Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Մայիս 07,2009 00:00

\"\"Առաջարկում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը

Տարիներ շարունակ ընդդիմությունը բոլոր նախագահներին, սկսած առաջինից մինչեւ այսօր գործող նախագահը, բոլորին անխտիր մեղադրում է Ղարաբաղը «ծախելու» մտադրության մեջ: Հետո պարզվում է՝ հերթական անգամ սխալվել է: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին «Առավոտը» հարցրեց՝ հերիք չէ՞ նույն բաները անընդհատ կրկնել: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «ծախու ապրանք» չէ, ինքնուրույն պետություն է՝ իր սահմանադրությամբ, իր զինանշանով, իր սահմաններով, պետության բոլոր խորհրդանշաններով եւ անկոտրում ժողովրդով. «ԼՂՀ-ն այդպես հեշտ ծախելու առարկա չէ, դա պետություն է, ընդ որում, ամենափոքրը չի աշխարհում: Բայց ձեր նշած անհանգստությունը հենց այնպես՝ օդից չի վերցված: Դուք ճիշտ նկատեցիք՝ սկսած առաջին նախագահից մինչ այսօր մենք կասկածում ենք, որովհետեւ կան այնպիսի բանաձեւեր, որոնք կիրառվում են, եւ որոնք հիմք են ծառայում հիմնավոր անհանգստությունների համար: Տեսեք, խոսվում է երեք սկզբունքների մասին, որոնց համաձայնել են կողմերը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ երրորդը՝ ուժի բացառումը: Ուրեմն ի՞նչը պիտի անհանգստացնի մեր հասարակությանը: Կարծում եմ, խնդիրը ինքնորոշման իրավունքի ճանաչումը չէ, այլ ԼՂՀ անկախության ճանաչումը: Այսինքն՝ մենք չէ, որ պետք է հնչեցնենք անքակտելի իրավունքներից մեկի ճանաչումը, ինքնորոշման իրավունքը դա սկզբունք չէ, դա մարդու իրավունք է, այնպես որ, այդ երկրորդ սկզբունքն ամենեւին հայկական դիվանագիտական եւ պետական մտքի գործիքը չպետք է լիներ»: Տարածքային ամբողջականության սկզբունքի մասով տիկին Ալավերդյանը նկատեց, որ եթե չի մանրամասնվում, թե ինչ սահմանների մասին է խոսքը, դա նշանակում է, որ խոսքը իրականում ՀՀ-Թուրքիա՝ Խորհրդային Միությունից ստացած սահմանների մասին է: Ուժի չկիրառման սկզբունքի հետ եւս տիկին Ալավերդյանը համամիտ չէ, որովհետեւ, նրա կարծիքով, Թուրքիան՝ 1993-ից, իսկ Ադրբեջանը ավելի վաղուց այդ ուժը կիրառում է. «Դա շրջափակումն է, որը ուժի կիրառման ձեւ է եւ պատերազմ վարելու ձեւերից մեկն է: Եվ երբ մերոնք ուղղակի ասում են, որ բացառվում է ուժի կիրառումը, նշանակում է լռելյայն ընդունում են, որ շրջափակումը ուժի կիրառում չէ»:

Տիկին Ալավերդյանին հիշեցնելով իր ղարաբաղցի լինելը՝ նկատեցինք, որ, օրինակ, մենք չենք ուզում մտածել կամ հավատալ, որ որեւէ մեկը Հայաստանում՝ լինի ղարաբաղցի կամ ոչ ղարաբաղցի, կարող է Ղարաբաղի հարցում գնալ ոչ հայանպաստ լուծումների: Պատգամավորը իր հատուկ կարծիքն ունի, այն է՝ անկախ իրավիճակից, եթե անգամ որեւէ մեկը որոշի ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, այն ոչ մի արժեք չի ունենա, եթե տվյալ փաստաթղթի տակ չլինի Ղարաբաղի ստորագրությունը. «Հայաստանում պետք է հասկանան, որ եթե անգամ լռելյայն ընդունվում են նման փաստաթղթեր, որոնք իրականում ոչ մի արժեք չունեն, դրանք հետագայում փաստ են դառնում, որից հետո այդ փաստերից շատ դժվար է հրաժարվել. ահավասիկ, Կարսի պայմանագիրը, որը մեզ փաթաթված է որպես ժառանգություն»:

Ներկայացնելով երկրի ներքաղաքական իրողությունները մարտի 1-ի դեպքերից հետո՝ տիկին Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ չի կարողանում կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները եւ այդ պատճառով «գնում է որոշ համաձայնությունների արտաքին հարաբերությունների հարցում, ընդ որում, ունենալով արդեն որոշակի փորձ՝ ոչինչ, կասենք՝ կանենք, բայց՝ չենք անի: Եվ ահա ձեր առաջին հարցի պատասխանը, թե ինչու ենք մենք շարունակ կասկածում մեր նախագահներին: Այսինքն՝ հույսը դրվում է այն բանի վրա, որ Ադրբեջանը չի համաձայնվի անգամ այն համեստ պահանջատիրությանը, որով հանդես է գալիս Հայաստանը, օրինակ՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ուղղակի ենթակայության ներքո, եւ դրանով կտապալվեն մինչ այս ձեռք բերված համաձայնագրերը»: Մեր զրուցակիցը արձագանքեց նաեւ երկրի վարչապետի հետ, որը նախորդ շաբաթ խորհրդարանում հայտարարել էր, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փոխվել 1990-ից ի վեր. «Այո, ՀՀ արտաքին քաղաքականությունը 1990-ից սկսած սխալ է ընթանում, մասնավորապես, ինչու ՀՀ-ն ոչ միայն չճանաչեց, այլեւ քայլ չի անում հստակեցնելու, թե Արցախի ո՞ր սահմանների մասին է խոսքը: Ես վստահ եմ՝ ՀՀ-ն իրավունք չունի որեւէ այլ քարտեզ կամ սահման պատկերացնել, քան այն, որը նշված է ԼՂՀ սահմանադրությամբ եւ օրենքներով եւ վերջապես, մինչ 1994-ի մայիսը վերամիավորված այն տարածքը, որը ամրագրված է ԼՂՀ սահմանադրության 142-րդ հոդվածով: Ես հանդես եմ գալու ԼՂՀ տարածքային ամբողջականության մասին հայտարարությամբ՝ նկատի ունենալով այն տարածքները, որոնք մինչ այսօր չի հաջողվել վերամիավորել. դա Գարդմանքն է, դա Ուտիքն է, դա Հյուսիսային Արցախն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել