիսի խախտումներ են արձանագրվել մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանի գործերում, ում նկատմամբ, ըստ նրանց փաստաբանների, խախտվել է Կոնվենցիայի հենց այդ հոդվածը:

ՀԱԿ ներկայացուցչի ասելով, այդ հոդվածը խախտվել է նաեւ շատ այլ քաղկալանավորների դեպքում: Ըստ նրա, «այդ հոդվածի խախտումը ԵԴ-ում հաստատվելու դեպքում փոխհատուցման գումարը հասնում է մինչեւ 1 մլն եվրոյի: ՄԻԵԴ պրակտիկայում այդպիսի բազմաթիվ նախադեպեր կան»:

Մեր ունեցած տեղեկություններով, ՀԱԿ-ում իրավաբանական խմբի հիշյալ առաջարկությունը՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների ծրագրի առնչությամբ, հավանության է արժանացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել